Ինչ նոր իրավիճակ է առաջացել Հայաստանում

Ինչ նոր իրավիճակ է առաջացել Հայաստանում
Ինչ նոր իրավիճակ է առաջացել Հայաստանում
Հեղինակ MediaLab

Մինչ հասարակությունը քննարկում է նոր վարչապետի եւ կառավարության հեռանկարները, իշխանությունը հրապարակ է բերում նոր Սահմանադրության հեռանկարը:

Ապրիլի 10-ին հրապարակվել է Հայաստանում Սահմանադրության փոփոխության աշխատանքային խմբի մշակած հայեցակարգը: Մի քանի տասնյակ էջեր ունեցող այդ ծավալուն փաստաթղթի բուն բովանդակությունը կարելի է տեղավորել մեկ կամ մի քանի նախադասությամբ:

Փաստացի արվում է խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկ, նախագահի լիազորությունը նվազեցնելու եւ վարչապետի նշանակման իրավասությունը խորհրդարանին վերապահելու հեռանկարով:

Այդ ամենը հիմնավորվում է նրանով, որ ներկայիս սահմանադրությունը չի տալիս քաղաքական ճգնաժամերի հանգուցալուծման բավարար բանաձեւեր, այն դեպքում երբ գործող կառավարման մոդելն ինքնին բավական ճգնաժամահեն է: Միեւնույն ժամանակ նշվում է, թե առկա մոդելի պայմաններում մեծ է քաղաքական մենիշխանության վտանգը:

Առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական մոդելի, նվազեցնել նախագահի լիազորությունը եւ վերածել նրան «արբիտրի», ավելացնել ԱԺ եւ կառավարության դերը՝ կամ խորհրդարանն ընտրի նախագահին, կամ խորհրդարանը նշանակի վարչապետին:

Չափազանց հետաքրքիր են ոչ միայն առաջարկներն ինքնին, այլ նաեւ այն, որ դրանք հրապարակվում են հենց այն պահին, երբ օրակարգում է նոր վարչապետի ու կառավարության հարցը, եւ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ սկսում է ներքաղաքական խորհրդակցությունները: Խոսք է գնում «բոլորի համար ընդունելի» թեկնածուի մասին:

Թեեւ կառավարության հրաժարականի բուն, իրական պատճառներն այդպես էլ անորոշ են, այդուհանդերձ ակնհայտ է, որ տեղի ունեցածը Հայաստանում առաջացած համակարգային ճգնաժամի հետեւանք է: Եվ թերեւս պատահական չէ, որ հենց կառավարության պաշտոնանկության ու նորի ձեւավորման փուլում է ի հայտ գալիս սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որը ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող համակարգի սուբյեկտներին արվող առավել լայն առաջարկ՝ «տղաներ, եկեք ապրենք համերաշխ» լեոպոլդյան տարբերակով:

Սահմանադրության առաջարկվող հայեցակարգն առկա համակարգի խաղի նոր կանոնների եւ նոր արտաքին ու ներքին իրողություններում համակարգը ճգնաժամերից հնարավորինս ապահովելու առաջարկ է, միեւնույն ժամանակ ծանրագույն ժամանակաշրջանում քաղաքական պատասխանատվությունը բաշխելու մեխանիզմ: Այլ կերպ ասած, իշխանության համար սրվող պայքարում արվում է առաջարկ՝ քաղաքական պատասխանատվությունը պետք է համարժեք լինի իշխանության ու կապիտալի չափին:

Այդպիսով, այն ներքին, ինտրիգային, կուլիսային մեխանիզմը, որ գործում է այժմ, առաջարկվում է վերածել ֆորմալ սահմանադրական մեխանիզմի: Կարդալ ավելին