Արտահերթ ընտրությունները վտանգված են

Վահրամ Թոքմաջյան

Հայաստանում կան մի քանի տեսակի ճգնաժամեր, որոնցից թերևս ամենացցունը քաղաքականն է։ Սա որևէ ողջախոհ մարդ չի կարող հերքել։

Քաղաքական ճգնաժամերն ունեն լուծումների տարբեր միջոցներ՝ իշխող թիմի ներքին տեղաշարժեր, իշխանություն–ընդդիմություն երկխոսություն, զինված հեղաշրջումներ, հեղաշրջումներ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ, արտահերթ ընտրություններ և այլն։ 

Մի առիթով Վանոն նկատել է. «Մեկ անգամ հեղափոխությանը մասնակցողը նորմալ մարդ է, երկրորդ անգամ մասնակցողը՝ հիմար»։

Հայաստանի 30 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիայի՝ փողոցային մոդելն այդքան էլ կիրառելի չէ։ Այսինքն՝ հայ հասարակությունը հակված չէ փոքր ժամանակահատվածում կատարել մի քանի հեղափոխություն։ Մյուս կողմից՝ մենք ո՛չ ֆրանսիական ներուժն ունենք, ո՛չ էլ հնարավորությունները՝ մեզ հեղափոխական շղթաներ թույլ տալու համար։

Հեղաշրջման առաջին փորձը՝ նոյեմբերի 10-ի գիշերը, մերժվեց հասարակության լայն խմբերի կողմից։ Կլինի՞ հեղաշրջման երկրորդ փորձ՝ ցույց կտա ժամանակը։ 

Քաղաքացիական բախումների ռիսկերը նվազում են, եթե, իհարկե, որոշ մարգինալ, ծայրահեղական խմբեր ինչ-որ պահի չորոշեն բախտ փորձել։ Չի կայանում նաև ընդդիմություն–իշխանություն երկխոսությունը։

Հաթաթաների մակարդակից անդին չենք անցել։ Իսկ իշխանության ներսի տեղաշարժերի մասով՝ գոնե առաջին դեմքի մակարդակում, անիմաստ է խոսել։

Արդյունքում մնում է վերջինը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է իշխող թիմը՝ վարչապետի ու տարբեր պաշտոնյաների շուրթերով։

Ընդհանրապես, ճգնաժամերի լուծման անցնցում տարբերակն իհարկե արտահերթ ընտրություններն են, որոնք պատշաճում են ժողովրդավարական ու կիրթ հասարակություններին։

Սակայն այս պահին արտահերթ ընտրությունները վտանգված են։ Դրանք ունեն մի քանի հիմնավոր պատճառներ։ Չնայած Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է արտահերթ ընտրությունների, սակայն գոնե ինձ չի համոզում այդ մասով։

Հետպատերազմյան շոկի առաջին ալիքն անցել է։ Նա շարունակում է պահել թեկուզ թույլ, բայց իշխանություն։ Մյուս կողմից՝ ընտրությունները գլխացավանք են՝ միջոցներ, ցուցակներ, պատասխանատվություն, անկանխատեսելի արդյունքներ և այլն։

Հասարակության մի զգալի մասն էլ չի սատարում նրան, սակայն հաշվի առնելով, թե ովքեր են վերցրել պայքարի բեռը փողոցում, առնվազն լռում է՝ «նախկինների» ջրաղացին ջուր չլցնելու համար։ Սա քաջ հայտնի է Փաշինյանին։ 

Նախկին իշխանություններից կազմված ընդդիմությունը փաստացի քաղաքական գործընթացից դուրս է թողել խորհրդարանական ընդդիմությանը՝ իր մեջ ներառելով նաև ԲՀԿ-ին։

Սակայն դառը կենսափորձը հաշվի առնելով՝ մինչ այս պահը չի կարողացել գեներացնել հանրային լայն դժգոհությունները և հանդես գալ «փրկչի» կարգավիճակով։ Սա էլ ավելի ձեռնտու է դառնում Փաշինյանի համար։ 

Մյուս կողմից՝ մերժելով Փաշինյանի հետ երկխոսելու և արտահերթ ընտրությունների օրակարգը, փողոցի ընդդիմությունը վարչապետին հակում է հրաժարվել արտահերթ ընտրությունների մտքից։ Ավելին, ընդդիմությունը հենց իրեն է դուրս դնում բուն քաղաքական գործընթացներից։

Իհարկե ընդդիմությունն ունի իր փաստարկները, որոնք, մեղմ ասած, ինձ համար համոզիչ չեն։ Դրանցից մեկը զուտ իշխանություն վերցնելն է։ Բայց հենց այնպես ոչ ոք իշխանություն չի տալիս։

Վերն արդեն նշել եմ այն ճանապարհները, որոնցով ընդդիմությունը կարող է իշխանության գալ, սակայն նրանք ձախողել են դրանցից առնվազն երկուսը և եթե չեն համաձայնում արտահերթ ընտրությունների, ապա կա՛մ մնում են լուսանցքում, կա՛մ ստիպված են լինելու կրկին փորձել անօրինական ճանապարհով։

Մեկ այլ պարագայում նրանք պնդում են, որ Փաշինյանը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, և կարող է «ամեն քվեատուփի մոտ արյուն թափվել»։

Նման մի միտք ձևակերպել էր Վազգեն Մանուկյանը։

Արյուն հնարավոր է թափվի, սակայն դրանում դժվար մեղավոր լինի միայն Փաշինյանը։ Մյուս կողմից՝ առնվազն ծիծաղելի է կանխակալ մեղադրանքներ առաջադրել Փաշինյանին՝ ընտրությունների հավանական կեղծման մասով, քանի որ նա չունի այդ ռեսուրսը։

Վարչապետը փաստացի չունի իշխանություն դատական համակարգի վրա, իսկ ռեսուրսների մեծ մասին տիրապետում են նախկինները։ 

Սրան պետք է գումարել նաև այն հսկայական զենքը, որն արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում մուտք է գործել Հայաստան։ Այսինքն՝ կարող է ստացվել, որ ով որ քուչում ավելի շատ զենք ունի, նա էլ կհաղթի այդ տեղամասում։ Այս մասով թերևս կանխատեսումներն ամենամտահոգիչն են։

Հայաստանում կարանտինը երկարաձգվեց վեց ամսով։ Սա նշանակում է, որ եթե կրկին որևէ արտառոց բան տեղի չունենա, մենք առաջիկա ութ ամիսներին պետք է մոռանանք ընտրությունների մասին։ Սա, բնականաբար, մտահոգիչ ու վտանգավոր վիճակ է ստեղծում։ 

Արտահերթ ընտրությունները կլիցքաթափեին շիկացած մթնոլորտը։ Ով էլ ստանա ժողովրդի ձայների մեծամասնությունը՝ իշխանությունը, փողոցի ընդդիմությունը թե երրորդ ուժ, օդի ու ջրի նման ունի այդ լեգիտիմության կարիքը։ 

Ըստ էության, մենք շարունակելու ենք ապրել խտացված լարման պայմաններում, մինչև կհաջողվի կազմակերպել արտահերթ ընտրություններ։

Իսկ քաղաքական գործընթացների, ուժերի վերադասավորման և զուտ պետականության տեսանկյունից արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Դրանց հակադիր կարող է լինել միայն հայի արյունը, որը կնշանակի առանց այն էլ թույլ պետականության ավարտը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am