Second hand. ըստ մասնագետների, օգտագործված եվրոպական հագուստը կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ

Second hand. ըստ մասնագետների, օգտագործված եվրոպական հագուստը կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ
Second hand. ըստ մասնագետների, օգտագործված եվրոպական հագուստը կարող է մաշկաբորբի պատճառ դառնալ

Մաշկաբանները զգուշացնում են՝ արտերկրից բերված եւ արդեն օգտագործված հագուստը կարող է մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ, քանի որ հայտնի չէ, արդյոք այդ հագուստի առեւտրով զբաղվող խանութները եւ այն ներկրող ընկերություններն ու անհատները այն անհրաժեշտ մշակման ենթարկում են, թե՞ ոչ:
Ավելի քան 35 տոկոսանոց պաշտոնական աղքատության պայմաններում շատ հայաստանցիների համար փրկություն են դարձել այսպես կոչված Second hand (երկրորդ ձեռքից) եվրոպական հագուստները, որոնք թեպետ օգտագործված են, բայց նոր տեսք ունեն ու 5-10 անգամ ավելի մատչելի են, քան որակյալ նոր հագուստները, ու ավելի դիմացկուն, քան համեմատաբար էժան նորը:
Սակայն, պատկան մարմինների անուշադրության պատճառով Հայաստանի համար նորահայտ այս բիզնեսը, ըստ մաշկաբանների կարող է վտանգավոր լինել՝ անհրաժեշտ մշակման բացակայության դեպքում:
«Օգտագործված հագուստը վաճառելուց առաջ ախտահանվում է քիմիական նյութերով, որոնք կարող են կոնտակտային դերմատիտի պատճառ դառնալ, երբ մաշկը այտուցվում է, քոր է գալիս: Բացի մաշկաբորբից` միշտ կա ալերգիայի վտանգ: Հաճախ այդ քիմիական նյութերին հատուկ հավելումներ են ավելացնում, որպեսզի հետո հոտը չզգացվի, իսկ այդ հավելումները կարող են ալերգիաների պատճառ դառնալ», – ասում է մաշկաբան-վեներոլոգ Սահակ Հակոբյանը:

«Ենթադրում եմ, որ ախտահանումը այնպիսի նյութերով է արվում, որ պետք է բացառել հագուստի ոջիլի առկայությունը, բայց չենք կարող համոզված լինել, դրա համար նախ պետք է իմանալ՝ ինչ նյութեր են օգտագործվում, կարծում եմ ախտահանումից հետո որոշ մշակում էլ պետք է անցնի, որ բացառվեն նման դեպքերը», – հավելում է մաշկաբանը:

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ ով ցանկացավ անանուն մնալ, ասում է, որ օգտագրծված հագուստի խանութների մասին պատահաբար իմացել է, երբ 3 տարեկան տղայի հետ Երեւան էր եկել.

«Երեւանում բնակվող մեր բարեկամը խորհուրդ տվեց մտնել եվրոպական հագուստի խանութ, ասաց, որ էժան է ու իրենք էլ է այդ խանութից գնումներ անում: Մի քանի շոր ու տղայիս համար էլ գլխարկ առա ու հենց ավտոկայանում էլ գլխին դրեցի: Երեւանից մեր տուն մի քանի ժամվա ճանապարհ է: Նախքան տուն հասնելը երեխան անընդհատ ճակատին ձեռք էր տալիս, հանեցի գլխարկը ու տեսա, որ անբնական կարմրել է ճակատի մի հատվածը»:

«Մի քանի ժամ հետո հասկացանք, որ ալերգիա է: Հիվանդանոց գնացինք, ներարկեցին, դեղեր տվեցին: Բժիշկն ասաց, որ երեխայի մաշկը զգայուն է ու չի կարելի նման խանութներից նրա համար շորեր առնել», – «Մեդիալաբին» ասում է նա:

Սակայն, Երեւանում գործող եվրոպական օգտագործված հագուստ վաճառող խանութները «Մեդիալաբի» հարցումներին ի պատասխան նշել են, որ տեղեկություն չեն տրամադրում հագուստը ախտահանող նյութերի վերաբերյալ: Սակայն հավատացրել են, որ «ամեն ինչ անվտանգ է»:

«Դրա համար միջազգային չափանիշներ կան, դրա վրա մի ամբողջ գործարան է աշխատում, մենք չենք կարող ասել՝ հատկապես ինչ նյութերով է արվում ախտահանումը, իրենք մեզ ուղղակի ասում են, որ ախտահանված է ու հագուստից էլ սպեցիֆիկ հոտ է գալիս, դրանից արդեն երեւում է, որ ախտահանված է»,- ասում է Երեւանում գործող «Second hand խանութի աշխատակիցը:

«Բոլորը գիտեն, որ դա օգտագործված հագուստ է, դա գաղտնիք չէ, բա ինչի համար ենք գրել second hand է,- հավելում է նա:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածում ասվում է, որ սպառողը իրավունք ունի իրացվող ապրանքի վերաբերյալ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկատվություն ստանալու:

«Սպառողների ասոցիացա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նշում է, որ եվրոպական հագուստ վաճառող խանութներն այլեւս Հայաստանի քաղաքացիներից շատերի համար հագնվելու կարիքը հոգալու միակ վայրն են:

«Ոչինչ չես կարող անել, մարդը հնարավորություն չունի: Այլ հարց է, որ խանութները անպայման պետք է նշեն, որ դա օգտագործված հագուստ է, օրենքն ասում է, որ իրացնողը պարտավոր է գնորդին վաճառվող ապրանքի մասին ստույգ ինֆորմացիա տրամադրել, ապրանքի ծագումը թաքցնելն արգելված է», – զգուշացնում է նա:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն ասում է, որ առաղջապահության նախարուրության լիազորությունների մեջ չի մտնում այս ոլորտի վերահսկողությունը.

«Մենք ոչ մի անգամ բողոք չենք ստացել, համենայնդեպս քաղաքացիները մեզ չեն դիմել: Եթե բողոքներ լինեն, իհարկե, կարձագանքենք, բայց առայժմ սա մեր լիազորությունների մեջ չի մտնում»:

 

Աստղիկ Հակոբյան

© Medialab.am