ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանի նոր Միջգործակալական արձագանքման ծրագրին, որն աջակցում է ԼՂ հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և Հայաստանում ընդունող համայնքներին

Փետրվարի 2-ը  2021 թ, Երևան – ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները`տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար:

Անցած տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վեց շաբաթյա մարտերն ավարտվեցին նոյեմբերի 9-ին՝ հրադադարի եռակողմ համաձայնագրով, այն բանից հետո, երբ ավելի քան 90,000 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, տեղահանվել էին Հայաստան:

«ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան», – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: ՄԱԿ-ը հավատարիմ է աջակցելու և պաշտպանելու իր պարտավորվածությանը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած կանանց, տղամարդկանց, աղջիկներին և տղաներին, ովքեր տուժել են հակամարտությունից:

ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը (https://bit.ly/36xLKrk) նախորդ շաբաթ՝ Մշտական համակարգողի և ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, և գործընկեր ՀԿ-ների հետ միասին: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում):

***

Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի հրապարակման մամուլի հաղորդագրությունը հասանելի է այստեղ: