Վարկերը ներելու Ծառուկյանի առաջարկը ՀՀ տնտեսության հերն անիծելու ամենաուղիղ ու կարճ ճանապարհն է. Գևորգ Պապոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը

– Պարո՛ն Պապոյան, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում համակիրների հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տնտեսական մի շարք խնդիրների ու դրանց լուծմանը:

Նա նշել է, որ մինչև 3 մլն դրամ վարկ ունեցող անձանց դեպքում պետք այդ վարկերը ներվեն: Ծառուկյանի ասածը իրատեսակա՞ն է, ի՞նչ միջոցների հաշվին է հնարավոր նման բան անել:

– Երկիրն ունի կոնկրետ բյուջե, որպեսզի այդ մարդկանց գումարները հետ տաս, կամ պետք է այդ բյուջեով հատկացված ծախսերը չանես, օրինակ՝ բանակին հատկացվող գումարը կրճատես կամ ընդհանրապես չտաս, ոստիկանության գումարը կրճատես, թոշակները, ուսուցիչների աշխատավարձերը:

Դպրոցներ, ճանապարհներ, ջրագծեր չկառուցես, ոչինչ չանես կամ դրա մի մասն անես ու փոխարենը մարդկանց վարկերը ներես:

Մյուս ճանապարհը՝ մեր ունեցած մի քանի հարյուր հազար ավանդատուների, որոնք մի քանի հարյուր հազար ընտանիք են, ավանդները, խնայողությունները զրոյացվում են, բնականաբար, այդ մարդիկ էլ երկրից արտագաղթում են, փոխարենը՝ այդ մարդկանց վարկերը զիջում ես:

Իսկ այդ մարդիկ նորից գնալու են վարկ վերցնեն ու էլի չտան, քանի որ նման փորձ արդեն ունեցել են: Սա պետության հիմքերը խարխլելու, ՀՀ-ի ֆինանսական և մակրոտնտեսական կայունությունը խաթարելու ու տնտեսության հերն անիծելու ամենաուղիղ ու կարճ ճանապարհն է:

Այդ մինչև 3 մլն ասված վարկերն եմ ուզում հասկանալ, դա ո՞րն է, այսինքն՝ եթե մարդը iPhone է գնել, դրա գումա՞րն են զիջելու:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ծառուկյանի կողմից նման պնդումներն ունեն իշխանությանը մեղադրելու միտում, թե տեսեք՝ կա հնարավորություն, բայց իշխանությունը չի օգնում, և պոպուլիստական, բայց ոչ իրատեսական ելույթներ հնչեցնելու նպատակ:

– Սա ակնհայտ նախընտրական թեզ է, որը հնարավոր չէ իրագործել, և հենց իրենք էլ, ով էլ գա իշխանության, չի կարող դա իրագործել, և ով նման բան անի, դա ուղղակի Հայաստանի ֆինանսական կայունության և տնտեսության հիմքերը կխարխլի:

Այնպես չէ, որ իրենք չգիտեն, որ դա հնարավոր չէ, դա ուղղակի նախընտրական քարոզչություն է, որպեսզի իշխանությունից ձայներ տանեն:

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ առաջարկն անիրատեսական է, չէր կարող մի բան իրատեսական, հնարավոր լինել, և մենք մեր ժողովրդի համար չանեինք:

– Պարո՛ն Պապոյան, Գագիկ Ծառուկյանն ու ձեր մյուս ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանի տնտեսությունը կաթվածահար է, որ տևական ժամանակ անհնար կլինի այն վերականգնել, իսկ տնտեսությունը նման վիճակում է հայտնվել հենց ձեր իշխանության անմիջական ջանքերով: Ի՞նչ վիճակում է ՀՀ-ի տնտեսությունն այսօր: 

– Տնտեսությունը հստակ քայլերով վերականգնվում է: Երկարատև անկումից հետո՝ մարտ ամսին, արդեն ունեցել ենք աճ, շուտով ապրիլն էլ կամփոփվի, ապրիլին, կարծում եմ, կունենանք արդեն երկնիշ տնտեսական աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային եկամուտներն էականորեն ավելացել են, որը մեզ հնարավորություն կտա ապագայում պետական բյուջեի ծախսային մասերում որոշակի փոփոխություններ իրականացնել, մասնավորապես, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում:

Մտածում ենք նաև այլ ոլորտներում կարևոր քայլեր անել, որոնց մասին այս պահին չեմ ցանկանա բարձրաձայնել: Այնպես որ, այդ մեղադրանքները ևս մտացածին են, և իրականում տնտեսությունն այսօր հստակ քայլերով վերականգնվում է:

– Գնաճի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել, այն կառավարելի՞ է, և մինչև ե՞րբ կշարունակվի Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը:

– Գնաճ կա բոլոր այն ապրանքների պարագայում, որոնք միջազգային շուկաներում ևս ունեն բարձր գին: Եթե միջազգային շուկայում ինչ-որ ապրանք արձանագրել է 40 կամ 80% աճ, չէր կարող Հայաստանում գնաճ չլինել, այսինքն՝ ով էլ գա իշխանության, եթե մի ապրանքը միջազգային շուկայում նախկինում արժեցել է 1 դոլար, հիմա՝ 1,8 դոլար, այդ նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում է գնաճ լինելու:

Մնացած բոլոր դեպքերում, երբ գործընթացները ներքին շուկայի հետ են կապված, գնաճ չի նկատվում, ընդհակառակը՝ մրցակցության խորացման արդյունքում որոշ ապրանքների գներ անգամ նվազել են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am