ԱԻՆ նախարարն անդրադարձավ Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ իր անվան շուրջ տարածվող լուրերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը անդրադարձավ Արցախի Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի գրավման վերաբերյալ իր անվան շուրջ տարածվող լուրերին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջինս Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում մասնակցե՞լ է բարձունքի գրավման օպերացիայի մշակման գործընթացին, Փիլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վարազաթմբի հետ ինքը կապ ունի այնքանով, որ 1996-1997 թթ. այդ տարածքում եղել է գումարտակի հրամանատար:

«Որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չառաջանա, կասեմ, որ այդ տարիներին Լելե Թեփեն եղել է իմ գումարտակի հրամանատարական դիտակետը: Խոսվում է նաև, որ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմում այդ բարձունքում լինելով հարավային ճակատի հրամանատարը՝ հազարավոր զոհեր եմ տվել:

Հարավային ճակատի հրամանատարը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը եղել է ԶՈՒ գլխավո շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ում վիրավորվելուց հետո, շտաբի պետի հրամանով ես եմ ստանձնել հրամանատարությունը: Անգամ, եթե ես լինեի Լելե Թեփե օպերացիայի մասնակից, ապա ոչ մի առումով կապ չպետք է ունենայի, քանի որ որպես զինվորական կատարել եմ ինձ տրված հրամանները: Կարծում եմ, որ վատ չեմ կատարել»,- նշեց Փիլոյանը:

Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ խոսակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ինքն է նման (Վարազաթումբը գրավելու) որոշում կայացրել: Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, անհեթեթ էր համարել այդ խոսակցությունները և ասել, որ ինքը միայն մոդերացիա է արել գեներալների խոսակցությունը և ոչ մի կարծիք չէր հայտնել:

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են:

Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»,- ԱԺ-ում ասել էր Փաշինյանը: