«Կորոնավիրուսը նախկինների համար Աստծո պարգև էր, ամեն ինչ անելու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալելու համար»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել՝ նշելով, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը՝ դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական ուժերին, տարբեր գործիչներին ուղղված համախմբման կոչերը, և որքանով նրա կոչին արձագանքողներ կլինեն:

– Նախ ուզում եմ հիշեցնել, որ մինչև Վանեցյանի՝ հակաճգնաժամային կառավարության կոչը, մի շարք քաղաքական ուժեր ևս հանդես են եկել հայտարարությամբ, որ այս պահին, այո՛, անհրաժեշտ է ստեղծել հնարավորինս ընդգրկուն հակաճգնաժամային կառավարություն: Այդ հայտարարությունը շատ ավելի վաղուց արել է Ազգային ժողովրդավարական բևեռը: Բայց այն, ինչ առաջարկում է Վանեցյանը, նա լրիվ այլ, հակառակ տեսանկյունից է դրա մասին խոսում:

Պետք է ասել, որ Վանեցյանը եղել է հենց այս կառավարության անդամ, որին մեղադրում է: Նա ցույց չի տվել, որ ինքը խիստ արդյունավետ է աշխատել: Հետևաբար մենք չենք կարող ենթադրել, որ իր կամ իր թիմի ընդգրկումը կարող է վիճակը բարելավել: Ես սա պարզապես ընկալում եմ որպես իրենց համար պատեհ պահի օգտագործման հերթական փորձ:

Որովհետև ակնկալվում էր, և ես դրա մասին բազմաթիվ անգամ եմ ասել, որ մայիս-հունիս ամիսները բավական լարված են լինելու նաև արտաքին ուժերի հրահրման առումով, և դա մենք տեսնում ենք: Իսկ մեր իշխանություններն էլ, ցավոք սրտի, բազմաթիվ առիթներ են տալիս դրա համար:

Ես Վանեցյանի կոչն ընկալում եմ որպես պատեհությունն օգտագործելու քայլ, ոչ թե իսկապես արդյունքների բերող որևէ նախաձեռնություն: 

– Մենք տեսնում ենք, որ Միքայել Մինասյանը ևս կոչերով է հանդես գալիս՝ այս անգամ արդեն ուղղված «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որում ասում է՝ եկեք, ձեր միջից այլ վարչապետ ընտրեք: Հնարավո՞ր է սա Վանեցյանի հետ նույն սցենարի տարբեր բաղադրիչները լինեն: 

– Այո՛, շատ հավանական է: Ավելին, ես սրան կգումարեի Մոսկվայից հնչող զանազան կոչերը և հոդվածները: Մասնավորապես, Մոդեստ Կոլերովի վերջին հոդվածը՝ կապված Արցախի, այսպես կոչված, անկախացման հետ, այն էլ հստակ՝ Հայաստանից անկախացման հարցի հետ: Այդ բոլոր հայտարարությունները Մոսկվայից՝ սկսած գազի գնի վերաբերյալ, դրանից առաջ՝ «Հարավկովկասյան երկաթուղիում» իբր հալածանքների վերաբերյալ, ցույց է տալիս, որ այստեղ տեղի է ունենում մի շատ պարզ բան՝ գեներացվում է ժողովրդային դժգոհություն ընդդեմ իշխանության՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Դա արվեց 1-2 շաբաթ, հիմա ձեռքի հետ առաջարկում են լուծում, այն է՝ քանի որ, ըստ իրենց, Նիկոլ Փաշինյանը խորտակվում է, իշխող թիմին ասում են՝ դուք մի՛ խորտակվեք, եկեք ձեզնից մեկին ընտրեք վարչապետ ու էլի՛ մնացեք նավի վրա: Սա պարզապես մարտավարություն է պառակտելու, տրոհելու համար, որի վերջնական նպատակը անիվը հետ շրջելն է, այն, ինչ երկու տարի առաջ քայլ էր կատարվել:

– Այս գործընթացները որքանով կհանգեցնեն դժգոհության ավելացման, սոցիալական բունտի, որովհետև այս ամենին զուգահեռ նաև հանրության շրջանում կա արդարացի դժգոհություն դատաիրավական համակարգից, թե ինչպես են մարդիկ անգամ փակ սահմանների պարագայում անարգել լքում երկիրը: 

– Եթե մենք սոցիալական բունտ ասելով հասկանում ենք այն, որ ժողովրդի լայն զանգվածներ փողոց դուրս կգան, ինչպես դա արեցին 2018-ի գարնանը, ես նման բան չեմ կանխատեսում: Ժողովուրդն այդուհանդերձ դեռևս հույսեր է կապում այս իշխանության և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ:

Բայց ես ուզում եմ շեշտել, որ այս ամենի մեջ անձնապես մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև երբ նա ձևավորվում էր իշխանություն, փոխանակ բարձր վարկանիշ ունենալով ներառական կառավարություն, ներառական իշխանություն ձևավորեր և հնարավորինս ներառական խորհրդարան ձևավորեր՝ տարբեր ուժերի ներառմամբ, սկսեց բոլորին օտարել, բոլորին հակադրել իրեն, նա շալակեց մարդկանց, որոնք պարզապես բեռ են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Այդ մարդիկ ոչ միայն չավելացրեցին այդ վարկանիշը, այլև դարձան այդ վարկանիշի սպառողներ: Փաշինյանը բազում սխալներ արեց այս ընթացքում: Հիմա բնական է՝ տեսնելով, որ վարկանիշը անկում է ապրում, նպաստելով այդ անկման սաստկացմանը, նաև այս կորոնավիրուսը նախկինների համար Աստծո պարգև էր, վիճակը շատ վատացել է, հիմա նրանք ամեն ինչ անելու են Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալելու համար՝ լինի ներսից թե դրսից:

Ներսից ասելով՝ նկատի ունեմ և՛ Հայաստանից, և՛ «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ դրսից ասելով նկատի ունեմ այն, որ Մոսկվայից հստակ ճնշում կա Հայաստանի վրա, այդ թվում՝ Արցախի հարցում: Գնում է Արցախի աբխազացման քաղաքականություն: Շատ բարդ վիճակում է ՀՀ իշխանությունը, բայց անհույս չէ վիճակը:

Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ կողմնորոշվի, կարող է այս վիճակը շտկել: Բայց քիչ հավանական եմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը այդ կարողությունները կունենա՝ այս ամբողջը կառավարելու: Ես մի քիչ մտահոգություն ունեմ, որ ներիշխանական վիճակը կարող է բավականին սրվել: 

Ի վերջո, այս զորավարժությունները, որ հիմա անցկացվում են մեր սահմանների շուրջ, կարող են վերաճել նաև ռազմական բախումների, որը կարող է լինել վերջին կաթիլը, կատալիզատոր կարող է հանդիսանալ դժգոհության ամենահզոր ալիքի համար: Կապրենք՝ կտեսնենք:

– Ինչո՞ւ եք կարծում, որ քիչ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը կփոխի իր մարտավարությունը, որովհետև ինքն ավելի շատ սովոր է միանձնյա՞ գործելու:

– Կառավարումը ոճ է, իսկ ոճը մարդն է: Դա նրա բնավորությունն է: Նրա այս 1,5-2 տարվա կառավարումը ցույց է տալիս, որ նա չի կարողանում պարզապես կառավարել: Նա չգիտի՝ ինչ անի, չգիտի, թե որ հարցն է առաջնային: Ոչ միայն նա, այլև իրենց թիմը, որ այս ծանր պահին ավտոմեքենաների համարանիշների անվանափոխման ինչ-որ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս:

Երբ խորհրդարանը՝ նստած, ինչ-որ մի կիսախելագարի կողմից ինչ-որ մեկի հասցեին ասված խոսքն է դարձնում քննարկման առարկա: Ու դա այն պահին, երբ Երևանից 40-50 կիլոմետրի վրա կուտակված են թուրքական հրթիռները, որոնք ի վիճակի են ավերակների վերածելու Երևանը:

Այսպիսի լրջագույն հարցերը թողած՝ ընկել ինչ-որ անհասկանալի բաներով են զբաղվում: Ասենք՝ մենք ոնց ենք դատողություն անում՝ շախմատիստը լա՞վ է խաղում, թե՞ ոչ: Նայում ենք իր խաղացած պարտիաները ու ասում ենք՝ ուժեղ խաղա:

Նայում ենք, թե ոնց է իշխանությունը կառավարել նախկինում, շատ վատ է կառավարել, և ինչո՞ւ պետք է մտածենք, որ հիմա պետք է լավ կառավարի: Ինչպես ծառը պտուղից է ճանաչվում, այնպես էլ կառավարությունը ճանաչվում է իր կատարած քայլերից ու ստացած արդյունքներից: 

– Իսկ այն, որ այդպես անարգել կարողանում են հեռանալ մարդիկ՝ չնայած նրանց նկատմամբ քրեական գործեր կան, դա ինչի՞ հետևանք է: 

– Իսկ ինչո՞ւ չպետք է գնան: Հայաստանը չի վերահսկում իր սահմանները: Եթե մեր սահմանները Ռուսաստանն է վերահսկում և Ռուսաստանն ուզում է, որ այդ մարդիկ գնան Ռուսաստան, գնում են: Այդտեղ մերոնք ի՞նչ պետք է անեն: Երբ 2018-ի դեկտեմբերին ընտրությունների ժամանակ ես որպես աջակից ասում էի, որ Հայաստանը պետք է վերահսկի իր սահմանները, մարդիկ իրենց մեջտեղից ճղում էին՝ շփոթելով վերահսկումը սահմանների պաշտպանության հետ:

Մենք խոսում էինք անցակետերի վերահսկման մասին: Հիմա եթե մենք ոչ մի տեղ չենք վերահսկում մեր սահմանները, իրենց ձեռքն է, ում ուզեն՝ կթողնեն, ում ուզեն՝ չեն թողնի: Նրանց ձեռ է տալիս, որ այդ մարդիկ չլինեն Հայաստանում, այլ գնան Ռուսաստան, որովհետև նախ՝ դրանով կանխում են շատ բացահայտումներ, կոռուպցիոն բազմաթիվ շղթաներ, որոնք հաստատ Հայաստանից գնալու են դուրս, երկրորդ՝ դժգոհների մեծ խումբ է կուտակվում հիմնականում Մոսկվայում, որը նրանք ուզում են օգտագործել որպես հերթական հեղկոմ:

Ինչպես 1920 թվականին Բաքվում Կասյանի գլխավորությամբ ձևավորեցին այդ հեղկոմը, մի խումբ հայկական ազգանունով մարդկանց բերեցին, տապալեցին Հայաստանի իշխանությունը և նրանց դրեցին, հիմա էլի ուզում են դա խաղարկել: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով դա կկանխենք, բայց լուրջ վտանգ կա: 

Մանե Հարությունյան

MediaLab.am