Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին և միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսեյնը սոցցանցի X հարթակում հանդես են եկել տեսաուղերձով՝ իրենց մտահոգությունն արտահայտելով Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգիչ ճգնաժամից բխող հրատապ կարիքները լուծելու համար Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում է տրամադրում Հայաստանին։

«Անցած օրերին մենք կապ ենք հաստատել հայկական համայնքի մի քանի անդամների հետ։ Այս դժվար պահին մեր խոհերն այդ համայնքի հետ են։ Կանադան միշտ կլինի այնտեղ՝ օգնելու Հայաստանի ժողովրդին։ Այդ նպատակով մենք 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության ֆինանսավորում ենք տրամադրում Հայաստանին՝ հոգալու արհավիրքից փրկված Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները։ Մենք միշտ պաշտպանելու ենք ամենախոցելիներին»,- ասվում է տեսաուղերձում։