«Բավական է օգնել Հայաստանին». Բաց նամակ Շարլ Ազնավուրին

«Բավական է օգնել Հայաստանին». Բաց նամակ Շարլ Ազնավուրին
«Բավական է օգնել Հայաստանին». Բաց նամակ Շարլ Ազնավուրին

«Մեծարգո պարոն Ազնավուր
Դուք մեր հայրենիքի, ազգի հպարտությունն եք ողջ աշխարհում: Բազմիցս ձեռք եք մեկնել եւ օգնել Հայաստանի ժողովրդին:
Օգնել եք 88-ից սկսած` թե ֆինանսապես եւ թե Հայաստանի շահերը պաշտպանելով, ներկայացնելով ողջ աշխարհում: Հիմա ես` ՀՀ քաղաքացիս, գլուխ եմ խոնարհում Ձեր առջեւ եւ ասում եմ` ԲԱՎԱԿԱՆ Է:

Բավական է օգնել Հայաստանին, պետք է անկախությունից 2 տասնամյակ անց ունենանք Հայաստան, որն օգնության կարիք չունի: Հայաստան, որն ուժեղ է ինքն իրենով եւ չունի աղետի գոտիներին բնորոշ տարեկան մարաթոններ:

Հայաստան, որի քաղաքացիները կոշիկ եւ հաց գնելու համար չպետք է լքեն իրենց հողը, ընտանիքները եւ մեկնեն այլ երկրներ` գումար վաստակելու: Հայաստան, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջեւ` անկախ իրենց ազգականների ով լինելուց: Եվ վերջապես Հայաստան, որն աշխարհում առաջին հերթին պետք է ներկայանա ինքն իրենով:

Ո ՞ւմ է պետք կիսադատարկ, աղքատ, կոտրված ոգով, օլիգարխիկ Հայաստան:

Արդյո ՞ք սրա համար էիք Դուք եւ շատ ու շատ հայ մարդիկ պայքարում: Այսօր հայ մարդն այլեւս չի կարողանում հանդուրժել այս ամենը, եւ օր օրի ավելի է մեծանում անդունդը ժողովրդի եւ իշխանության միջեւ: Այս ամենը 4,5 տարի հետո կարող է հանգեցնել աղետալի իրադարձությունների Հայաստանի եւ հայի համար:

Եվ հիմա ես, որպես հայրենակից, կանչում եմ Ձեզ Հայաստան:

Կանչում եմ ոչ թե օգնելու ինձ կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ ուղղակի հրավիրում եմ Ձեզ` կանգնել հայ ժողովրդի կողքին, տեր կանգնել նաեւ Ձեր ձեռքերով կերտած Հայաստանին ու հայաստանցուն:

Ապրիլի 9-ին հայաստանցիների մեծ մասը լինելու է Հանրապետության հրապարակում, սպասելու են Ձեզ եւ իրենց մյուս զավակներին, եղբայրներին եւ քույրերին: Որտեղ երդվելու է ժողովրդի կողմից ընտրված նախագահը:

Հրավիրում եմ Ձեզ` գալ եւ կանգնել այդ օրը հարյուր հազարավոր Ձեր հայրենակիցների կողքին, գալ եւ ուղղակի լինել այնտեղ, որտեղ Ձեր ժողովուրդն է:

Ես հավատում եմ, որ Դուք կգաք, եւ սպասելու եմ Ձեզ Հանրապետության հրապարակում, ապրիլի 9-ին»։

Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ քաղաքացի Ալեն Սիմոնյան

© Medialab.am