«Այս օրերի ընթացքում Արցախում ապրող յուրաքանչյուր բնակիչ իր պայքարով ուղղակի ձախողեց Ալիևի պլանները»․ Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, Լաչինի միջանցքի ճգնաժամի հանգուցալուծումը, ըստ ձեզ, մո՞տ է։

– Կարծում եմ, որ միջանցքի խնդրի հանգուցալուծմանը դեռ երկար կա, քանի որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ սա այն չէ, ինչ իրենք ամենասկզբում ներկայացնում էին, ու իրենք ունեն շատ ավելի հեռուն գնացող նպատակներ։ Այլ հարց է, թե մենք ինչպե՛ս կկարողանանք դիմակայել թշնամու առաջադրած խնդիրներին։

– Իսկ շրջափակման այս 46 օրն ի՞նչ ցույց տվեց։ Այդ դիմակայությունը պատշաճ կերպով տարվո՞ւմ է։

– Կարծում եմ, որ այս օրերի ընթացքում Արցախում ապրող յուրաքանչյուր բնակիչ իր պայքարով ուղղակի ձախողեց Ալիևի պլանները։ Այն, ինչ նախատեսել էին ադրբեջանական իշխանությունները, ուղղակի չստացվեց, իսկ դա արդյունք էր նրա, որ Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկացավ, թե իրականում ինչ է կատարվում։

Նրանք ցանկանում էին այս կերպ, օգտվելով այն հանգամանքից, որ այսօր աշխարհը զբաղված է տարբեր թեժ կետերի գործողություններով, որպես իրենց ներքին հարց լուծել Արցախի հարցը ու կոտրել արցախցու կամքը, սակայն դուք տեսաք, թե արցախցին ինչպիսի դիմադրություն ցույց տվեց, չընկրկեց:

Դրան օժանդակեցին նաև մեր սփյուռքահայ բարեկամները, որոնք կարողացան իրենց ակցիաներով այս ամենին հանրային հնչեղություն հաղորդել, ու հարցը սկսեց քննարկվել տարբեր միջազգային հարթակներում, ինչն Ադրբեջանի համար ձախողում էր, ու հիմա, կարծում եմ, Ադրբեջանը հայտնվել է ցայտնոտի մեջ ու չի հասկանում՝ ինչ է պետք անել։

– Դուք ասում եք, որ խնդրի հանգուցալուծմանը դեռ երկար կա, ճիշտ է նաև, որ արցախահայությունը պատրաստակամ է ու չի պատրաստվում հանձնվել, բայց որքա՞ն կարող է այս ընթացքը շարունակվել։

– Այս պայքարը պետք է միանշանակ զուգակցվի Հայաստանի իշխանությունների փոփոխմամբ, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ հնարավոր չէ Արցախը առանձին փրկել և հնարավոր չէ Հայաստանն առանձին փրկել։

Միևնույն ժամանակ, մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները եկել են հենց Արցախը հանձնելու ու Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ սարքելու նպատակով։

Արցախի Հանրապետության ներկայիս վիճակը, իհարկե, պայքարի մեկ մասն է ուղղակի, սա միգուցե կարող է լինել այն կայծը, որը կարող է Հայաստանում մեծ ալիք բարձրացնել ու բերել այս իշխանությունների փոփոխման, որովհետև Հայաստանի՝ ազգային մտածողությամբ ու ազգանվեր իշխանության պարագայում է հնարավոր միայն, թեկուզ այսպիսի զրկանքների դիմանալու գնով, կարողանալ ինչ-որ հաջողության հասնել։

Որքան էլ մենք ուզենանք մտածել, որ հնարավոր է առանց Հայաստանի ինչ-որ գործողություններ կամ բանակցություններ անել, այնուամենայնիվ, շատ լավ հասկանում ենք, որ այսօր բանակցողը Հայաստանի իշխանությունն է։ Մեզ հնարավորություն կընձեռվի ինչ-որ բան անել, եթե և՛ Հայաստանում, և՛ Արցախի Հանրապետությունում մենք ունենանք ուժեղ և ազգային մտածողությամբ իշխանություն, որոնք կկարողանան իրար հետ փոխհամագործակցելով, իրար փոխլրացնելով այս իրավիճակից դուրս գալ։

– Հայաստանում իշխանափոխության այդ կայծերը տեսնո՞ւմ եք։

– Ես կարծում եմ, որ այսօր և՛ Հայաստանում ապրող հայի, և՛ Արցախում ապրող հայի մեջ կա այն զգացողությունը, որ պետություն ենք կորցնում, ու պետք է դրա դեմ պայքարել։ Այդ զգացողությունն էլ ավելի մեծացնում են այն բոլոր դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունենում Հայաստանում՝ կացարանում զինվորներ են այրվում, թշնամին քայլ առ քայլ առաջ է գալիս, թշնամի պետության ղեկավարությունը հոխորտանքի լեզվով է խոսում մեզ հետ, իսկ մեր կողմից չկա ոչ մի պատասխան։

Բայց, կարծում եմ, դեռևս չի ձևավորվել այն ուժը, որը կկարողանա այդ ցասման ալիքը կազմակերպել ու ճիշտ ուղղորդել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս վիճակը, ու դա վաղ թե ուշ տեղի է ունենալու, ընդամենը ժամանակի հարց է։

– Ուղղորդող ուժը պետք է քաղաքակա՞ն ուժ լինի, պարո՛ն Հակոբյան։

– Քանի որ դա քաղաքական հարց է, հետևաբար պետք է լինի այնպիսի ուժ, որը հետագայում այսպես թե այնպես ստիպված է քաղաքական լուծումների գնալ։

– Իշխանափոխություն Արցախում և՞ս պետք է։

– Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում պետք է ձևավորվի ուժեղ, ազգային գաղափարախոսություններով օժտված կենտրոնաձիգ իշխանություն, և նրանք պետք է կարողանան իրար հետ փոխհամագործակցել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

– Եթե Հայաստանում իշխանությունը չի փոխվում, ի՞նչ է սպասվում։

– Ես կարծում եմ, որ Հայաստանում իշխանություններն անպայման փոխվելու են։

– Իսկ այդ փոփոխությունը մո՞տ ապագայում եք ակնկալում։

– Դա պետք է հնարավորինս շուտ լինի, որովհետև մենք ուղղակի մեզ նման շռայլություն թույլ տալու իրավունք չունենք։ Մենք տեսնում ենք՝ օր օրի մեր վիճակն էլ ավելի է վատանում, թշնամու դիրքերն էլ ավելի են ուժեղանում, իսկ մենք այլևս հնարավորություն չունենք երկար սպասելու, մենք արդեն բավականին ուշացել ենք, ուստի պետք է օր առաջ փոխել այս իշխանություններին ու սկսել վերականգնել հայի արժանապատվությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am