Շվեյցարիայի նվերը Հայաստանի հանրային ռադիոյին

Շվեյցարիայի նվերը Հայաստանի հանրային ռադիոյին
Շվեյցարիայի նվերը Հայաստանի հանրային ռադիոյին

Հայաստանի հանրային ռադիոն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը:

Այս ծրագիրը մեծ դեր ունեցավ հայկական երաժշտական ավանդույթի պատմական հիշողությունը պահպանելու հարցում:

Ծրագրի շրջանակներում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերեցին և վերանորոգեցին Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները, որոնք օգտագործվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար:

«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում, սակայն, քանի որ այլևս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է: Հանրային ռադիոն ունի 6 այդպիսի նվագարկիչ, որոնցից աշխատում էր միայն 3-ը:

Շվեյցարացի մասնագետների ջանքերի շնորհիվ ներկայում 6-ն էլ կատարյալ վիճակում են, ինչի արդյունքում ժապավենային արխվի թվայնացման արտադրողականությունը կրկնապատկվել է: Կարգաբերման աշխատանքները անձամբ անցկացրել է «Շտուդեռ» գործարանի ինժեներ Յոհակիմ Յունգսթը և Յուրգ Շոպերը՝ «ՇՈՊԵՐ ԷյՋի Վինթերտուր» ընկերությունից (Schopper AG Winterthur):

Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ այս ծրագրի իրականացումը անհնար էր պատկերացնել առանց Տկն. Սյուզան Ռիբիցկի Վարգայի մեծ նվիրատվության, ի հիշատակ իր հոր՝ մաեստրո Տիբոր Վարգայի:

Հանրային ռադիոյի ձայնադարանում այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ մոտ 100 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ռադիոբեմականացումներ։

Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և արխիվային այլ նյութեր:

Ոսկե ֆոնդի թվայնացված հարուստ արխիվը հասանելի է նաև armradioarchive.am կայքի շնորհիվ: