Կորուսյալ Ալիևը

Վահրամ Թոքմաջյան

Ալիևը փոխել է իր տոնայնությունը: Նա պատրաստ է բանակցությունների: Այդ մասին հայտարարեց ժամեր առաջ, սակայն վերջում չմոռացավ նշել, որ «ամեն դեպքում գնալու են մինչև վերջ»։

Ալիևին ստիպեց տոնայնությունը փոխել հայոց բանակը։ Որևէ այլ գործոն՝ տարածաշրջանային թե միջազգային, ԵԱՀԿ Մինսկի խումբ թե ՄԱԿ, նրան չեն կարող ստիպել։

Դա արեց մեր բանակը՝ թիկունքում ունենալով հասարակության բոլոր շերտերի լայն կոնսոլիդացիան։

Դեռ մի քանի օր առաջ Ալիևը բանակցությունների մասին լսել անգամ չէր ուզում։ Որոշել էր խնդիրը լուծել զենքով և վերջ։

Բլից կրիգը չստացվեց, իսկ բոլոր այն կենտրոնները, որոնք ներքաշել էին Ալիևին այս արյունոտ արկածախնդրության մեջ, շարունակեցին կողքից «շիրա» տվողի դերում մնալ։

Ալիևը դարձավ կորուսյալ։ Չխորանալով Ադրբեջան պետության ստեղծման պատմության մութ խորխորատներում՝ հարկ է միայն փաստել, որ այդ էթնիկ խմբի վերջին տասնամյակների ինքնությունը կառուցվել է միայն Արցախի խնդրի շուրջ։

Այդ կեղծ ինքնությունը պայմանականորեն կարող ենք անվանել «ղարաբաղյան ինքնություն»։

Սրա մեջ իր ահռելի բաժինն ունի հայր Ալիևը, որի բերած օրակարգը շարունակեց որդին, ավելի խորանալով մի լաբիրինթոսում, որտեղից ելք չկա։ Անգամ Մինոտավրոսին սպանելու դեպքում ելք չկա։ 

Նա ընկել է իր իսկ լարած ծուղակը։ Շուրջ քսան տարի խաբել է սեփական հասարակությանը, լափել ու գռփել, սեփական ժողովրդին սոված պահել՝ «Ղարաբաղը հետ բերելու» միֆով կերակրելու դիմաց։

Համոզել է բոլորին, որ ամեն ինչ ուղղված է բանակ ստեղծելուն ու Ղարաբաղը գրավելուն։ Ու այդ ժողովուրդը նրանից պատասխան է պահանջելու։ Նույն այդ ժողովուրդը ևս հայտնվել է փակ շղթայի մեջ։

Իսկ ադրբեջանական քաղաքական դաշտում «ղարաբաղյան ինքնության շուրջ» Ալիևից ավելի «նվիրյալները» կան։

Դրանք քիչ չեն։

Նրանք երազում են ապշերոնյան նավթադոլարների տերը դառնալ ու ևս քսան տարի սեփական ժողովրդին միֆերով կերակրելով` արդեն իրենք լափեն այդ միջոցները։

Իսկ դա կարող են անել միայն Ալիևին հեռացնելու պարագայում։ Իսկ հեռացնելու բոլոր հիմքերը կան՝ Արցախը շարունակում է մնալ անկախ և ինքնորոշված։

Այս ամենն իհարկե հասկանում է Ալիևը։ Նաև սա է պատճառը, որ նա այսօր խոսում է բանակցությունների պատրաստակամության մասին։ Սակայն նրան հավատալ պետք չէ։

Որևէ պահի զգոնությունը թուլացնելը` կնշանակի խաբվել ապշերոնյան դիկտատորին։ Նա այլևս նմանվում է կորուսյալ խաղամոլի, որը պատրաստ է անգամ հարևանի տատիկին սպանելու գնով երկու հավ գողանալ։

Միայն թե կատարի բաղձալի խաղադրույքը՝ տանուլ տվածը հետ բերելու համար։ Նա հասկանում է նաև, որ այս պատերազմում դադարեց գոյություն ունենալ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես առանձին պետության ղեկավար։

Նա այլևս դիտարկվում է Թուրքիայի նեոօսմանական ծրագրերի կցորդ, ծայրամասային գավառի կառավարիչ, որին անգամ դժվար է անվանել փաշա։ Ուստի նա ամեն ինչ անելու, որ գոնե փաշա կոչումն ստանա՝ ծայրամասային գավառի կառավարչի պաշտոնը։

Ալիևին հավատալ պետք չէ, բայց բանակցելուց հրաժարվել՝ նույնպես։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am