Լուրջ ռիսկեր կան, որոշ ավիաընկերություններ խաղից դուրս կարող են մնալ․ Թունյան. Տեսանյութ

ԱԺ-ն քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում շուկայում արդեն իսկ գործող ավիաընկերությունների համար։ «Հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ հավաստիացրեցին, որ ոչ, այդպես չէ, բայց ես հետաքրքրվել եմ և կարող եմ ասել՝ այստեղ լուրջ ռիսկեր կան, որովհետև կան ավիաընկերություններ, որոնք խաղից դուրս կարող են մնալ։

Օրինակ՝ «Air France-ը, որը Հայաստան է թռնում Շառլ դը Գոլ օդանավակայանից, հիմա եթե նոր ավիաընկերություն ենք ցանկանում ավելացնել ու չենք ֆիքսում նոր ուղղություն, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայան, նշանակում է, որ ինչ-որ մի բյուջետային ավիաընկերություն Փարիզի մեկ այլ օդանավակայանից կարող է թռիչք իրականացնել Հայաստան ՝ օգտվելով այս արտոնությունից, ինչի հետևանքով մենք Հայաստանում տարիներ շարունակ գործող ավիաընկերությանը կդնենք վատ դրության մեջ»,- ընդգծեց Թունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.