Գինու սոուսի մեջ եփած ձիու միս, շպեցել եւ ընտանեկան տաքուկ մի տոն՝ Էլզասյան ավանդույթներով. «Ալամեզոն» Բլոգ

Գինու սոուսի մեջ եփած ձիու միս, շպեցել եւ ընտանեկան տաքուկ մի տոն՝ Էլզասյան ավանդույթներով. «Ալամեզոն» Բլոգ
Գինու սոուսի մեջ եփած ձիու միս, շպեցել եւ ընտանեկան տաքուկ մի տոն՝ Էլզասյան ավանդույթներով. «Ալամեզոն» Բլոգ

Օգոստոսի երրորդ կիրակին Էլզասի Էուշո գյուղի բնակիչները տոնում են իրենց սիրելի գյուղի տոնը: Սիտլլերների ընտանիքի համար սա շատ կարևոր տոն է: Դեռ մեկ շաբաթ առաջ Ժերար պապն պատրաստվում է այդ օրվան: Թոռները, ծոռները և փեսաները պապին սիրով կոչում են պատրիարք, և նա հիրավի օրինակելի ընտանիքի նահապետ է: 83-ամյա Ժերարն ու 80-ամյա Իվոնն ամուսնացած են արդեն 60 տարի, ունեն հինգ երեխա` չորս աղջիկ և մեկ տղա, ովքեր իրենց հերթին ունեն երեխաներ և թոռներ: Երբ մեծ առիթներին ընտանիքը հավաքվում է, արդեն իսկ 50 հոգուց ավելի են լինում:

Չեմ կարող չհիանալ նրանց ընտանիքի համերաշխությամբ, որտեղ ամեն մեկը իր դերն ու տեղը ունի: Անկախ սեռից, բոլորը հավասար են պապի և տատի համար, երբեք չեմ նկատել, որ որևէ մեկին առանձնացնեն: Դեհ, արդեն 60-ն անց փեսաներն էլ Ժերարի համար վաղուց ընկերներ են դարձել: Ի հեճուկս այն կարծիքի, թե Եվրոպայում ամուսնանալն ու բաժանվելը խաղ ու պար է, պիտի փաստեմ, որ դա Եվրոպայից չի գալիս, այլ մարդկանցից:

Շատ ու շատ ֆրանսիական ընտանիքներ գիտեմ, որտեղ ամուսիններն ապրում են սիրով և համերաշխ մինչև խոր ծերություն: Բոլորին բռնել և մի արշինով չափելը, կարծում եմ, շատ սխալ է, այդպես դուք երբեք ճիշտ չեք ընկալի ֆրանսիական արժեքները, որոնք երբեմն այնքան մոտ են հայկական մեզ ծանոթ ու հարազատ արժեքներին: Դրա վառ օրինակներից է այսօրվա մեր տոնը և խնջույքը, որ կազմակերպել էին ընտանիքի մեծերը: 

Օրվա գլխավոր ուտեստը «ռոսբիֆն» է` գինու սոուսի մեջ եփած ձիու մարինացված միսը, և հավկիթով, ալյուրով և ձեթով պատրաստված շպեցել եփած խմորը: Այդ ամբողջը պատրաստում է Իվոն տատը, իսկ չորս աղջիկները` սկեսուրիս գլխավորությամբ, հավասար օգնում են խոհանոցում: Ջահելներին օգնել չեն թողում:

– Գնացե´ք գյուղի կենտրոն խնջույքին մասնակցելու, երիտասարդ եք, դեռ կհասցնեք աշխատել,- այս բառերով մեզ դուրս են «վռնդում» խոհանոցից: 

«Քեֆը» սկսում ենք նախուտեստներից, այնուհետև տատը հանդիսավորությամբ բերում է գլխավոր ուտեստը և սկսում մատուցել: Երբ վերջացնում ենք, բոլոր թոռներին և ծոռներին հավասար գումար է տալիս և ուղարկում գյուղի կենտրոնական հրապարակ, որտեղ տեղադրված են մանկական և մեծահասակների ատրակցիոններ, քաղցրավենիքի տաղավարներ, իսկ գետափին հավաքված մարդիկ հետևում են փոքրիկ նավակներով մրցարշավին: 

Այդպես է եղել միշտ` փաստում է ամուսինս, տոնակատարությունը երբեք բաց չեն թողել: Ու չնայած պատկառելի տարիքի, Ժերարն ու Իվոնը ամեն տարի մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում տոնին, իսկ թոռների և ծոռների միակ ցանկությունն է, որ Սիտլլերների պատրիարքը ու ամենաբարի տատիկը դեռ երկար ուրախացնեն և հիացնեն իրենց քաջառողջությամբ:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab.am