ԱՄՆ Թենեսի նահանգի իշխանություններին չորեքշաբթի երեկոյան չի հաջողվել իրականացնել Քրիստա Փայքի մահապատիժը։ Այս մասին հայտնել են մահապատժին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև նշվում է Փայքի փաստաբանների ներկայացրած արտակարգ միջնորդության մեջ։ Նահանգի իշխանությունների տվյալներով՝ Փայքը տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպից մի քանի ժամ անց Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հայտարարել է, որ դադարեցրել է մինչև տարեվերջ նահանգում նախատեսված մյուս մահապատժի իրականացումը և հանձնարարել անկախ ու համապարփակ քննություն անցկացնել՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։
Փայքը պետք է դառնար վերջին 200 տարվա ընթացքում Թենեսիում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել էր իրականացնել նրա մահապատիժը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Փայքին, ըստ ամենայնի, պենտոբարբիտալի երկու չափաբաժին է ներարկվել, սակայն մահապատժի գործընթացը նախատեսվածի համաձայն չի ընթացել։ Ավելի ուշ մահապատժին հետևող լրագրողներին դուրս են բերել տարածքից։
Փայքի փաստաբանները դիմել են նաև Թենեսիի արևելյան շրջանի դաշնային դատարան՝ պահանջելով դադարեցնել մահապատժի իրականացումը։
Փաստաբանների ներկայացրած միջնորդության համաձայն՝ գործընթացի ընթացքում մահապատժի խցի վարագույրը երկու անգամ փակվել է։



















