«Պետք է փոխվի իշխանություն ունեցող անձի նկատմամբ այդ ճորտական ու ծառայամիտ մոտեցումը». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

Տիկի՛ն Հովհաննիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի մասին ձեր մեկնաբանությունը կխնդրեմ, բայց՝ արժեհամակարգային տեսանկյունից: Ողբերգական այս դեպքը մեր իշխանության, հասարակության ի՞նչ արժեհամակարգային որակներ ի ցույց դրեց:

– Այդ մասով արդեն իսկ արված գրառմանս ավելացնելու բան չունեմ, բայց ցավով պետք է նշեմ, որ իշխանության որակը որպես այդպիսին չի փոխվում:

 – 2018ին մենք ունկնդիր ու ակնդիր էինք իշխանության գալու հայտ ներկայացրած անձանց բոլորովին այլ արժեհամակարգ ունեցող հայտարարությունների ու վարքի: Ի՞նչն ըստ ձեզ նպաստեց արժեհամակարգային այս փոփոխությանը, թե՞ նրանք ի սկզբանե են այսօրվա արժեհամակարգի կրողները եղել, ուղղակի դա, ինչպես ասում են, պոպուլիզմի դրսևորում էր:

– Կարող եմ ձեզ հստակորեն հիասթափեցնել, որ մարդիկ կարող են իսկապես այլ արժեհամակարգի կրող լինել, բայց իշխանության մեջ մտնելով ու տեսնելով այդ համակարգային մոտեցումը, թե ինչ են իրենցից ներկայացնում արտոնությունները, իշխանություն ունեցող անձանց վարքագիծը կարծես թե դառնում է այդ ամբողջ համակարգի արատավոր պրակտիկաների կրողը:

Ցավոք սրտի, մարդկային գործոնը ավելի թույլ է լինում, քան բուն համակարգն իր ամբողջ գործիքակազմով, որը թե՛ դիմացինին գայթակղում է օգտվել արտոնություններից, թե՛ իշխանություն տալով՝ հասարակության տարբեր շերտերին ենթարկեցնում է իրեն: Մարդիկ իրենք են սկսում ենթարկվել իշխանության համակարգին՝ դրանով իսկ այլանդակելով նաև իշխանության ղեկին կանգնած մարդուն:

– Այսինքն՝ կատարված փոփոխության մեջ նաև հանրությո՞ւնն իր մեղքի բաժինն ունի:

– Ես որևէ մեկին չեմ մեղադրում, որովհետև դատավոր չեմ, ինքս հանրության մի մասն եմ, հակառակը՝ ամեն օր փորձում եմ այդ արատավոր պրակտիկաների ազդեցությունից ազատվել կամ գոնե այդ ազդեցության տակ չլինել, ու համարում եմ, որ որևէ մեկն օդից չի հայտնվում բուրգի վերևում:

Հենց այդ բուրգն է նաև իր պատկերացումներով մարդուն բարձրացնում, հասցնում այդտեղ ու թելադրում, միգուցե պարտադրում կամ օգնում, որպեսզի նա իր նախկին պատկերացումները կիրառի ու դրա արդյունքում փոխի համակարգը, ու ոչ թե ինքը փոխվի:

– Իշխանական հատվածից այս դեպքի վերաբերյալ մեկ-երկու արձագանքից զատ՝ ինչ եք կարծում, ինչո՞ւ չեղավ այլ՝ ավելի հստակ ու խոսուն արձագանք:

– Իրականում իրենք էլ են բավական կաղապարված ու ավելի շատ գործում են մարդկայնությունից դուրս, խմբային, այսպես կոչված՝ հոտային սկզբունքով, որ խմբի շահերը պաշտպանենք, անկախ նրանից՝ լավ բան է եղել, թե վատ, մեր խմբի անդամն է, չգցենք:

Գործընթացներին այդ տրամաբանությամբ են մոտենում, ինչը մի կողմից թիմային ոգին չխախտելու մոտեցում է, բայց նման արատավոր երևույթների ժամանակ գոնե մարդ լինելը, մարդկային կերպարով հանդես գալը բավական օգտակար կլինեն հենց նույն համակարգին՝ փոխվելու համար:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, իսկ դեպքի վերաբերյալ եղած ընդհանուր արձագանքներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ընդհանուր արձագանքներին շատ չեմ հետևել, ավելի շատ գրել եմ այն, ինչ վաղուց էր իմ մեջ խմորվել, թե ինչո՞ւ է այնպես ստացվում, որ մարդիկ, հայտնվելով բարիկադի այս կողմից այն կողմում, դառնում են այդ համակարգի արատների կրողն ու որևէ կերպ չեն կարողանում փոխել համակարգը: Դրա մասին եմ գրել, բայց չեմ հետևել, թե ովքեր ինչ են ասում, բայց վստահ եմ նաև, որ քաղաքական նպատակների համար օգտագործելու փորձեր են եղել, որովհետև երբ հասարակության մեջ ի հայտ է գալիս ցանկացած արատավոր երևույթ, մարդիկ բաժանվում են բանակների ու սկսում են իրար վրա ցեխ շպրտել ու ոչ թե վերլուծել այդ արատավոր երևույթի արմատները:

Ցավոք սրտի, մենք նախկինների օրոք նույնկերպ տեսել ենք նմանօրինակ դրսևորումներ, թեև այն ժամանակ ընդհանրապես չէր բարձրաձայնվում դրանց մասին, լրատվամիջոցները ևս չէին խոսում, հանրային քննարկումներ չէին լինում, նույն Մանվել Գրիգորյանի թիկնազորի տարբեր այլանդակ վարքագծի վերաբերյալ կամ այլ օլիգարխների:

Շատ քիչ էին լինում այդ դեպքերի վերաբերյալ ընդվզման դրսևորումներ, այժմ գոնե քննարկվում է դա, բայց ես կցանկանայի, որ այդ քննարկումը լիներ հանրային արատները դուրս բերելու նպատակով, ոչ թե իշխանության մարմաջով տառապող խմբերի կողմից՝ ցանկացած պատահար, դժբախտություն հօգուտ իրենց օգտագործելու նպատակով:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, թե՛ հասարակության, թե՛ իշխանության, ու բնավ կապ չունի, թե ով է օրվա իշխանությունը, համակարգը նկատի ունեմ, գոյություն ունեցող արժեհամակարգի փոփոխությանը ի՞նչը կարող է նպաստել:

– Կարծում եմ, ընդհանրապես իշխանության նկատմամբ հանրային վերաբերմունքը պետք է փոխվի: Իշխանությանը արտոնություններ տալու, նրանց հանդեպ վախ ու ակնածանք ունենալու մոլուցքից հասարակությունը պետք է ազատվի: Փոփոխության հիմնական բանալին դա է, երբ հասարակության տարբեր շերտեր կմտածեն ոչ թե ինչպես հասնել իշխանության, ինչպես հիմա շատ հաճախ լսում ենք՝ «մենք կգանք, ու ամեն ինչ լավ կլինի», այլ փորձեն գտնել այդ արատների արմատները ու դրանք բուժելու ձևեր փնտրել:

Սա է կարևորը, որովհետև ով էլ հիմա գա, իսկ մենք այդ փորձն ունեցել ենք, համակարգային մտածողության փոփոխություն չի լինի: Հանրային գիտակցության փոփոխության հարցն է ու մարդկանց հավասարության մասին մտածելու, որ բոլոր մարդկանց կյանքն է կարևոր, ոչ թե մեկի կյանքը պետք է պահպանվի, իսկ մնացածինը՝ ածանցյալ են ու անկարևոր:

Պետք է փոխվի իշխանություն ունեցող անձի նկատմամբ այդ ճորտական ու ծառայամիտ մոտեցումը, որն առկա է հասարակության մեջ: Ես վստահ եմ, որ այդ մարդիկ ամեն օր չեն վեր կենում ու ասում, թե դու ինձ պետք է ծառայես, բայց կարծես հանրային գիտակցությունն ամբողջովին պատրաստ է վերևում գտնվողին ծառայել ու նրան սպասարկել, նրան համարել կարևոր, մնացածին՝ անկարևոր:

Այս ամբողջը բավական լուրջ, միգուցե նաև փիլիսոփայական, հոգեբանական, սոցիոլոգիական վերլուծության կարիք ունեցող ու այդ շերտերում պատասխաններ գտնելու խնդիր է: Ու քանի դեռ նմանօրինակ խնդիրները քննարկվում են քաղաքական հարթությունում միմյանց անվանարկելու նպատակով, մենք չենք կարող այս արատավոր երևույթներից ազատվելու, արժեհամակարգային փոփոխության համար հնարավորություններ գտնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am