«Համաներումից հետո այս իրավիճակը սպասելի էր». Հանցագործությունների աճ`դանակահարություն, բնակարանային գողություններ եւ ավելին

«Համաներումից հետո այս իրավիճակը սպասելի էր». Հանցագործությունների աճ`դանակահարություն, բնակարանային գողություններ եւ ավելին
«Համաներումից հետո այս իրավիճակը սպասելի էր». Հանցագործությունների աճ`դանակահարություն, բնակարանային գողություններ եւ ավելին

Համաներումից հետո կրկնահանցագործությունների աճը քրեակատարողական համակարգի անարդյուավետ աշխատանքի հետևանք է, և այս իրավիճակն սպասելի էր: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը:

Ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանն օրերս լրագրողներին տեղեկացրել էր, որ համաներմամբ ազատ արձակվողներից ոմանք կրկին հանցագործություններ են կատարել:

«Այս պահի դրությամբ չենք կարող հստակ թվեր ասել, բայց կա այնպիսիներ, որ կրկնակի հանցագործություններ են կատարել»,- ասել էր Օսիպյանը՝ հավելելով, որ նրանց կողմից հիմնականում կատարվել են հետևյալ հանցագործությունները՝ դանակահարություն, բնակարանային գողություններ, խուլիգանություն: Նախքան այդ, ոստիկանապետը հատարարել էր, որ ոստիկանության ուժերը բավարար են համաներումից հետո կրկնահանցագործությունների դեպքում գործողություններ իրականացնելու համար:

Ընդհանրապես, այդ տարի հանցագործությունների թվի աճ է նկատվում հանրապետությունում: Վալերիյ Օսիպյանն օրերս լրագրողներին ասել էր, որ այդ աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ:

Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ այս տարվա ինն ամիսներին նկատելիորեն աճել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը (14,2%-ից 15,6%):

Ոստիկանության հիմնավորման համաձայն՝ 2018 թ. ինն ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ: Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը ներկայացրած հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018 թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8726-ով կամ 18,8%-ով:

«Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին: Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարել էր ոստիկանությունը:

Քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանն նկատում է, որ «համաներումից հետո այս իրավիճակը սպասելի էր ու չափելի»:

«Ես սխալվել եմ, ասում էի՝ 3-7 ամսվա ընթացքում մինչև 30 տոկոսը հետ կգնա բանտեր, բայց այս տեմպերով մի քիչ ավելի շատ են հետ գնալու: Սպասելի էր, բա ինչ պետք է անեին, այդ մարդիկ ոչ գիտեին, թե ինչու էին բանտում, ոչ գիտեն, թե ինչու են դուրս գալիս: Նրանց անընդհատ խաբել են, թե պայմանական վաղաժամկետ պետք է ազատվեն, բայց չեն ազատվել: Հասցրել են այն վիճակին, որ միակ ձևը համաներումն էր, բայց քրեակատարողական ծառայությունն իր ֆունկցիան չկատարած՝ նրանց թողնում է դուրս»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ըստ մասնագետի՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ համաներման մարմինն անգամ բանտային աշխատակցին չի էլ հարցնում՝ արդյոք արժի՞, որ տվյալ մարդը դուրս գա, թե՞ ոչ:

«Եթե բանտային աշխատողին չես հարցնում, պրոբացիոն ծառայությանը չես հարցնում, բա ո՞ւմ ես հարցնում, որ թողնում ես դուրս: Իսկ գործող ինստիտուտը չի ենթադրում, որ պետք է հարցնել: Գոնե այս համաներումից հետո արդարադատության նախարարությունն իր քրեակատարողական ծառայությունով հանդերձ պետք է հասկանա, թե ինչ պետք է արվի այդ համակարգում: Իսկ այն, ինչ իմ կարծիքով կարելի է անել ամիսների ընթացքում, մարդիկ 20 տարում են պատրաստվում անել, բերել են 20 տարվա ռազմավարություն: Նույնիսկ եթե սարքելու ես 1500 հոգու համար նոր բանտ, միևնույն է՝ չկա համակարգային խնդիր, որը հնարավոր չլինի լուծել 3-5 տարում, իսկ նրանք 2018-38 թվականների ռազմավարության նախագիծ են դրել շրջանառության մեջ»,- ասում է Արշակ Գասպարյանը:

Նա նշում է, որ այս պայմաններում նման ծավալի համաներում չպետք է հայտարարվեր: Իսկ թե ինչ պետք է աներ քրեակատարողական ծառայությունը, դա արդեն համաներմանը չի վերաբերում, պետք է աշխատանք տարվեր բանտ մտնող մարդու հետ:

«Բանտ մտնող մարդու հետ պետք է տանեն աշխատանք, որպեսզի արդյունավետ մեկին հնարավորինս նվազ ժամկետներում վերադարձնեն հասարակություն: Բանտերը պետք է ունենան վերականգնողական ծառայություններ՝ հագեցած սոցիալական աշխատողով, հոգեբանով: Նրանց որակը թողնում ենք մի կողմ, որակը լավը չէ: Ուզում են որակ ապահովել, թող հարցնեն՝ կասենք: Իսկ եթե չեն ուզում, թող շարունակեն թմրանյութ բռնելը ցույց տալ որպես բանտի նպատակ»,- ասում է նա:

Ըստ Արշակ Գասպարյանի՝ այդ մարդիկ հակված են կրկնահանցագործության: Յուրաքանչյուր ոք հակված է ինչ-որ բան անելու:

«Երեխային երբ տանում ես առաջին դասարան, ենթադրում ես, որ 10-րդ դասարանում կրթված մեկը դուրս է գալու, չէ՞: Հետո ակնկալում ես, որ երեխան պետք է ավարտի ու ինստիտուտ ընդունվի: Բանտը ևս այդպիսի մի դպրոց է, երբ անձը մտնում է բանտ, պետք է իմանա, թե ինչ պետք է անի, որպեսզի, օրինակ՝ երեք տարվա ազատազրկման ատեստատը ձեռքին դուրս գա հասարակություն և ասի՝ ես ստացել եմ հասարակությանը ինտեգրվելու ատեստատ: Այդ համակարգը Հայաստանում սկսեց չաշխատել 2004-2005 թվականներից, և մինչ օրս նույն վիճակն է բանտերի կառավարման տեսանկյունից»,- ասաց նա:

Արշակ Գասպարյանը թվարկում է այն քայլերը, որոնք պետք է իրականացնի քրեակատարողական ծառայությունը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը երկրորդային կանխարգելող մարմինն է: Եթե մարդը գողության համար դատապարտվել է, գտնվելով ազատության մեջ, նորից գողություն կամ խարդախություն է անում, դա քրեակատարողական հիմնարկի անարդյունավետ աշխատանքի հետևանքն է:

«Բանտի վերականգնողական աշխատանքները մարդու հետ բաժանվում են երեք մեծ խմբի: Միակ կարանտինը վերականգնողական աշխատանքն է, երբ մարդուն տալիս ես մաքսիմալ խորհրդատվություն, հատկապես հոգեբանական, որ հասկանա՝ ինչ է այդ փակ տարածությունը, կարողանա հնարավորինս ադապտացվել այն մտքին, որ ինքը պետք է շուտ հետ գնա հասարակություն: Առաջին փուլում հոգեբանի և իրավաբանի վերահսկողության տակ պետք է լինի այդ անձը, որպեսզի հնարավորինս կանխարգելենք ինքնավնասումները, ինքնախեղումները, ինքնասպանությունները, կոնֆլիկտները»,- ասում է նա:

Հաջորդ փուլը, ըստ մասնագետի, վերասոցիալականացման պլանը կազմելու փուլն է, մեղադրական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո այդ մարդու հետ ամբողջ վերասոցիալականացման ծրագիր պետք է իրականացվի, որպեսզի մարդուն նախապատրաստես, որ գնա դեպի դուրս: Բայց նա պետք է իմանա, թե ինչ է անելու դրսում: Այդ մարդը պետք է բազմաթիվ ծրագրերում ներգրավված լինելով, կոնկրետ և չափելի որակներ ունենալով՝ նախապատրաստվի դուրս գալուն:

«Երրորդ փուլում արդեն անձին ուղիղ նախապատրաստում են ազատմանը: Նրան պետք է տան սոցիալական նվազագույն գիտելիքներ, որի մեջ պետք է մտնեն նրա տուն հասնելու տրանսպորտի փոփոխության մասին տեղեկությունը, եթե իր ազատազրկման ընթացքում փոփոխվել է, իր համայնքի և այլնի վերաբերյալ տեղեկություններ, հմտություններ:

Պետք է նաև լուրջ հմտություններ տրվեն՝ ինչպես գտնել գործատուին, ինչպես մոտենալ նրան, ներկայանալ, ինչպես հաղորդակցման հմտությունները ճիշտ կիրառել, ինչպես թաքցնել սեփական դաջվածքները և այդպես շարունակ:

Մենք սա 2013-14 թվականներին ներդրել էինք՝ Զբաղվածության պետական ծառայության հետ ունենալով հուշագիր, ծրագիրը 2016 թվականին ավարտվել է: Մենք դա կթարմացնենք, և քրեակատարողական ծառայություն մուտք կգործեն մեր կազմակերպության, Զբաղվածության ծառայության մասնագետները, ազատմանը նախապատրաստվողներին կտրամադրեն իրենց բնակության վայրում առկա բոլոր թափուր աշխատատեղերի մասին տեղեկություններ: Եվ այդ մարդկանց մենք կգործուղենք գործատուների մոտ: Իսկ բանտի պատասխանատվությունը մինչև հասարակություն ձեռքը բռնած ուղեկցելն է, եթե գումար չունի, տուն հասնելու համար նաև գումար տալը»,- ասում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am