«Սամվել Հարությունյանն հայտնի է կոռուպցիոն գործարքներով, նրա ղեկավարած կոմիտեն անգամ ուղևորության գրանտներից էր ատկատներ ուզում». Դանիել Իոաննիսյան

«Սամվել Հարությունյանն հայտնի է կոռուպցիոն գործարքներով, նրա ղեկավարած կոմիտեն անգամ ուղևորության գրանտներից էր ատկատներ ուզում». Դանիել Իոաննիսյան
«Սամվել Հարությունյանն հայտնի է կոռուպցիոն գործարքներով, նրա ղեկավարած կոմիտեն անգամ ուղևորության գրանտներից էր ատկատներ ուզում». Դանիել Իոաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

– Պարոն Իոաննիսյան, նոր կառավարության կողմից որոշ նշանակումներ քննադատության են արժանանում: Օրերս աղմուկ առաջացրեց գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի վերանշանակումը: Տարբեր հարթակներում թեժ խոսակցություններ էին նրա կոռուպմացված լինելու մասին, իսկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փաստեր է պահանջում:

– Այստեղ կա խնդրի օբյեկտիվ կողմը, որ նոր իշխանությունները երբեմն չեն կարողանում գտնել անբիծ համբավ ունեցող մարդկանց և ստիպված նշանակում են մարդկանց, ովքեր նման համբավ չունեն, բայց ովքեր համեմատաբար բարեխիղճ են: Օրինակ՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի նշանակումը: Նա ընկալվում է որպես համեմատաբար լավ մարդ, ով կաշառք չի վերցրել, ով կարող է լավ համակարգում լավ աշխատել: Բայց, ցավոք, տեսնում ենք նաև դեպքեր, երբ իրավիճակն այլ է: Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի վերանշանակումը հարուցել է շատ գիտնականների վրդովմունքը:

Նա այն մարդն է, որի օրոք Հայաստանում գիտությունը հետընթաց է ապրել, որի օրոք Հայաստանում գիտության հեղինակությունը պլենտուզից ներքև է ընկել: Սամվել Հարությունյանն այն մարդն է, ով հայտնի է բազմաթիվ կոռուպցիոն գործարքներով: Նրա ղեկավարած կոմիտեն անգամ ուղևորության գրանտներից էր ատկատներ ուզում: Գիտնականներն ասում են, որ միջուկային ֆիզիկայի ոլորտի ամերիկյան մի ծրագրի համար է ատկատ ուզել, ընդ որում՝ խոսքը գնացել է 100 հազար դոլարի մասին: Դա արտերկրյա փող էր, որը պետք է մտներ Հայաստան ու ծառայեր մեր երկրի գիտության զարգացմանը, միջուկային հետազոտություններին պետք է ծառայեցվեր: Ընդամենը պետք էր, որ գիտության կոմիտեն այն հաստատեր, բայց մոտ 400 հազար դոլարանոց ծրագրի համար Սամվել Հարությունյանը 100 հազար դոլար ատկատ էր ուզում: Ստանալով մերժում՝ պարոն Հարությունյանը չհաստատեց այդ ծրագիրը: Այսինքն՝ այս մարդը կոռուպցիոներ է և հիմա վերանշանակվում է:

– Նոր իշխանությունները չգիտե՞ն այս մասին, թե՞ իմանալով են նման նշանակումներ անում:

– Ես Հարությունյան Արայիկին այս ամենը ներկայացրել եմ, ընդ որում՝ մանրամասներ եմ ներկայացրել: Ավելին, մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ եթե իր մոտ գնա մարդ, որից Սամվել Հարությունյանը կաշառք է ուզել, և ընդամենը բանավոր ասի, որ, այո, նման բան է եղել, ապա ինքը Սամվել Հարությունյանին չի նշանակի: Եվ այդ մարդու հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, այդ մարդուն համոզեցինք, որ ինքը գնար ու խոսեր, Արայիկ Հարությունյանի աշխատակազմի հետ հանդիպման պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ինձ խոստացան հետ զանգել, բայց այդպես էլ հետ չզանգեցին: Ճիշտն ասած, ես ենթադրում էի, որ ինձ հետ չզանգելը պայմանավորված է նրանով, որ Սամվել Հարությունյանին չեն վերանշանակում:

– Երբ դուք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էիք, որ կան գիտնականներ, ովքեր պատրաստ են բացահայտել կոռուպցիոն սխեմաները, Արայիկ Հարությունյանը գրել էր, որ կարող են գալ իր մոտ, բայց Աստված չանի, եթե չկարողանան փաստեր ներկայացնել: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն՝ ԿԳ նախարարը սպառնո՞ւմ է գիտնականին:

– Ներեցեք, բայց անգամ ՀՀԿ իշխանության օրոք ամեն պաշտոնյա չէր, որ նման կերպ կարտահայտվեր: Ես կարծում եմ՝ սա ուղղակի նախարարի կողմից չմտածված հայտարարություն էր: Բայց այդ չմտածված հայտարարության հետևանքը կարող է շատ վատ լինել: Շատ մարդիկ կարող են ասել՝ ախպեր, գործ չունեմ, ավելի լավ է սուսուփուս նստեմ իմ տեղը: Նա պետք է հայտարարեր, որ ինքը երաշխավորում է, որ որևէ մեկը խնդիր չի ունենա, եթե գնա ու կոռուպցիայի մասին տեղեկություն հայտնի: Սա է ուղերձը, որը պետք է ուղղեր ԿԳ նախարարը հանրությանը:

– Ի՞նչ կարող է նշանակել այն, որ իմանալով մարդու՝ կոռուպցիայի հետ առնչություն ունենալու մասին, այնուամենայնիվ, որոշում են նրան վերանշանակել:

– Ինձ մի քիչ մտահոգում է այն հանգամանքը, որ Սամվել Հարությունյանը լավ հարաբերությունների մեջ է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Իսկ Սամվել Հարությունյանի որդին՝ Տիգրան Հարությունյանը, բավական մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Արայիկ Հարությունյանի հետ:

– Այսինքն՝ ծանոթ-բարեկամական կապերը դարձյա՞լ դեր են խաղում Հայաստանի պետական կառավարման համակարգում:

– Ես չեմ կարող պնդել, թե դեր են խաղում, բայց կարող եմ ասել, որ նման կասկածներ հայտնելու հիմք ունեմ: Կարծում եմ, որ ԿԳ նախարարը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին, թե անձնական հարաբերությունները որքանով են ազդել իր այդ որոշման վրա: Եթե անգամ այդ ընկերական հարաբերությունները կապ չունեն, հասարակությանը պետք է հստակ պատասխան տրվի, և պետք է հստակ հիմնավորվի այդ որոշումը: Ավելին, նման որոշումները, երբ ընկերական հարաբերություններ կան հիմքում, պետք է կրկնակի ու եռակի հիմնավորվեն, որ մարդկանց մոտ կասկածներ չմնան:

– Գործարարների դժգոհությանն ի պատասխան, թե պետական եկամուտների կոմիտեում պաշտոնների են նշանակվում նախկին կոռուպցիոներները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նոր խաղի կանոններ են սահմանված, և բոլորը հիմա պետք է այդ կանոններով աշխատեն: Այսինքն՝ կոռուպցիոները կարո՞ղ է նոր համակարգի պայմաններում արդար աշխատել:

– Ես կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր կարող են փոխվել: Ավելին, կարծում եմ՝ կան մարդիկ, որոնց համակարգն է ստիպել կոռուպցիոներ լինել: Երբ ճանապարհային ոստիկանության տեսուչին ասում են՝ կամ չես աշխատում, կամ բերում նալոգ ես մուծում, ինքը ստիպված կաշառք էր հավաքում, որ նալոգ մուծվեր: Եթե իրեն հիմա ասում են՝ եթե կաշառք վերցնես, կդատվես, ինքը սկսում է իրականացնել իր սովորական ծառայությունը: Դրա համար ես կարծում եմ, որ, այո, շատերը նոր իրականության մեջ կսկսեն աշխատել նոր կարգերով, պարզապես պետք է ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ ձևավորել, որ այդ մթնոլորտը պահպանվի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am