Իրականացվում են դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը՝ միտված եզդի աղջիկների և կանանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նախատեսվում է եզդիաբնակ համայնքների 50 ուսուցիչների, սոցիալական աշխատողների և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացնել միջոլորտային համագործակցությամբ դասընթացներ (երկու 4-օրյա դասընթաց, յուրաքանչյուր դասընթացին՝ 25 մասնակից)՝ ստեղծելով եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրացման նպաստավոր միջավայր:

Ծրագիրը երեք ամիսների ընթացքում (հունվարից մինչև մարտ) կիրականացվի ՀՀ վեց մարզերում՝ Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում և Երևանում: Մասնակիցները բաց մրցույթով կընտրվեն հանձնաժողովի կողմից՝ ըստ լրացված հայտաձևի:

Դասընթացի թեմաները լինելու են 2 ուղղությամբ. 1-ին դասընթացը, որը կանցկացվի ուսուցիչների և ՔՀԿ ներկայացուցիչների համար, կներառի մեթոդներ և գործիքներ/գործիքակազմ, թե ինչպես կիրառել մարդու իրավունքների վրա հիմնված կրթություն, ինչպես աջակցել եզդի աղջիկների և կանանց կրթական իրավունքների իրականացմանը և խթանել այն, ինչպես տարածել ոչ խտրական վերաբերմունք:

Հիմնական թեմաները կլինեն էթնիկ փոքրամասնությունների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, կրթության իրավունքի իրացումը, 12-ամյա պարտադիր կրթությունը, սահմանադրական պահանջը, հանրակրթական դպրոցի ղեկավարության պարտականությունները դրանց իրականացումն ապահովելու գործում, ոստիկանության և սոցիալական աշխատողների դերը կրթության իրավունքի՝ առանց էթնիկ, կրոնական, սեռի խտրականության իրացմանը նպաստելու գործում, այս իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը:

2-րդ դասընթացը կանցկացվի սոցիալական աշխատողների համար: Այն միտված է գենդերազգայուն և ոչ խտրական ուսուցման միջավայրի ստեղծմանը աջակցելուն. աշխատանքները հիմնականում կիրականացվեն եզդի ծնողների հետ՝ խրախուսելու և հորդորելու նրանց՝ վերացնելու եզդի աղջիկներին կրթելու խոչընդոտները: Դրանք կներառեն նաև ծնողավարության թեմաներ։ Դասընթացը կանդրադառնա նաև գենդերային կարծրատիպերին, կրթության իրավունքի ազատ և հավասար իրականացմանը։

Դասավանդվող թեմաներն են վարքագծի փոփոխության հաղորդակցման (BCC) մեթոդաբանությունը՝ խթանելու, խրախուսելու և ուսուցանելու եզդի ծնողներին՝ դաստիարակելու ազատ և իրավահավասար անհատների, ինչպես նաև երեխաների տարիքային առանձնահատկությունները, հոգեբանական մոտեցումները, բռնության տարբեր տեսակները/դրսևորումները, կանանց դերի բարձրացումը և այլն։