Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի, անաշխատունակ եմ. Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը չի մասնակցելու իր՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը:

Այս մասին Թովմասյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում կատարելով՝ նշելով.

«Այսօրվա ԱԺ նիստին ես չեմ մասնակցի (անաշխատունակ եմ մինչև հուլիսի 15-ը): Ինձ վերաբերվող նախագիծը կքննարկվի իմ լսված լինելու և իմ խոսքը ԱԺ ամբիոնից ընտրողներին հասցնելու իրավունքների կոպտագույն խախտմամբ»:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին են ներկայացրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ։

Խմբակցության ղեկավարն ու քարտուղարը իրենց առաջարկը հիմնավորում են՝ մատնանշելով Թովմասյանի՝ որպես նշված հանձնաժողովի նախագահի լիազորությունները թերի կատարելը կամ չկատարելը։ Մասնավորապես ըստ նրանց ներկայացրած հիմնավորման՝ ընդդիմադիր պատգամավորը Ազգային ժողովի խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով նախագահի իր պարտականությունները։

Թագուհի Թովմասյանը նշված հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2021 թվականի հուլիսի 8-ին: