Ինչպես է կուսակցականը դառնում «վկա». Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ինչպես է կուսակցականը դառնում «վկա». Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչպես է կուսակցականը դառնում «վկա». Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Այս վերնագիրն ինձ հուշեց վերջերս կատարված բազմաթիվ «համացանցային» դեպքերից մեկը, երբ մի կնոջ վրա, որի ընտանիքը հիմա դժվար օրեր է ապրում, սոցիալական ցանցում հարձակվել էր կուսակցական քարոզիչների ոհմակը եւ ներկայանալով տարբեր «ֆեյքերով»՝ վիրավորանքներ էր գրում նրա հասցեին՝ այն պատճառով, որ նա կասկածի տակ է առել իրենց առաջնորդի «հանճարը»: Ինչո՞ւ են մարդիկ մտնում կուսակցությունների մեջ: Հավանաբար, […]

Այս վերնագիրն ինձ հուշեց վերջերս կատարված բազմաթիվ «համացանցային» դեպքերից մեկը, երբ մի կնոջ վրա, որի ընտանիքը հիմա դժվար օրեր է ապրում, սոցիալական ցանցում հարձակվել էր կուսակցական քարոզիչների ոհմակը եւ ներկայանալով տարբեր «ֆեյքերով»՝ վիրավորանքներ էր գրում նրա հասցեին՝ այն պատճառով, որ նա կասկածի տակ է առել իրենց առաջնորդի «հանճարը»:

Ինչո՞ւ են մարդիկ մտնում կուսակցությունների մեջ: Հավանաբար, նրանք ունեն ինչ-որ համոզմունքներ, որոնք կիսում են մի խումբ այլ մարդկանց հետ, իրենց այդ համոզմունքները ձեւակերպվում են որպես ծրագրեր, եւ կուսակցական հարթակում պայքար մղում՝ իշխանության գալու եւ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Քաղաքական կյանքի կազմակերպման ավելի լավ ձեւ մարդկությունն առայժմ չի հորինել:

Դժվարություններն առաջանում են այն ժամանակ, երբ կուսակցականությունը վեր է ածվում քաղաքական մոլագարության: Ինչպես գրում էր անգլիացի գրող Չեսթերտոնը՝ մոլեռանդը, ֆանատիկը նա չէ, ով ունի իր համոզմունքները, պաշտպանում է դրանք եւ կրքոտ բանավիճում ընդդիմախոսների հետ: Մոլեռանդը, ըստ գրողի, նա է, ով բացառում է, որ իր ընդդիմախոսը նույնքան անկեղծ է, որքան ինքը: Հենց քո մեջ առաջանում է այն համոզմունքը, որ քեզնից տարբեր մտածողություն ունեցող մարդը «ծախված է», «պատվեր է կատարում» եւ ոչ թե, ենթադրենք, պարզապես սխալվում է, դու դառնում ես քաղաքական աղանդավոր, «վկա»: Որովհետեւ այդպիսով քո ականջներն ու ուղեղը փակվում են այլընտրանքային տեսակետների համար, եւ քո սահմանը գծվում է «կուսակցական ընկերների» նեղ շրջանակներում:

Քաղաքական աղանդն ունի բազմաթիվ հատկանիշներ, բայց ամենակարեւորը երեքն են: 1. Ոչ մի րոպե չպիտի դադարի թշնամիների փնտրտուքը: Խոսքը, բնականաբար, ոչ միայն առերեւույթ, այլեւ գլխավորապես ծպտյալ թշնամիների մասին է, որոնք ձեւանում են, թե թշնամիներ չեն, բայց քանի որ նրանք երբեմն ինչ-որ հարցերում «կուսակցական գծի» հետ համաձայն չեն լինում, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում «պատռել նրանց դիմակները»: 2. Ժամանակ առ ժամանակ պետք է կազմել «պրոսկրիբցիոն» ցուցակներ, որտեղ ընդգրկված կլինեն գլխավոր թշնամիները, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ է իրենց սպասվում, եթե նրանք շարունակեն թեկուզ փոքր, «երանգային» հարցերում հակադրվել իրենց կուսակցական դոգմաներին (իրենց եզրաբանությամբ՝ «ժողովրդի իղձերին»): 3. Քաղաքական աղանդը պետք է ունենա ծայրահեղ նարցիսիզմով տառապող առաջնորդ. «Ո՞նց թե, դուք կասկածո՞ւմ եք, որ Դելֆյան պատգամախոսն եմ: Հըլը մի հատ «ֆաս», տղերք»: Այդպիսով նրա շուրջը հավաքվում են չկասկածողներ:

 ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ