«24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել չորսի ոստիկանի վրա, ծիծաղելի է»․ Ինչու՞ պատժել հենց հիմա

«24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել  չորսի  ոստիկանի վրա, ծիծաղելի է»․ Ինչու՞ պատժել հենց հիմա
«24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել չորսի ոստիկանի վրա, ծիծաղելի է»․ Ինչու՞ պատժել հենց հիմա

Իրավապահների կողմից ձևական մոտեցում է նախորդ տարի Բաղրամյան պողոտայում լրագրողների գործունեությունը խոչընդոտած ոստիկանների նկատմամբ այսօր քրեական գործեր հարուցելը: Այս կարծիքին է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, ով պահանջում է համատարած պատժի ենթարկել այս գործով մեղավոր բոլոր ոստիկաններին:

Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Բաղրամյան պողոտայի դեպքերով չորս ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ովքեր մեղադրվում են լրագրողների նկատմամբ գործողությունների մեջ: Տուժած լրագրողներն ու ոլորտի մասնագետներն ավելի վաղ ահազանգել էին, որ ավելի քան մեկ տարի է՝ ՀՔԾ-ն անգործության էր մատնված, և ոչ մի բացահայտում չկար:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ի Բաղրամյան պողոտայում վաղ առավոտյան ոստիկանները բիրտ ուժ ու հատուկ տեխնիկա կիրառեցին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների ու իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ այդ օրը ոստիկանության ստորաբաժանումները խոչընդոտել էին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների՝ լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների մասնագիտական աշխատանքը: Նրանցից 13-ը ֆիզիկական բռնության էին ենթարկվել, ոստիկանները կոտրել, վնասել էին լրագրողների նկարահանող սարքերը, ոչնչացրել տեսագրություններ ու լուսանկարներ, առգրավել հիշողության քարտերը:

Դեպքից ավելի քան մեկ տարի անց է միայն ՀՔԾ-ն հայտարարում, որ մեղադրվող ոստիկաններ կան:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Հատուկ քննչական ծառայության այս հայտարարությունն ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի այն ներողության հետ, որը նա հայցել էր լրագրողներից՝ կապված հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ:

«Վերջին իրադարձություններից առաջ, երբ մենք հարցումներ էինք անում, իրենք ասում էին, որ 24 տուժող լրագրող ու օպերատոր կար, բայց որևէ մեղադրյալ ու կասկածյալ չկար: Բայց նույնիսկ այս պարագայում, երբ չորս մեղադրյալ կա, այս հետաքննությունը միևնույն է անվստահություն է առաջացնում, որովհետև 24 տուժող լրագրողի ու օպերատորի պարագայում ամեն ինչ բարդել այդ չորսի վրա, ծիծաղելի է: Ստացվում է, որ 4 ոստիկան ծեծել են 24 լրագրողի ու օպերատորի»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այն փաստերը, որոնք տեսանկարահանված ու առկա են համացանցում, լրատվամիջոցների արխիվներում, վկայում են այն մասին, որ լրագրողների նկատմամբ բռնությունը զանգվածային բնույթ է կրել, դրա հրամանները տվել են բարձրաստիճան ոստիկանները, իսկ նրանց ենթակաները ջանասիրաբար կատարել են այդ հրամանները՝ նաև չարաշահելով իրենց լիազորությունները:

«Այնպես որ, սա շատ ձևական մոտեցում է, և ստացվում է, որ գտել են ինչ-որ մարդկանց, որոնց ուզում են քավության նոխազ սարքել»,- ասում է Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ իրականում այդ վայրագություններն իրականացրել են բազմաթիվ ոստիկաններ, նրանց բոլորին պետք է պատասխանատվության ենթարկել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ վերջին իրադարձություններն այնպես խայտառակեցին ոստիկանությանը և այնպես ընդգծեցին ոստիկանական համակարգում առկա թողտվությունը, քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անահամաչափ ուժի կիրառումը, որ ոստիկանությունն ստիպված էր ինչ-որ քայլեր անել:

«Այս դեպքերի ֆոնին ընդգծվում էր, որ Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը լրագրողների նկատմամբ բռնությունների որևէ դեպք չեն բացահայտել: Ոչ միայն «Էլեկտրիկ Երևանի» մասով չկային բացահայտումներ, այլև նախորդ տարի լրագրողների նկատմամբ 14 բռնության դեպքեր կային, որոնցով հարուցվել էին քրեական գործեր, բայց որևէ գործ դատարան չէր մտել, բոլորը կարճվել էին»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

ՀՔԾ այս քայլը, իրավապաշտպանի խոսքով, ձևական բնույթ է կրում, ցուցադրական է, որ ինչ-որ բան են ուզում անել: Ըստ նրա՝ իրավապահները տեսան, որ հասարակությունը բացահայտ ընդվզում է նրանց գործողությունների նկատմամբ, ոստիկանությունը բացահայտ օրենքից դուրս է գործում, և ոստիկանության անպատիժ մնալը հանրությունն այլևս չի հանդուրժում:

«Եվ այս ֆոնին փորձում են ինչ-որ մի քայլ անել: Հատկապես պետք էր այս վերջին դեպքերով քրեական գործեր հարուցել ամենաբարձր պատասխանատունների նկատմամբ՝ սկսած ոստիկանապետից, և պատասխանատվության ենթարկել: Սարի թաղի դեպքերն ուղղակի հարձակում էին մարդկանց վրա, թիրախավորված հարձակում էր լրագորղների վրա: Էլեկտրիկ Երևանի ու դրան նախորդած դեպքերի ժամանակ անպատժելիությունն ու թողտվությունը բերեց այս վերջին իրադարձություններին, որոնք իրենց չափով ավելի մեծ էին: Դա ոստիկանության կողմից բանդիտական հարձակում էր խաղաղ բնակչության վրա»,- ասում է իրավապաշտպանը:

Միաժամանակ Ժաննա Ալեքսանյանը նկատում է, որ իրավապահների այս ձևական քայլով հասարակության կրքերը չեն հանդարտվի, քանի որ մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են, թե ինչ է իրականում կատարվում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատում է, որ իրավապահները զոհաբերություններ են սկսել անել, որոնցով փորձում են հանրության կրքերը հանդարտեցնել: Նրանք այդ քայլին գնում են, քանի որ այս տարվա հուլիսյան իրադարձությունները մեծ աղմուկ բարձրացրեցին: Ըստ իրավապաշտպանի՝ այնինչ պետք է բարձրաստիճան ոստիկաններին պատժել այս գործերով:

«Բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, նրանք որպես մեղադրյալ չեն ներգրավվել: Հետևաբար, սա խոսում է այն մասին, որ շատ փոքր զոհաբերություններով փորձում են ցույց տալ, թե իշխանությունը հակված է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին: Այնինչ, առաջին հերթին նման իրադարձություններից հետո պետք է պաշտոնանակ արվեր ոստիկանապետը».- ասում է Սաքունցը:

Էմմա Մանուկյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

MediaLab.am