Նաիրա Զոհրաբյան. «Զերծ մնացեք անբարոյական քայլերից եւ մի խաղացեք կրակի հետ»

Նաիրա Զոհրաբյան. «Զերծ մնացեք անբարոյական  քայլերից եւ մի խաղացեք կրակի հետ»
Նաիրա Զոհրաբյան. «Զերծ մնացեք անբարոյական քայլերից եւ մի խաղացեք կրակի հետ»

Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր անդրադարձել է ընդդիմություւն ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին տարածված տեղեկություններին եւ քննարկումներին, որոնք հատկապես ակտիվացան նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, երբ իր ելույթում ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ այդ թեմային:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե չի հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` «ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն» ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում։

Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստանն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, Հայ Ազգային Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։

Շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է, ընդդիմության առաջնորդն ասել էր.

«Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում, բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը։

Հավատացած եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համար»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո տարբեր շրջանակներում ակտիվացած քննարկումներին, Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե այդ համատեքստում «որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերեւս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին»:

«Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես  ինքը որակեց՝  ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում։

Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ  իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները՝  այդ թվում նաեւ առաջին նախագահը։ Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից,  հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է  խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Իր հայտարարության մեջ Զոհրաբյանը նաեւ նշել է, թե ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը  մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, «ապա ես նման շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին  ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական  քայլերից եւ չխաղալ կրակի հետ»։

«Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը, եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը։

Իմ կողմից ավելացնեմ, որ իրոք, անչափ կարեւոր է մինչեւ նոր ընտրությունները ամբողջովին հասկանալ, թե ինչո՞ւ մեր երկրում հնարավոր եղավ մարտի 1-ը, ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց, ովքե՞ր կարող էին կանխել, որ չկանխեցին։ Իսկ ընդհանրապես, բոլորին պարզ ու հասկանալի պետք է լինի, որ մենք թույլ չենք տալու շահարկել մեր կուսակցության անունը՝ ով էլ որ այդ շահարկողը լինի»,- հայտարարել է Զոհրաբյանը:

© Medialab.am