Մեր կողքին ապրող մարդիկ. Սառան 

Սառա Թրեվեթը

Անգլիացի Սառա Թրեվեթը մոտ ութ տարի առաջ ընկերների՝ Էլլա և Մեթ Բարթելզյանների խորհրդով ամուսնու և երկու երեխաների հետ եկավ Հայաստան: Սա երկշաբաթյա փոքրիկ փորձ էր՝ հասկանալու, թե արդյոք կուզենայի՞ն ապրել այս երկրում: Լոնդոն վերադառնալուց ու ևս մեկ տարի այնտեղ ապրելուց հետո վերջնական որոշում կայացրին՝ տեղափոխվել Երևան: Սառան աջակցող մասնագետ է, իսկ ամուսինը՝ ճարտարապետ:

Սառայի տուն գնացինք լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի հետ: Մինչև մանկապարտեզի դարպաս հիշեցնող տան մոտ հայտնվելը, գործընկերոջս ասացի, որ Սառան շատ ջերմ ու հյուրընկալ մարդ է: Պատմեցի նաև, որ երբ առաջին անգամ եկա այստեղ, հարևաններին հարցուփորձ արեցի, թե որտե՞ղ է Սառայի տունը:

Մանրամասն նկարագրեցին ու նաև ասացին, որ նա ատամնաբույժի մոտ է՝ հստակ նշելով, թե երբ կվերադառնա: Մինչ Սառան դուրս կգար, բակի մուտքի մոտ անզգուշորեն դիպա նռնենու ծառին, որն ութ տարվա մեջ առաջին անգամ է պտուղ տվել: Տանտիրուհին եկավ, գրկախառնվեցինք ու ոգևորված ասաց. 

– Դու չես պատկերացնի, թե ինչ եղավ ինձ հետ, երբ տեսա այս նուռը: Երբ Լոնդոնում էինք ապրում, ու ես փոքր էի, մայրս չգիտեմ որտեղից հայթայթում էր ինձ համար, որովհետև շատ եմ սիրում: Տեսնո՞ւմ ես՝ ոչինչ պատահական չի լինում, ես իմ տեղում եմ: 

Ճերմակաթույր մաշկով, փոքրիկ մազափունջը ճակատին թափված, կոկիկ հագնված՝ սա Սառայի մասին է, բայց նրան գեղեցկացնում է ոչ այնքան այս ամենը, որքան բարի ժպիտը ու չափազանց հոգատարությունը անգամ առաջին անգամ իր տուն մտնող օտարի հանդեպ:

Տան պատերին լիքը լուսանկարներ կան՝ Սառայի ու Սթիվի հարսանիքը, Լոնդոնում ապրող տատիկ-պապիկները թոռների հետ, տանտիրուհու քույրերը, ընկերները. դժվար չէ կռահել, որ այս տունը անպատմելի ջերմություն է պարունակում: 

Սառայի երրորդ աղջիկը, որը ծնվել է Հայաստանում, ծիկրակում է ննջասենյակից, ամաչկոտ նայում ու փախչում սենյակ: Նա հրաշալի հայերեն գիտի, այնքան վարժ է խոսում, որ երբեմն ամաչում է մայրիկի՝ դեռ ամբողջովին չհղկված հայերենի համար: Սառան ասում է, որ երբ իր երեք երեխաներին հարցնում են, թե արդյոք մայրիկը հայերեն խոսո՞ւմ է, արագ իր փոխարեն պատասխանում են՝ ոչ, որովհետև իր հայերենը նրանց համար շատ զավեշտալի է: 

Հետաքրքիր մի բան է նկատել. երբ վերջերս Լոնդոնում էին, երեխաները սկսել են որոշ անգլերեն բառեր մոռանալ ու իրենց հասակակիցների հետ խաղալիս հարցնել՝ երբ այսինչ արտահայտությունը արեցին, դա ի՞նչ էր նշանակում: 

– Դժվար է իմ երեխաներին բրիտանացի անվանել, բայց դժվար է նաև նրանց հայ անվանել: Մի երրորդ ազգություն ունեն իրենք, որ այս երկուսի մեջտեղում է: Երբեմն խոսելիս նկատում եմ, որ ասում են՝ բանը, բանը, ո՞նց էին այդ բառն անգլերեն ասում: Այստեղ արդեն ոչ միայն լեզվի, այլ նաև լեզվամտածողության հարց է առաջ գալիս: 

Սեղանին դրված անուշաբույր անգլիական թեյի կողքին հայկական քաղցրահամ խաղող է: Սառայի հյուրընկալությունն այս տուն առաջին անգամ ոտք դնողին շփոթության է մատնում: Չնայած Հայաստանում անգլիացիների մասին գրեթե ոչինչ չգիտեն, սակայն հայերը կարծում են, որ բրիտանացիները սառն են ու ոչ այնքան հյուրասեր: 

– Լոնդըն իզ դը քեփիթըլ ըֆ Գրեյթ Բրիթըն: Այս արտահայտությունը աֆորիզմ է դարձել Հայաստանում,- ասում է Սառան, ու նրա այտերի վրա հայտնվող փոքր ակոսները լայնանում են՝ ավելի գրավիչ դարձնելով պայծառ այս կնոջը: 

Պատշգամբից լսվող մյաուն հուշում է, որ տանը նոր բնակիչ է հայտնվել: Սառան շտապում է բացատրել, որ Լայընն է՝ շեկլիկ, մեզ «շան տեղ չդնող» կատուն, որ այնքա՜ն թագավորական էր բազմել սեղանին:

Երեխաները փողոցից են գտել ու Սառայի երրորդ դստեր 4-ամյակին բերել տուն որպես նվեր: Տունը, որ վարձակալել են, երկու այգի ունի, որոնք մշակված չէին, երբ նախորդ անգամ՝ մոտ երկու տարի առաջ, այցելեցի նրան:

Պատերազմից հետո սկսել է մշակել այգին: Ասում է, որ տեսնելով այդքան մահ, այդքան ցավ, ուղեղն ու օրգանիզմը միավորված պահանջում էին աճեցնել, կյանք տալ, մի լավ բան անել: Պատերազմի հետևանքները դժվար են անցնում, բաներ կան, որ երբեք չեն էլ ջնջվի: Մինչև հիմա, երբ անգամ որևէ այլ երկրում է, անսովոր ձայն լսելիս զգուշավոր է. 

– Մենք չէինք կարող պատերազմի ժամանակ թողնել Հայաստանը, հետո հետ գալ ու նայել մարդկանց աչքերի մեջ: Ես լավ հիշում եմ, որ այդ օրերին մերոնք զանգում էին Լոնդոնից, խնդրում էին, որ գնանք Բրիտանիա: Մի անգամ նույնիսկ քույրս խնդրեց, որ գոնե ճամպրուկները հավաքեմ, ասաց՝ դու ցնդել ես, երեք երեխաների մայրը ո՜նց կարող է իրեն այդպես պահել: Բայց երբ երեկոյան Սթիվը եկավ տուն ու տեսավ հավաքած ճամպրուկը, նայեց ինձ ու ասաց՝ Սառա, հիշի՛ր, Հայաստանն այն երկիրը չէ, որ պետք է սիրել, երբ ամեն բան լավ է, ու թողնել, երբ ամենից շատ է քո կարիքը զգում: 

Հայաստանում Սառան ու իր ընտանիքը երջանիկ են, տանն են, բայց իրենք էլ բախվում են խնդիրների: Սառային ասում եմ, որ մենք միշտ լավ բաներից ենք խոսում, բայց ութ տարի ապրելով այս երկրում, այսքան սիրելով ու փայփայելով այն՝ իրավունք ունի նաև վատի մասին բարձրաձայնել:

Մարտահրավերներ ունենում են թե՛ ինքն ու Սթիվը, թե՛ երեխաները: Վերջերս աղջիկը եկել է ու ասել, որ դպրոցում դասի ժամանակ ուսուցչուհին բացատրել է՝ մենք սերում ենք Հայկից, մեր երկիրը Հայքն է, ու աղջիկը նեղսրտել է, որովհետև ինքը Հայքից չի սերում, ու կուզենար պատմել, թե որտեղից է, իր երկրի մասին ևս խոսել: Տպավորություն է, որ Հայաստանում ապրող բոլոր մարդիկ Հայքից են սերում, բայց չէ՞ որ այս երկրում կան ազգային փոքրամասնոթյուններ, կան այլազգիներ, ու մի՞թե հետաքրքիր չէ նրանց ևս հարցնել իրենց ծագման մասին: 

– Եթե Բրիտանիայում ամեն համակարգ գործում է հստակ, ու կարգուկանոնը հարգելը պարտադիր է, ապա Հայաստանում հաճախ հույսը կարելի է դնել միայն անհատների մարդկային լինելու վրա:

Օրինակ՝ երբ երեք երեխաներիս դպրոց ու մանկապարտեզ եմ տանում, տաքսիներից եմ օգտվում: Եթե վարորդը բարեվարք ու պատրաստակամ է, ապա նրան կարելի է խնդրել, որ ամրագոտին կապի, որ դանդաղ վարի, հետևի օրենքին, բայց միշտ չէ, որ այդպես է, ու երբեմն կոպիտ պատասխան եմ լսում և չգիտեմ՝ հայերն այդ պարագայում ինչպե՞ս են վարվում: Այստեղ ամեն բան վերջին պահին կարող է փոխվել, ու քանի որ մենք դպրոցական կրթության հետ ամենօրյա առնչություն ունենք, խնդիրներ ևս լինում են, բայց երեխաներս հաճույքով են դպրոց գնում: 

Խնդիրներին վերաբերվում են ինչպես այստեղ ապրող ամեն մարդ. փորձում են լուծել, դիմում են ընկերներին, ընդունում են, որ կան մարտահրավերներ, բայց չեն հրաժարվում Հայաստանում ապրելուց: Սառան հիանում է հայ կանանցով, նրանց ուժով, նրանց նվիրումով:

Կարծում է, որ հայ կնոջը բնորոշող լավագույն բառը զորեղությունն է, պարզապես հաճախ տարբեր առիթներով, դասընթացներով լինելով գյուղերում, մի տեսակ ընկճվում է՝ տեսնելով, թե ինչքան շատ բան են ստիպված զոհաբերել աղջիկները:

Հիշում է, որ մի անգամ Լոռու մարզի գյուղերից մեկում մի աղջիկ պատմեց իր երազանքների մասին, հետո հուսահատ ավելացրեց, որ ամուսնանում է: Ամուսնությունն ու ընտանիքը չպետք է դառնան խոչընդոտներ, պատեր մեր երազանքների համար, ընդհակառակը՝ զույգերից ամեն մեկը պետք է աջակցի մյուսին, քաջալերի, այլապես մեկը միշտ զոհողություն անողի դերում է, ու, ցավոք սրտի, զոհողությունների առյուծի բաժինը կանանց ուսերին է: 

Լոնդոնում արձակուրդի ժամանակ Սառայի երեխաները մորն ասել են, թե սպաս են ուզում ուտել՝ մի բան, որը ինքը չի պատրաստում, դպրոցում են ուտում, ասել են, որ կարոտում են դպրոցը: Սակայն վերջին այցը Բրիտանիա, որ տևեց երկու ամիս, տարբերվում էր մյուսներից, որովհետև երեխաները չէին ուզում բաժանվել տատիկ-պապիկներից, զարմիկներից: Ծնողներն արդեն մեծ են, ու հաճախ է ինքն իրեն հարց տալիս՝ իսկ արդյո՞ք սա իմ տեղն է, արդյո՞ք ես չպետք է լինեմ այնտեղ…

Սառայի բակում կանաչը շատ է, ու ինքը շատ է չարչարվել իր բակին կյանք տալու համար:

Հիմա, երբ կանգնած է տան դռան մուտքի մոտ, ու Վաղինակը մի վերջին լուսանկար է փորձում ստանալ, Սառան կատակում է, թե՝ սպասի՛ր, ժպիտս մի տեղ պահ տամ, բավական է ինչքան ծիծաղեցի:

Տան հողաթափերով, կանաչ ցնցուղը ձեռքին նա ջրում է նռնենին, կանաչեղենը, սալորի ծառը, ու ես մտածում եմ, որ գուցե առավել, քան երբևէ, Սառան իսկապես իր տանն է՝ անվերջ ծայրահեղությունների երկրում:

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am