Էսկալացիայի վտանգ միշտ կա, բայց այս տարվա հատկապես ամառն ու աշունը լինելու են ռիսկային Հայաստանի համար. Նարեկ Սուքիասյան 

Նարեկ Սուքիասյան ( Լուսանկարը՝ AUA.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը

Պարո՛ն Սուքիասյան, նախօրեին՝ ասուլիսի ժամանակ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «այս պայմաններում Հայաստանը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, ինչը պայմանավորված է նրանով, որ երկիրը փարատի իր անվտանգային մտահոգությունները»։ Հայաստանի համար նոր դաշնակիցներ գտնելու գործընթացը հե՞շտ է լինելու, և արդյոք սա նշանակում է, որ հայկական կողմն այլևս չի՞ դիտարկում Ռուսաստանը՝ որպես դաշնակից պետություն։ 

– Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ անվտանգային այն համակարգը, որում է Հայաստանը, չի արդարացրել իրենց սպասելիքները: Դրա մասին ավելի վաղ ասել էր նաև վարչապետը, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որ միտված էին Հայաստանին տրամադրել անվտանգության բարձիկներ, չգործեցին 2020 թվականից սկսած: Այս ամենը Հայաստանի իշխանությանը դրդում է վերանայել վերաբերմունքը Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ի լրումն սրան, նաև փորձել դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգության ոլորտում հարաբերությունները այլ ուժերի հետ։ 

Ինչպես Արարատ Միրզոյանն ասաց, ու դժվար չէր հասկանալ, այլ դաշնակցային հարաբերություններ դեռևս ձևավորված չկան որևէ ուժային կենտրոնի կամ կառույցի հետ, պրակտիկայում կարող ենք տեսնել, որ այդ բազմազանությունը տեղի է ունենում մի քանի ուղղությամբ: Մենք տեսնում ենք անվտանգային, ռազմական համագործակցության սերտացում ինչպես արևմտյան մի քանի երկրների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի, որի հետ կնքվեց ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, ու ձեռք բերվեց սահմանափակ քանակությամբ ռազմատեխնիկա, այնպես էլ Հնդկաստանի հետ է մեծ թափով ու արագությամբ ընթանում համագործակցությունը, որն այս պահին ամենահաջող փորձերից է:

Այն կարծես բերել է առավել մեծ ռազմատեխնիկական արդյունքներ Հայաստանի համար, ու նաև քաղաքական ամենաապահով տարբերակն է, որովհետև եթե արևմտյան գործընկերների հետ այս ոլորտում հարաբերությունների խորացումը բերում է բացասական արձագանքի Ռուսաստանի կողմից, ապա Հնդկաստանի հետ նման հարաբերությունների խորացումն ավելի պակաս քաղաքական գին է ենթադրում ու ավելի ընդունելի է Ռուսաստանի համար, այսինքն՝ ավելի պակաս ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար։ 

Այլ դաշնակցի փնտրտուքը բնավ հեշտ գործընթաց չէ ու հեշտ հետագիծ չի ունենալու: Եթե ընդհանրապես հնարավոր լինի այն իրականություն դարձնել, առավել հավանական է հարաբերությունների բազմակողմ խորացումը տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ: Բայց դժվար է ենթադրել, որ տեսանելի ապագայում Հայաստանը կկարողանա դաշինքային հարաբերություններ, այսինքն՝ երկկողմ փոխպաշտպանության համաձայնագիր կնքել մեկ այլ պետության կամ միջազգային կառույցի հետ, քանի որ այս պահին վերաբերելի ուժային կենտրոններից և ոչ մեկը պատրաստ չէ ստանձնել Հայաստանի սահմանների ու ինքնիշխանության պաշտպանությունը ուղղակիորեն, այսինքն՝ Հայաստանի վրա հարձակումը համարի հարձակում իր վրա, որը կենթադրի ռազմական տեխնիկայի կամ մարդուժի ներգրավում ռազմական գործողությունների մեջ՝ ի պաշտպանություն Հայաստանի։ 

– Ռուսաստանը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանի դաշնակիցը։

– Քաղաքական մակարդակում այդ հարաբերություններն ապրում են աննախադեպ ճգնաժամ, քանի որ չկա ցանկություն և ոչ մի կողմից հաղթահարել ներկա ճգնաժամը՝ միակողմանի զիջումների գնով։ Հայաստանի իշխանությունները քաղաքական առումով չեն համարում Ռուսաստանին այն դաշնակիցը, որի հույսն իրենք ունեին, ավելին՝ մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին այնպիսի գործողությունների համար, որոնք ոչ թե դաշնակցային են, այլ՝ թշնամական, հետևաբար, ըստ քաղաքական ոգու այդ հարաբերություններն այս պահին դժվար է համարել դաշնակցային, թեև բոլոր այն իրավապայմանագրային ակտերը, որոնք սահմանել են այդ հարաբերությունների մակարդակը, շարունակում են ուժի մեջ մնալ։

– Պարո՛ն Սուքիասյան, ստացվում է, որ եթե Ադրբեջանը որոշի կրկին ռազմական գործողություններ սկսել ՀՀ-ի դեմ, այդ ընթացքում Հայաստանը միայնա՞կ է լինելու։

– Նախ պետք է հաշվի առնել, թե ի՛նչ տեսակի ագրեսիա կլինի դա, օրինակ՝ կլինի 2021 թվականի մայիսի դեպքերի պե՞ս, 2021-ի նոյեմբերի՞, թե՞ 2022-ի սեպտեմբերի պես կամ ավելի լայնամասշտաբ, ըստ այդմ էլ արձագանքները տարբեր կլինեն։

Կարելի է ենթադրել, որ քաղաքական դատապարտող հայտարարություններ կլինեն աշխարհի գրեթե բոլոր ծայրերից, Ռուսաստանից, երևի թե, կհնչի երկու կողմերին էլ զսպող ինչ-որ հայտարարություն։ Դժվար թե ռազմական աջակցություն լինի Ռուսաստանից, եթե այդ ագրեսիան կրի ցածր կամ միջին բնույթ, միանշանակ հղում կլինի Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ի շրջանակում նախարարական մակարդակով ձեռք բերված, բայց Հայաստանի կողմից չստորագրված այն համաձայնությանը, որ ՀԱՊԿ-ի դիտորդներ են տեղակայվելու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով, և օգնության բացակայությունը Հայաստանին նաև կբացատրվի դրանով, որ Ռուսաստանը ժամանակին փորձել է օգնել, բայց մերժում է ստացել Հայաստանի կողմից։ Սրանք կլինեն այն փաստարկները, որոնք Ադրբեջանը կօգտագործի բացատրելու իր վարքը նման ագրեսիայի պարագայում։ 

Հայտարարություններ կլինեն նաև Իրանի կողմից, բայց թե ինչպիսի գործողություններ, եթե ընդհանրապես լինեն, կլինեն, այս պահին որևէ մեկը չի կարող կանխատեսել։ Այստեղ պետք է նորից վերադառնանք Արևմուտքի դիրքորոշմանը, երբ նախկինում հայտարարել էին, որ Արցախում ագրեսիայի դրսևորումը Ադրբեջանի կողմից կարմիր գիծ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության համար, բայց մենք տեսանք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի էթնիկ զտումները որևէ հետևանք չունեցան Ադրբեջանի համար։ 

Հնարավոր է, որ, կախված հարձակման ծավալից, թիրախային պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ, հնարավոր է նաև փոքր քայլերով, բայց արդեն զարգացող ռազմական համագործակցությունը խորացնող քայլեր տեսնենք արևմտյան որոշ երկրների հետ, բայց չեմ կարծում, որ դրանք կունենան այնպիսի ծավալ ու արագություն, որոնք որոշիչ դերակատարություն կունենան ագրեսիայի ելքի տեսանկյունից։

– Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը որքա՞ն եք գնահատում։ 

– Այդ էսկալացիայի վտանգը միշտ էլ կա, թեև հատկապես Արցախի հայաթափումից հետո երկու կողմերն էլ խոսում են այն մասին, որ միջադեպերն աննախադեպ նվազել են, բայց մենք միջադեպերի աննախադեպ նվազում տեսել ենք 2018-20 թվականների ընթացքում, ինչը բնավ չնշանակեց, որ հակամարտության մեջ ագրեսիայի պոտենցիալը նվազել էր։ 

Ես չեմ ուզում ուղիղ պատճառահետևանքային կապ դնել միջադեպերի բացակայության ու մոտալուտ ագրեսիայի միջև, ագրեսիայի գլխավոր ցուցիչը, կարծում եմ, կողմերի միջև քաղաքական անհամաձայնությունների աստիճանն է, որի աճ այս պահին, այո՛, կարող ենք տեսնել, որի ինչ-որ մի մասը պայմանավորված է, որ Ադրբեջանում նախընտրական գործընթացներ են, ու դժվար է ակնկալել որևէ քաղաքական հարցի հանգուցալուծում մինչև ընտրությունների ավարտը, բայց և չի կարելի Ադրբեջանի վերջին ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները բացառապես նախընտրական տրամաբանության մեջ դիտարկել։ 

Ագրեսիայի ևս մեկ կարևոր ցուցիչ է միջազգային դերակատարների ներգրավվածությունն ու դիրքորոշումն այս ուղղությամբ։ Տեսանելի է նաև դիվանագիտական ջանքերի տրամադրման էնտուզիազմի փոքր-ինչ անկում, որը կախված է արտաքին դերակատարների սեփական այլ գերակայություններից: Դրանք եղել են ու շարունակում են մնալ պատերազմն Ուկրաինայում, պատերազմը Իսրայելի ու Գազայի միջև, ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների շրջափուլի մեկնարկը: Չպետք է մոռանալ, որ 2020 թվականի պատերազմը տեղի ունեցավ հենց ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ամենաթեժ փուլի ֆոնին։ 

Եվրոպայում էլ սեփական խնդիրներով զբաղվածություն կա՝ այս տարի ամռանը սպասվում են Եվրախորհրդարանի ընտրությունները, դժվար է հատկապես այդ շրջանում ԵՄ-ից ու նրա կառույցներից ակնկալել որևէ բովանդակային լուրջ ներգրավվածություն։ Հետևաբար այս տարվա հատկապես ամառն ու աշունը լինելու են ռիսկային Հայաստանի համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am