Ծաղկունքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը


Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կավարտվի հանդիսությունների սրահի հիմնման ծրագիրը, որը սկսվել էր 2018 թվականից:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ծաղկունքի հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի ավարտական փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 500 հազար դրամ, որից 3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 178 հազար դրամը՝ համայնքի բարերարը, 3 միլիոն 332 հազար դրամը՝ Ծաղկունքի համայնքապետարանը:

Համայնքի ղեկավար Պետիկ Աղաջանյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթում մասնակցության հայտերի բացակայության պատճառով այն հայտարարվել է երկրորդ անգամ: «Ծրագրի առաջին փուլով, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մանկապարտեզի շենքի ազատ մասնաշենքերից մեկում, որը վերածվում է հանդիսությունների սրահի, կատարվել են հիմքերի ամրացման, դռների եւ լուսամուտների տեղադրման, արտաքին հարդարման եւ այլ կարգի աշխատանքներ:

Այս փուլում ավարտի կհասցվեն բոլոր կարգի աշխատանքները, եւ շուտով համայնքը կունենա հանդիսությունների ժամանակակից սրահ »,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։