«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը կրկին ակտիվացել է ֆեյսբուքյան հարթակում, մարդկանց հետ հրապարակումների միջոցով է խոսում, մեկնաբանություններին է պատասխանում, վերջերս էլ կիսվել էր հետևորդների թվով, նշելով, որ անգամ հեղափոխության օրերին իր հետևորդների թիվն այսքան չէր, ինչ այսօր է։ Ի՞նչ նպատակով է նման բան անում, ամենօրյա ժամանակացույցով անընդհատ տեսանյութեր են հրապարակում աշխատանքային, ընտանեկան առօրյայից թե՛ Փաշինյանը, թե՛ Աննա Հակոբյանը, ինչո՞ւ։
– Նախ նա ցույց է տալիս, թե ինչ չպետք է անի ապագա վարչապետը, որ ով էլ գա, այլևս չպետք է այն գործունեությունն իրականացնի, ինչ այսօր գործող վարչապետն է անում, այլ՝ պետք է երկիր կառավարի։
Երկրորդ՝ գործող քաղաքական ուժն ու իր ղեկավարը այս գործընթացներով իրականացնում են անընդհատ եթերում մնալու տեխնոլոգիան: Ինչպես նշել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, քաղաքական գործչի մասին մշտապես պետք է գրեն, լավ թե վատ՝ կարևոր չէ, բայց նա պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում։ Գովաբանեն, քննադատեն, չեզոք լինեն, բայց դիտեն, հիմա այս տեխնոլոգիան է ամբողջովին իրականացնում Նիկոլ Փաշինյանը։
Կարող եմ ավելացնել նաև, որ նա չգիտի՝ ինչպես պետք է պետություն ղեկավարել, այդ պոտենցիալը չունի, դրա համար էլ օրվա կուրսով է շարժվում, ինչպես ժամանակին իր թերթն էր օրվա լուրերով ապահովում, նույն աշխատաոճով էլ հիմա վարչապետ է աշխատում։ Այսինքն՝ իր պատկերացումները երկիր ղեկավարելու վերաբերյալ այն է, ինչ տեսնում ենք, ոչ թե նա չի ուզում, այլ չի կարող, իր մաքսիմումը դա է։
Որ ասում է՝ հիմա ավելի շատ հետևորդ ունեմ, քան 18-ին էր, իհարկե դա այդպես չէ, բայց դրանով ցույց է տալիս, թե հիմա ավելի շատ հեղինակություն ունի, քան՝ 2018-ին, այնպես չէ, որ իր վարկանիշը անկում ունի, որովհետև տարբեր սոցհարցումները ցույց են տալիս, չէ՞, որ վարկանիշի անկում ունի։ Իսկ նա այդ նախադասությամբ փորձում է ցույց տալ, որ այդպես չէ, սա հոգեբանական տեխնոլոգիա է, որ կիրառում է, բայց միանգամից ասեմ՝ չի աշխատում։ Չես կարող տեխնոլոգիան կիրառել մանիպուլյացիայով ու այն քեզ համար երկար արդյունք ապահովի, մանիպուլյացիոն տեխնոլոգիան կարճաժամկետ կյանք ունի։
– Իսկ Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ վարկանիշի անկում ունի։
– Իհարկե, բա այս տեխնոլոգիաները որ կիրառում է, հենց գիտակցման արդյունք է, չէ՞։
– Իսկ այս տեխնոլոգիաների կիրառումը կարո՞ղ է հակառակ էֆեկտ ունենալ, ու վարկանիշն է՛լ ավելի անկում ապրի։
– Սա արդեն կախված հանգամանքից, թե ով է իր լսարանը: Իր ընտրազանգվածի մոտ վարկանիշը չի կորցնի ու նա այս պահի դրությամբ իր ընտրազանգվածի համար է աշխատում: Ինչքան էլ ասենք՝ ցածր է, բայց, այնուամենայնիվ, մոտավորապես 15 տոկոս վարկանիշ ունի, ուղղակի ու անուղղակի սոցիոլոգիական հարցումները դա են ցույց տալիս։
Ու նա հիմա այդ 15 տոկոսը պահելու վրա է աշխատում, երբ նախընտրական քարոզարշավը մոտենա, կփորձի 15 տոկոսն ավելացնել, բայց հիմա փորձում է այդ 15-ը չպակասեցնել:
Դրա համար նա պետք է անընդհատ եթերում լինի ու իր ընտրազանգվածի մենթալիտետին բնորոշ բովանդակություն դնի սոցցանցի իր էջերում։ Այն ընտրազանգվածը, որ նրան չի ընդունում, միևնույն է, չի ընդունում, որքան էլ լավ բովանդակություն առաջարկի։ Այն, ինչ ուզում է տեսնել այդ 15 տոկոսը, նա ցույց է տալիս ու դա պետք է պարբերաբար ցույց տա, որովհետև այլ նվաճում տնտեսության, անվտանգության, իր ասած՝ խաղաղության ու այլ գործընթացներում չունի։
– Պարո՛ն Բադալյան, իսկ Աննա Հակոբյանի ակտիվության նպատակը ո՞րն:
– Արդեն լուրջ սոցիոլոգիական հարցման առարկա է, որը ցույց կտա, թե վարչապետի ընտրազանգվածի մոտ իր կինն ինչպե՛ս է ընկալվում, հետազոտական աշխատանքներ պետք է կատարվեն, իսկ այս պահի դրությամբ ես, բնականաբար, դա չեմ կարող անել։
– Ամանորյա այս ճոխ զարդարանքները, տոնավաճառը և այլ միջոցառումներ և՞ս հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու տեխնոլոգիայի բաղադրիչներից են։
– Նաև ու էլի հիմնականում իր ընտրազանգվածի համար, ինչպես նաև՝ տատանվող ընտրազանգվածի համար։ Նրանց բովանդակությունը հետևյալն է․ պատերազմն ավարտվել է, ճիշտ է՝ դեռ խաղաղություն չենք կնքել, բայց արդեն կնքում ենք, քիչ է մնացել, ու հիմա արդեն պետք է նորմալ ապրենք, որովհետև եթե դուք ինձ եք ընտրում՝ դուք նորմալ ապրելու կողմնակիցն եք, այլ ոչ թե՝պատերազմ, զոհ, վատ ապրել, դա անցյալ է ու հիմա պետք է լավ ապրեք։ Լավ ապրելն էլ ունի իր չափորոշիչները՝ տոնածառ, հրավառություն, ուրախ միջոցառումներ և այլն, սրանք լավ ապրելու բաղկացուցիչներն են, դրա համար էլ ինքը դրանք ցուցադրում է շռայլորեն։ Իր ընտրազանգվածի պատկերացումներն էլ են այդպիսին, նրանց պատկերացումները երկրի անվտանգության ու այլնի մասին այլ են, իր ընտրազանգվածը պահանջում է այն, ինչ ինքը տալիս է։
– Պարո՛ն Բադալյան, ներկուսակցական այս զարգացումները, նկատի ունեմ՝ պատգամավորներին կուսակցությունից հեռացնել, «խնդրել» մանդատը վայր դնել, և՞ս արվում են վարկանիշը բարձրացնելու համար։
– Չէ՛, սա ամբողջովին ուրիշ հարց է։
– Ի՞նչ հարց է։
– Սա կառավարման սկզբունքի խախտում է։ 2018-ից, ձեզ էլ եմ ասել մի քանի անգամ, ձևավորվել է անձնիշխան կառավարման համակարգ, ինչը ավտորիտար կառավարման թույլ տեսակն էր։ Հիմա ավտորիտար կառավարման համակարգը մի փոքր ուժեղանում է, բայց դա դեռ սուպերավտորիտար կառավարում չէ։
Կառավարման այդ համակարգն ունի մեկ սկզբունք, որ որևէ ձևով չպետք է կասկածի տակ դրվի սիրելի առաջնորդի նկատմամբ ունեցած հպատակությունը, նրա իշխանության նկատմամբ ունեցած աներկբա խոնարհումը, իսկ երբ նա SMS է ուղարկում, ու դու հրաժարվում ես կատարել այդ SMS-ում նշված պահանջը, դա ղեկավարի կողմից անմիջապես ընկալվում է, որ իր հպատակն ապստամբել է, ու ինքն ընդունում է, որ ինքը թույլ է ու չի կարողանում հարց լուծել։
Դա արդեն խնդիր է ու վտանգ իշխանության համար, որովհետև եթե չկարողանա այդ մեկին ստիպել՝ մանդատը դնել ու գնալ, դրան կարող է հետևել այլ գործընթաց: Մենք տեսանք, որ հետևեց, ճիշտ է՝ անմիջապես հետողորմյա արեց, բայց, ամեն դեպքում: Սա նշանակում է, որ իշխող քաղաքական խմբում արտաքնապես ճեղքման նշան է երևում, ինչը ավտորիտար կառավարման համակարգի առաջնորդը չի կարող թույլ տալ։ Հպատակները պետք է լինեն ուսապարկեր, նրանք չպետք է ունենան անուն-ազգանուն, այսինքն՝ «ես», որովհետև «ես»-ի համակարգն ինքնին մերժում է ավտորիտարիզմը։
Հովիկ Աղազարյանի մոտ սկսեց «ես»-ն աշխատել, առիթը կարևոր չէ, իշխանությունն էլ անմիջապես սկսեց այդ «ես»-ի ոչնչացման գործընթացը, որ ուրիշ «ես»-եր առաջ չգան։ Եթե այդ խմբակցության բոլոր անդամների մոտ «ես»-երն առաջ գան, ապա նա այլևս չի լինելու ղեկավար: Նա սա շատ լավ է հասկանում, որ եթե ինքը ղեկավար չլինի, ապա իրեն կարող են զոհաբերել հենց իր կուսակիցները։ Անգամ երկրորդ դեպքում, երբ պատգամավորը զղջաց, միևնույն է, հեռացրին կուսակցությունից, որովհետև դա կարող էր շղթայական էֆեկտ ունենալ։ Ոչ մեկի մեջ չպետք է կասկած լինի, նրանք անվերապահ հպատակներ պետք է լինեն, խոնարհվեն սիրելի առաջնորդի առաջ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















