«Մարդիկ սպասում էին ճանապարհները բացվելուն, մեկ տարի չէին գնացել աշխատելու, աղքատության մեջ էին». Գեղարքունիքի համայնքների ղեկավարները՝ արտագնա աշխատանքի մասին

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյան (Արխիվ)

Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր համայնքներից այս օրերին մարդիկ սկսել են արտագնա աշխատանքի մեկնել։ Ռուսաստանի հետ օդային սահմանը բացելուն շատերն էին սպասում մարզում։ Համայնքների ղեկավարներն ասում են՝ մարզում սոցիալական խնդիրներ կան, մարդիկ սեզոնային ժամանակավոր աշխատանքի են մեկնում, ինչպես նախորդ տարիներին է եղել։

Գեղարքունիքի Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է.

«Մեր համայնքից մարդիկ սովորաբար արտագնա աշխատանքի են մեկնում։ Եվ դա ոչ թե միայն այս տարի է, այլ տարիներ շարունակ այդպես է եղել։ Մարդիկ գնում են սեզոնային աշխատանքի ու վերադառնում են»։

Նշենք, որ փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են այցելել Ռուսաստան, այդ թվում՝ արտագնա աշխատանքի նպատակով։ 

 «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով երկու երկրի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող և ծրագրում ընդգրկված լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Այսօր արդեն ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա։

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։

Փետրվարի 15-ից արդեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերսկսվելու են կանոնավոր չվերթերը։

Գեղարքունիքի մարզը տարիներ շարունակ հայտնի է եղել որպես խոպանչիների մարզ։ Մարզի Երանոս գյուղից տարեկան շուրջ 1000 տղամարդ է մեկնում արտագնա աշխատանքի։ Սովորաբար գարնան սկզբին գնում են, աշնան վերջին՝ գալիս։

«20-ից մինչև 60 տարեկան տղամարդիկ՝ շուրջ 1000 մարդ, դուրս են գալիս սեզոնային աշխատանքի, հետո վերադառնում են իրենց ընտանիքներ։ Բացի անցած տարվանից, որ պանդեմիայի պատճառով սահմանները փակվեցին, բոլոր տարիներին մարդիկ հիմնականում մարտ-մայիս ամիսներին մեկնել են արտագնա աշխատանքի, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերադարձել են»,- ասում է գյուղապետ Սաշա Բավեյանը։

Նրա խոսքով՝ Երանոսում չկան տրամադրություններ, որ մարդիկ կարող են ընտանիքներով արտագաղթել։

«Կոնկրետ մեր համայնքում ես չեմ արձանագրել նման տրամադրություն կամ միտում։ Հարևան համայնքներում նույն իրավիճակն է՝ ինչպես միշտ տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, իրենց ընտանիքի եկամուտն են ապահովում։ Մեր մարզի գրեթե բոլոր համայնքներից մեկնում են՝ մի տեղից մի քիչ շատ, մի տեղից՝ քիչ»,- ասում է նա։

Բավեյանի խոսքով՝ այնպես չէ, որ բոլոր գնացողները այս օրերին Ռուսաստանում աշխատանք ունեն։ «Քանի որ ճանապարհները նոր են բացվել, մարդիկ ուզում են առիթից օգտվել ու դուրս գալ, հետո նոր կպլանավորեն աշխատանքը։ Այնպես չէ, որ բոլորը գնում են ու անմիջապես կաշխատեն»,- նշում է նա։

Վարդաձորի գյուղապետ Ռոբերտ Սիրականյանը նույնպես նշեց, որ իրենց գյուղի տղամարդիկ այս օրերին մեկնում են արտագնա աշխատանքի։

«Մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ Ռուսաստան են մեկնում արտագնա աշխատանքի։ Մարդիկ սպասում էին արտագնա աշխատանքին, անցած տարի մնացել էին, աղքատության մեջ էին, գումար չունեին։ Հիմա էլ որ ճանապարհը բացվեց, գումար են հայթայթում, բոլորը ցանկություն ունեն գնան, աշխատեն, էլի հետ գան։ Ժամանակավոր աշխատանքի են գնում»,- «Մեդիալաբին» ասում է Սիրականյանը։

Համայնքի ղեկավարը  նշում է, որ այս տարի գրեթե նույն միտումն է, ինչ նախորդ տարիներին՝ 22-60 տարեկան տղամարդիկ են գնում աշխատելու։ Ռոբերտ Սիրականյանի խոսքով՝ արտագնա աշխատանքը մարզում սոցիալական մեծ խնդիրներ է լուծում։

«Այ մարդ, էդ մարդիկ ուտելու բան չունեն, գնում են գումար հայթայթելու, իրենց պարտքերն ու վարկերը փակելու, բանկերի հետ հազար տիպի խնդիրներ ունեն։ Էթում են, փող են բերում, որ իրենց հողի հարկը էդ Ռուսաստանից բերած փողի հաշվին փակեն, թե չէ ուրիշ եկամուտ չկա»,- հավելում է նա։

Համայնքի ղեկավարն ասում է, որ իրենց համայնքից ընտանիքներով արտագաղթելու մասին տեղեկություններ չկան։

«Մեր հարևան համայնքներում էլ նույնն վիճակն է, գնում են ժամանակավոր աշխատանքի։ Մեր համայնքի բնակիչները գնում են հիմնականում Մոսկվա, Ռուսաստանի տարբեր քաղաքներ, իրենք ման են գալիս, գործ են գտնում։ Կամ մեր գյուղից գործարար տղաներ կան Ռուսաստանում, նրանց մոտ են գնում, ամսավճարով աշխատում»,- ասում է Ռոբերտ Սիրականյանը։

Համայնքների ղեկավարներն ասում են, որ նախորդ տարի համավարակի հետևանքով մարզի բնակիչների սոցիալական խնդիրները սրվել են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am