«Տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց». ԼՂՀ նախագահի թեկնածուի նամակը` մյուսին՝ գործող նախագահ Բակո Սահակյանին

«Տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց». ԼՂՀ նախագահի թեկնածուի նամակը` մյուսին՝ գործող նախագահ Բակո Սահակյանին
«Տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց». ԼՂՀ նախագահի թեկնածուի նամակը` մյուսին՝ գործող նախագահ Բակո Սահակյանին

ԼՂՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը այսօր բաց նամակ է գրել ԼՂՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին, որտեղ նշում է, որ դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած տեղական իշխանությունները արդեն քարոզչություն են իրականացնում հօգուտ գործող նախագահի:
«Դուք մինչեւ Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը հանդիսանում եք Սահմանադրության հետեւողը, ինչպես նաեւ պաշտոնը ստանձնելիս երդվել եք անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Արդ, պետք չէ մոռանալ, որ Դուք ոչ միայն ԼՂՀ նախագահի թեկնածու եք, այլեւ` դեռևս գործող նախագահ: Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը»,- գրել է Բալասանյանը:
Նախագահի թեկնածուն գրել է, որ քարոզարշավը դեռ չսկսած՝ Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը` սկսել են նախընտրական քարոզարշավը եւ անօրինական կազմակերպչական աշխատանքներ են տանում տեղերում: Այդ գործում, ըստ նամակի, ընդգրկված են նաեւ շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ:

«Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար: 2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ եւ անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները եւ այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության և երկրի միջազգային վարկանիշի նվազման»,- գրել է Վիտալի Բալասանյանը:

Նա նաեւ հավելել է, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ինքն ու իր թիմակիցները չեն հանդուրժելու նման զարգացումները եւ օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու:

Հավելենք, որ այսօր ԼՂՀ ԿԸՀ-ն գրանցել է նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր չորս թեկնածուներին:

Ըստ այդմ, նախագահական ընտրություններում իրար դեմ են մրցելու ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, անկուսակցական, թոշակառու Վալերի Խաչատրյանն ու Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, անկուսակցական Արկադի Սողոմոնյանը:

© Medialab.am