«Եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»․ պատերազմը խլել է Ավետյանների մինուճար որդուն

«Անընդհատ ես ու ամուսինս առավոտից իրիկուն մի բան որ ուզում ենք անենք, ասում ենք՝ Կարենը սենց կաներ, Կարենը սենց էր սիրում, անընդհատ մենք երեքով ենք, եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Դալլաքյանը, որը պատերազմում կորցրել է մինուճար որդուն։

20-ամյա Կարեն Ավետյանը Լոռու մարզի Դարպաս գյուղից էր: Ծառայել է «Եղնիկներ» զորամասում, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, երբ սկսվում է պատերազմը։

Կարեն Ավետյանը 26 օր պայքար է մղել հակառակորդի դեմ, զոհվել է հոկտեմբերի 21-ին։

«26 օր չորս ընկերով հրետանու վրա են եղել, չորս ընկերն էլ միասին են զոհվել։ Հակառակորդը իրանց դիրքը ֆիքսել էր, երեխեքը մի քանի անգամ տեղը փոխել են։ Էդ օրը որ պիտի փոխեին, ասել են՝ էս մի անգամ էլ կրակենք ու փոխենք, բայց չեն հասցրել փոխել»,- մորմոքը սրտում ասում է որդեկորույս մայրը։

Կարինեն ասում է՝ որդին զանգելիս մշտապես ասում էր, որ ամեն ինչ կարգին է, վերջին օրն էլ ընկերոջ միջոցով փոխանցել էր, որ շատ լավ է, որից երկու ժամ հետո դեպքը տեղի է ունեցել։

«էնքան ոգևորված էր, գիտեր, որ ամեն ինչ լավ պիտի լինի, ինքն էր ավելի շատ մեզ հույս տալիս։ Մի անգամ ասեցի՝ Կարե՛ն ջան, դասընկերոջդ մաման էնքան ա նեղվում, ասեց՝ ա՛յ մամ, հլը համարը տուր: Ոգևորված զանգել էր, ասել՝ էնքան լավ ա, մի՛ մտածի, մեզ ոչ մի բան չի լինելու»։

Միակ որդուն կորցնելուց հետո Ավետյանների չեն ուզում համակերպվել իրականության հետ և հավատալ, որ Կարենը չկա: Ասում են՝ չենք կարող։

«Գժվում ենք, խելագարվում ենք, ամբողջ կյանքդ կառուցես Կարենով, ամեն ինչը՝ Կարեն, Կարեն, մեկ էլ՝ ոչ մի բան։ Առողջականս շատ վատացավ, ուրիշ ձև չէր էլ լինի, եթե ամբողջ կյանքս Կարենն էր, ու ինքն էլ չկա»,- ասում է ու կրկին հուզվում Կարինեն։

Կարենը բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, մարդամոտ էր՝ պատմում է մայրը։ Կարենը որոշել էր անասնաբույժ դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ անասնաբուժական ֆակուլտետ։

«Ասում էր՝ կգամ, անասնաբույժ կաշխատեմ, ասում էր՝ գամ էս կանեմ, էն կանեմ, բայց վերջին պահին արդեն ասում էր՝ մենակ գամ, երևի էնքան շատ էին արդեն հրանոթները գցում, վիճակը շատ էր վատ»,- ցավով ասում է մայրը։

Մայրն ասում է՝ այժմ ապրում է կարոտով ու որդու հետ անընդմեջ զրուցելով, նրա ներկայությունը զգալով։

«Հիմա ապրում եմ իր նկարներով, գերեզմանով»,- ասում է ու լռում մայրը։

Կարեն Ավետյանը հուղարկավորված է ծննդավայրում’ Դարպաս գյուղի գերեզմանատանը: Կարեն Ավետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am