Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Փետրվարի 17-ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Քարոզարշավը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում  է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:

 Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի՝ փետրվարի 15-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի, թեև խմբակցությունն ԱԺ-ում դեմ է քվեարկել հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մյուս ուժերին ևս կոչ է արել «Ոչ»-ի ճակատ չձևավորել:

Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: 

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ևս «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու մասին չեն հայտարարել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցելու գործընթացին, ՀՅԴ-ն հանրաքվեն բոյկոտելու կոչ է արել:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: