ՌԴ գնալու պահանջարկը մեծ է, մնացել են թանկ տոմսերը, մարդիկ մտածում են՝ գնել, թե ոչ․ ի՞նչ է կատարվում տուրիստական ընկերություններում

Լուսանկարը՝ «Ազատություն»

Հայաստանից Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվը մեծ է, էժան տոմսերն արդեն սպառվել են։ Այս օրերին մարդիկ ակտիվորեն ՌԴ մեկնելու տոմսեր են ձեռք բերում։

«Քանի որ ժամկետ է դրվել՝ մեկ ամիս, մինչև մարտի 1-ն մեկն է, ոչ մեկը չգիտի, թե մարտի 1-ից հետո հստակ ինչ է լինելու, թռիչքներ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու։ Դրա համար պահանջարկը շատ մեծ է։ Այսինքն՝ ով պետք է ինչ-որ հարցով գնա, այդ մարդիկ տոմս են գնում։ Եվ քանի որ պահանջարկը բարձր է, մնացել են թանկ տոմսերը»,- «Մեդիալաբին» ասում է «Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինե Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ոչ թե ավիաընկերություններն են առիթից օգտվել ու գները թանկացրել, այլ պարզապես պահանջարկն է մեծ, էժան տեղերը արագ են սպառվել։ «Սկզբում վաճառվել են էկոնոմ կլասները, էժան տոմսերը սպառվել են, հետո սկսել են թանկ կարգերը վաճառել»,- հավելում է նա։

Նշենք, որ փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են այցելել Ռուսաստան, այդ թվում՝ արտագնա աշխատանքի նպատակով։ 

Կառավարության նիստում հաստատվել էր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում կայացված որոշումը՝ փետրվարի 1-ից ՌԴ մուտք գործելու վերաբերյալ:

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի միջոցով երկու երկրի սահմանային անցման կետերում լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանը:

Ըստ այս կարգի` քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող և ծրագրում ընդգրկված լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ: Այսօր արդեն ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա։

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

«Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինե Ավետիսյանի խոսքով՝ օրական 3-4 չվերթ է իրականացվում Հայաստանից դեպի Ռուսաստան։ 

«Գնել են բոլոր էժան կարգերը՝ 85-100 հազար դրամից սկսած։ Էլ այդ գնով տոմսեր չկան։ հիմա միայն մնացել են 200 հազար և բարձր գնով ավիատոմսերը, մեկ ուղղությունը, ինչը շատ թանկ է»,- ասում է նա։

Մարինա Ավետիսյանի խոսքով՝ իրենց դիտարկումներն այս օրերին ցույց են տալիս, որ գնացողները հիմնականում երկրից արտագաղթողներ չեն։ 

«ՀՀ քաղաքացիները պարբերաբար այցելել են ՌԴ տարբեր նպատակներով՝ ուսում, աշխատանք։ Հիմա էլ տարբեր հարցերով են գնում՝ բիզնեսի, արտագնա աշխատանքի, բուժման նպատակներով, իրենց քաղաքացիության հարցերով և այլն։ Բայց ամեն դեպքում մեզ չեն ասում՝ գնում ենք, էլ հետ չգանք»,- ասում է նա։

Մարինե Ավետիսյանի դիտարկմամբ՝ հոսքը մեծ է, նախքան փետրվարի 1-ը արդեն ամրագրում էին տոմսերը։

«Բայց վերջին երկու օրերին, քանի որ տոմսերը թանկացել են, զանգողներն են շատ։ Իրենք ուզում են սպասել մինչև մարտի 1-ը, արդյոք մարտի 1-ից հետո ՌԴ-ն դարձյալ կընդունի՞ հայերին։ Եթե այդպես լինի, տոմսերի գները էլի կիջնեն։ Մարդիկ մտածում են՝ եթե հիմա 300 հազար դրամ տան տոմսին, դա իրենց ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ Մարդ կա՝ գործը շատ կարևոր է, այդ փողը տալիս գնում է»,- ասում է Մարինե Ավետիսյանը։

Ներկայումս Հայաստանից դեպի ՌԴ չվերթեր իրականացնում են վեց ավիաընկերություններ՝ «Ուրալ», «Արմենիա», «Աերոֆլոտ», Nord Wind, Nord Star, «Պոբեդա»։ «Պոբեդան» թեկուզ լոոքոստեր է, բայց այս օրերին դարձյալ ավիատոմսերը թանկ են՝ կապված պահանջարկի հետ»,- ասում է Ավետիսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am