Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում եղած միջադեպերն անլուրջ և պատահական չէին․ Ալիևը կեղծում է․ FIP.am

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարում՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ից սկսած, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել:

«Պետք է նշեմ, որ այս տարի, ռուսական խաղաղապահ ուժերի գործունեության մեկնարկից ի վեր՝ նախորդ տարվա նոյեմբերի 10-ից, մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել։ Բախումներ չեն եղել, լուրջ իրադարձություններ չեն եղել»,- ասել է Ալիևը։

Ըստ Ալիևի՝ եղել են միայն պատահական (հատուկենտ) միջադեպեր, որոնք ինչ-որ համակարգային ճգնաժամ չեն հանդիսանում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալիևի խոսքը երկկողմ հանդիպման ժամանակ և հայտնաբերել մի շարք կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ։

Ալիևի «չնկատած» լուրջ և ոչ պատահական միջադեպերը

Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթումը

2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, իսկ 62 հայ զինծառայողներ՝ գերեվարվել, 9-ը՝ զոհվել և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։

Ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը պետք է տեղակայվեր Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այսինքն, դե յուրե այս երկու գյուղերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին, բայց փաստացի այնտեղ դեկտեմբերի 11-ի դրությամբ ռուս խաղաղապահներ չկային՝ չնայած հայկական կողմը նախապես դիմել էր, որպեսզի խաղաղապահներն իրենց գործառույթները նաև այդ հատվածում իրականացնեն։ Հիշեցնենք, որ ըստ եռակողմ հայտարարության առաջին կետի՝ կողմերը պետք է մնային իրենց նախնական դիրքերում, իսկ Հին Թաղերն ու Խծաբերդը հայտարարության ստորագրման ժամանակ հայկական ուժերի վերահսկողության տակ էին։

Ռուս խաղաղապահները հասան Հին Թաղեր և Խծաբերդ դեկտեմբերի 13-ին, բայցևայնպես, գյուղերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հատկանշական է, որ 2020 թ․ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կայքում հրապարակվող ռուս խաղաղապահների իրավասության գոտու քարտեզում ավելացվեցին Խծաբերդը և Հին Թաղերը, սակայն հաջորդ օրը երկու գյուղերը քարտեզից հանվեցին։

Այս միջադեպի, ինչպես նաև քարտեզում արված փոփոխությունների համար ՌԴ ՊՆ-ն կամ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որևէ պարզաբանում չներկայացրեց։

Քաղաքացիական զոհեր

2021 թ․ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տրակտորի ղեկին քաղաքացիական անձ էր սպանվել Ադրբեջանի դիպուկահարի արձակված կրակոցից։ Զոհված քաղաքացին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 55-ամյա Արամ Տեփնանցն էր։

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր իր կապը այս դեպքի հետ, իսկ ՌԴ ՊՆ-ն՝ հաստատել։ 

Այսպես, հոկտեմբերի 10-ին խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկագրում նշված էր, որ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում խաղաղ բնակիչը զոհվել է ադրբեջանական կողմի կրակոցից՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ 

Էկրանակադր ՌԴ ՊՆ հոկտեմբերի 10-ի տեղեկագրից

Ավելին՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ խաղաղապահներից մեկը նստած է եղել հենց տրակտորի մեջ։

«Տրակտորը վար անելիս կրակել են, Արամը տեղում մահացել է, դիակը հանել են, բերել հիվանդանոց։ Խաղաղապահներն իր մոտ նստած են եղել՝ տրակտորի մեջ: Կասկածելի բան է եղել, գնացել են խաղաղապահները երևի, որ օգնեն, այդպես է ստացվել»,- նշել էր Գյուրջյանը։

Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև ուղիղ մեկ ամիս անց՝ արդեն Հայաստանի տարածքում՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Ադրբեջանական կողմը թիրախային կրակոցներ էր արձակել արտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի վրա, որում այդ պահին խաղաղ բնակիչ էր եղել։ 

2021 թ․ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի մերձակայքում ադրբեջանական կողմը կրակոցներ էր արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ 

Վիրավորում ստացած ջրմուղկոյուղու աշխատակիցները հայտնել էին, որ ադրբեջանցի զինծառայողը կրակոցներն արձակել էր նախապես աննկատ մոտենալով՝ 3-5 մետր հեռավորությունից, հայհոյանքներ հնչեցնելուց հետո։ 

Կրակոցների հետևանքով երեք մարդ ծանր վիրավորում էր ստացել, իսկ մեկ մարդ՝ 22-ամյա Մարտիկ Երեմյանը, զոհվել։ Նրանք բոլորը Արցախի ջրմուղի աշխատակիցներ էին, որոնք այդ օրն աշխատանքներ էին կատարում Շուշիի մատույցներում ռուս խաղաղապահների դիրքերը սնուցող խողովակաշարի վրա: 

Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանի պնդմամբ՝ աշխատանքների կատարման մասին տեղեկացվել էին թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմերը. «Իրենք տեսնում էին, որ մենք եկանք ու աշխատում ենք, խաղաղապահների ջուրն անջատում էինք, մենք ջրագծի վրա վթարավերացման աշխատանքներ էինք կատարում»,- ասել է Պողոսյանն «Արցախ TV»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ կատարված դեպքը ռուս-խաղաղապահների պատասխանատվության գոտում էր՝ խաղաղապահների երկու դիրքերի միջնամասում, դրանցից մոտ 400 մետր հեռավորության վրա։

Հարվածային անօդաչու սարքի երկու հարված Արցախի դիրքերի վրա

2021 թ․ օգոստոսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր էին կիրառել։ Ըստ ՊԲ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Այս փաստը արձանագրվել էր նաև ՌԴ ՊՆ օգոստոսի 11-ի խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ տեղեկագրում։

Էկրանակադր ՌԴ ՊՆ օգոստոսի 11-ի տեղեկագրից

Դրա նախորդ օրը Արցախի հարավ-արևմտյան մասում՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում,  Ադրբեջանը խախտել էր հրադադարի ռեժիմը՝ հրաձգային, ինչպես նաև հակատանկային նռնականետով կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ։

2020 թ․ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը կրակ էր բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից 6 զինծառայող էր վիրավորվել։ Դրա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ  ադրբեջանական կողմը կրակ էր բացել ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի վրա։

Ամփոփ տվյալներ

2021 թ․ նոյեմբերի 9-ին Արցախի դատախազությունն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել նախորդ տարվա նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ։

Այսպես, ըստ հաղորդագրության՝ սպանվել է 2 քաղաքացիական անձ և 9 զինվորական,  տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28-ը՝ զինծառայող), 68 անձի նկատմամբ մահափորձ է եղել (որից 44-ը՝ զինծառայող), ֆիզիկական բռնության է ենթարկվել 6 անձ, իսկ սպանության սպառնալիքի՝ 2 անձ:

«Խոցվել կամ թիրախավորվել է 5 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 7 տրանսպորտային միջոց (6-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել է 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ»,- նշված է Արցախի դատախազության հաղորդագրությունում։

Միջադեպերը եղել են ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքում

Պուտինի հետ հանդիպման ժամանակ շարունակելով խոսքը՝ Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումներին և պնդել, որ դրանք տեղի են ունեցել երկու երկրների սահմանին, որը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում չէ։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին բախումներ են եղել, բայց դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին չէ։ Այնուամենայնիվ, իհարկե, դա մեզ ստիպում է շատ ուշադիր դիտել, խոսել նաև եռակողմ ձևաչափով, ինչպես կարելի է վերահսկել ռիսկերը, նվազագույնի հասցնել դրանք և աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի քարոզչական այս պնդումը, սակայն, մանիպուլյատիվ է և կեղծ։ Դեռևս մայիսից Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները մեծամասամբ տեղի են ունեցել ոչ թե սահմանին, այլ Հայաստանի սուվերեն տարածներում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական ուժերի կողմից բռնազավթված տարածքներում։ 

Այսպես, տարեսկզբից ՀՀ ԶՈՒ զինծառայողների՝ մարտական պայմաններում 12 մահվան դեպքերից 9-ը եղել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այն տեղամասերում, որտեղ ներխուժել են ադրբեջանական ուժերը։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին «Փաստերի ստուգման հարթակը» տեղորոշել էր համացանցում առկա տեսանյութերը և պարզել, որ Սյունիքի մարզում Սև լճի հյուսիս-արևելյան մասում ադրբեջանական ուժերը ներխուժել ավելի քան 1․6 կմ: Հետագայում արդեն պարզ դարձավ, որ այդ տեղից դեպի արևմուտք ընկած հատվածում ադրբեջանցիները ներխուժել են էլ ավելի՝ մոտ 3․5 կմ։ 

Նույնն է վիճակը նաև Գեղարքունիքի մարզում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք որոշ տեղերում ավելի քան 3 կմ՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով ավելի քան 20 քկմ տարածք։

«Փաստերի ստուգման հարթակը» հոկտեմբերի 22-ին և 23-ին այցելել էր այդ գյուղեր և լուսանկարել ադրբեջանական ամրացված դիրքերը՝ Հայաստանի սուվերեն տարածքում։

Նոյեմբերի 16-ին Սյունիքի հյուսիսային դիրքերում՝ Իշխանասարից արևմուտք ընկած հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունները, որոնց ընթացքում զոհվեցին 3 և գերեվարվեցին մոտ 32 հայ զինծառայողներ, տեղի են ունեցել ոչ միայն սահմանին, այլ հենց մեծամասամբ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ մինչև 1․5 կմ խորության վրա։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, ունեցել էր 7 զոհված և 10 վիրավոր զինծառայողներ։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Պուտին-Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն եղել, կեղծ է: Կեղծ է նաև պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները տեղի են ունեցել երկու երկրների սահմանին:

Փաստերի ստուգման հարթակ