Վարչապետը ներկայացրեց, թե Հովիկ Աղազարյանի հեռախոսից որոշ տեղեկություններ ինչպես են հասել իրեն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին իր շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Նա վստահեցրեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսն իր սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել:

«Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից: Եվ անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ: Եվ, երբ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար այդ պարագայում պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք՝ այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվալ դեպքում Հայաստանի վարչապետին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է օրենքի տառին, թուլտվություններին համապատասխան: Դրանից առաջ ինքը խորհրդակցել է բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասաց Փաշինյանը: