Լեւոն Տեր-Պետրոսյան. Հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր ընդունելություն էր կազմակերպել նաեւ ընդդիմությունը: Միջոցառմանը չնախատեսված ելույթ է ունեցել նաեւ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իր խոսքում նշել է, որ «անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը»:

«Մարդիկ, որոնք ոչ միայն կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլեւ նրանցից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, այսօր հեռուստատեսությունից, բեմերից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը»,- իր ելույթում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ այդ մարդիկ պղծում են անկախություն հասկացությունը։

Նա նաեւ նշել է, որ ժամանակին կորսված անկախությունը հաջողվել է վերականգնել իններորդ դարում Բագրատունիներին, տասներորդ դարում՝ Ռուբինյաններին, 1918-ին Արարատյան Հայաստանի ժողովրդին: «Եվ չորրորդը՝ մենք ենք, դուք եք եւ հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

© Medialab.am