ՄԽ համանախագահները կոչ են անում զերծ մնալ կրիտիկական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի բախումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հաստատված հարաբերական կայունությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ մարտական  գործողությունների թուլացումից և նախապատրաստվել առարկայական բանակցությունների՝ կոնֆլիկտի համապարփակ լուծում գտնելու համար։

Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այս բարդ շրջանում չափազանց կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից՝ ներառյալ սպառնալիքները կամ ենթադրյալ սպառնալիքները՝ ուղղված  քաղաքացիական բնակչությանն ու կրիտիկական ենթակառուցվածքներին։

Համանախագահներն ընդգծում են, որ համանախագահ երկրների համատեղ ջանքերը քննադատող վերջին հրապարակային հայտարարությունները կամ կարգավորման գործընթացի մեջ միակողմանի «նոր պայմաններ» սահմանելու և ձևաչափը փոխելու ձգտումները չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը։ Համանախագահները հաստատում են, որ տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս  արտահայտվում է առավելապաշտական մոտեցումներից զերծ մնալու, հրադադարի ռեժիմին խստորեն հավատարիմ մնալու, սադրիչ հայտարարություններից և գործողություններից զերծ մնալու մեջ։

Համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը իրենց  երախտագիտությունն են հայտնում միջազգային կառույցների այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ղեկավարներին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ համընկել են համանախագահների համատեղ միջնորդական ջանքերի հետ  և աջակցել  դրանց։ Մենք հատուկ ընդգծում ենք այնպիսի  միջամտությունների անկողմնակալությունը, որոնք կողմերին կոչ են անում կենտրոնանալ լարվածությունը թուլացնելու վրա, ոչ թե վերջին լարվածությունն առաջացնելու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Համանախագահները ողջունում են դեէսկալացիայի և առանց պայմանների բանակցությունները վերսկսելու շուրջ միջազգային աճող կոնսենսուսը։

Համանախագահները հաստատում են, որ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը շարունակում են մնալ իրենց միջնորդական ջանքերի հիմքը։ Համանախագահները պատրաստ են հանդիպել երկրների ղեկավարներին կամ նրանց ներկայացուցիչների հետ ցանկացած պահի։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է որքան հնարավոր է շուտ վերադառնան տարածաշրջան»։