Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, թեև այդ կախվածությունը չպետք է ամբողջությամբ նույնացնել Կրեմլից (կամ այնտեղ կայացվող վճիռներից) կախվածության հետ, ինչպես երբեմն արվում է՝որպես փաստարկ՝ ԵՏՄ-ին մեր անդամակցության օգտին։ Ավելին, մեր տնտեսությունում ռուսական սեփականությամբ ընկերությունների առկայության նշանակությունը մեծապես չափազանցվում է։ 3 հիմնական ուղիներ կան, որոնցով Հայաստանի տնտեսությունը կապված է Ռուսաստանի հետ։ 1․ Առաջինն ու […]
Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից, թեև այդ կախվածությունը չպետք է ամբողջությամբ նույնացնել Կրեմլից (կամ այնտեղ կայացվող վճիռներից) կախվածության հետ, ինչպես երբեմն արվում է՝որպես փաստարկ՝ ԵՏՄ-ին մեր անդամակցության օգտին։ Ավելին, մեր տնտեսությունում ռուսական սեփականությամբ ընկերությունների առկայության նշանակությունը մեծապես չափազանցվում է։
3 հիմնական ուղիներ կան, որոնցով Հայաստանի տնտեսությունը կապված է Ռուսաստանի հետ։
1․ Առաջինն ու հիմնականը արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած տրանսֆերտներն են։ Ընդհանրապես՝ տնտեսության չափերի (ՀՆԱ-ի) նկատմամբ տրանսֆերտների ծավալով Հայաստանն աշխարհում 7-րդ երկիրն է՝ Տաջիկստանից, Ղրղզստանից, Նեպալից, Մոլդովայից, Տոնգոյից ու Հայիթիից հետո։ Հայաստանն ստանում է իր ՀՆԱ-ի մոտ 20%-ի չափով տրանսֆերտներ (Գծագիր 1)։
Գծագիր 1․ ՀՀ ստացած արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները, ՀՆԱ նկատմամբ
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2014-ին Հայաստանն ստացել է մոտ 2 միլիարդ դոլարի տրանսֆերտ, ավելի քիչ, քան 2013-ին էր (մոտ 2.2 միլիարդ դոլար) (Գծագիր 2)։
Գծագիր 2․ՀՀ ստացած արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները, միլիարդ դոլար
Տրանսֆերտների մեծ մասը փոխանցվում է բանկային համակարգի միջոցով, սակայն մի մասն էլ ստացվում է առանց բանկային փոխանցումների (գրպանում դրված)։ ՀՀ ԿԲ-ն տալիս է բանկային համակարգի միջոցով ստացված տրանսֆերտների ծավալը, որտեղից երևում է, որ դրանց 80-90%-ը գալիս է Ռուսաստանից։
Տրանսֆերտների մասին խոսելիս, ոմանց երբեմն թվում է, թե Ռուսաստանը կարող է արգելք դնել դրանց չափի վրա, թեև նման բան Ռուսաստանը երբեք ոչ մի երկրի նկատմամբ չի արել: Միակ ձևը, որով Ռուսաստանը կարող է ազդել տրանսֆերտների կրճատման վրա, Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողներին խանգարելն է:
2․ Նշանակությամբ երկրորդ խողովակը, որով Հայաստանի տնտեսությունը կապվում է Ռուսաստանի հետ, մեր առևտրաշրջանառությունն է։ 2014-ին Հայաստանի առևտրաշրջանառության 23.2%-ն է բաժին ընկել Ռուսաստանին, մինչդեռ 28.2%-ը եղել է ԵՄ երկրներինի հետ առևտուրը։ Ընդ որում՝ երբ խոսքը գնում է արտահանման մասին, ապա դրա միայն 20.3%-ն է բաժին ընկնում Ռուսաստանին, իսկ Եվրամիություն է գնում մեր արտահանման մոտ 28.8%-ը՝ 2014-ի տվյալներով (Գծագիր 3)։ Այս տարվա ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառության տվյալները դեռ ամբողջական չեն, այդ պատճառով վիճակագրությունը չենք ներկայացնում։
Գծագիր 3. ՀՀ արտահանման կառուցվածքը 2014-ին
Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ դեռևս 1993-ից Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտուրն ազատականացված է՝ մաքսային դրույքաչափերը զրոյական են և չկան ոչ-սակագնային սահմանափակումներ։ Հետևաբար մեր երկրից Ռուսաստան արտահանման չափը կախված է Ռուսաստանում մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկից։ Թեև պաշտոնական վիճակագրությունը դեռ ամբողջական չէ, սակայն այս տարի ակնհայտորեն Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն առավել պակաս են լինելու անցած տարվա համեմատ՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացման պատճառով։
3․ Որպես երրորդ խողովակ, որով Ռուսաստանը ազդում է մեր տնտեսության վրա, հաճախ նշվում են ռուսական ներդրումներն ու Հայաստանում գտնվող այն ընկերությունները, որոնք անցել են Ռուսաստանի սեփականությանը կամ կառավարմանը։ Ռուսական կապի օպերատորներն ու բանկերը գործում են մրցակցային սկզբունքով և պատկանում են մասնավոր ռուսական ընկերությունների և անկախ են կառավարությունների վարած քաղաքականությունից։ Վրաց-ռուսական պատերազմը որևէ կերպ չազդեց Վրաստանում գտնվող ռուսական բանկերի կամ կապի օպերատորի գործունեության վրա։ Չլինեն այդ ընկերությունները ռուսական, կլինեն՝ ֆրանսիական, գերմանական, տեղական կապիտալով (կամ էլ՝ վերջիններս կգրավեն ռուսականի դիրքերը)։ Հետևաբար՝ այս ոլորտներում ռուսական կապիտալի առկայության փաստը որպես Ռուսաստանից մեր տնտեսության կախվածություն ներկայացնելը այնքան էլ տեղին չէ, հատկապես որ խոշոր ներդրումներ այդ ընկերություններն այլևս չեն էլ անում մեր երկրում։
Ինչ վերաբերում է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ հզորություններին, ապա նախ՝ ինչ էլ լինի՝ ֆիզիկապես այդ ընկերությունները Հայաստանի տարածքից ոչ ոք չի կարող հեռացնել, երկրորդ՝ սեփականության կամ կառավարման իրավունքը կարող է անցնել Հայաստանի կառավարությանը՝ քաղաքական նման վճռի դեպքում (ազգայնացում՝ որոշակի փոխհատուցմամբ)։
Օտարերկրյա զուտ ուղղակի ներդրումների ներհոսքի վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2014-ին դրանց մոտ 15%-ն է ռուսական եղել։ Միայն Միացյալ Թագավորությունն առավել մեծ կշիռ ունի այստեղ, էլ չասած ԵՄ մյուս երկրների մասին (գծագիր 4)։ Բնական կլիներ այն, որ մեր էներգետիկ հզորությունների հիմնական սեփականատեր հանդիսացող երկրի ընկերությունները առավել մեծ տեսակրար կշիռ ունենային ընդհանուր ներդրումներում , սակայն դա, մեղմ ասած, այդպես չէ։
Գծագիր 4․ Օտարերկրյա ներդրումների կառուցվածքը ՀՀ-ում 2014ին
Նկատենք նաև, որ օտարերկրյա զուտ ներդրումները Հայաստանում շատ քիչ են եղել 2014-ին՝ ընդամենը մոտ 167 միլիարդ դրամ կամ մոտ 350 միլիոն դոլար (ՀՆԱ-ի 3.3%-ը), ինչը չափազանց աննշան ցուցանիշ է։
Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության աստիճանի վերաբերյալ պատկերացումները չափազանցված են, հատկապես ռուսական ընկերությունների ու ռուսական կապիտալի մասով, ինչպես նաև որպես առևտրական գործընկեր։ Ռուսաստանից մեր կախվածության հիմնական գործոնը մնում են մասնավոր տրանսֆերտները, ինչը ավելի շատ կապված է արտագնա աշխատանքի մեկնած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, հետո նոր միայն Ռուսաստանի տնտեսության ընդհանուր վիճակի հետ։
Հրայր Մանուկյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»