«ՍԴ հարցի լուծումն ինչ-որ առումով անգին հարց է, շատ ավելի մեծ արժեք ունի, քան 2.7 միլիարդ դրամը»․ Համազասպ Դանիելյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը

– Պարո՛ն Դանիելյան, որոշվել է, որ ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունների դադարեցման նպատակով անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի համար պետական բյուջեից պետք է 2.7 մլրդ դրամ հատկացվի։ Արդյոք արժե՞ր այս գործընթացի համար այդքան գումար ծախսել։ 

– Լավ հարց է, եթե մենք նայենք զուտ ֆինանսական տեսանկյունից։ Բայց եթե մենք նժարին ենք դնում, սա Հայաստանի դատական իշխանության հեղինակության և լեգիտիմության վերականգնման և այդ վերականգնումը ժողովրդավարական ճանապարհով իրականացնելու հարցն է։ Ես չեմ ուզում ամպագոռգոռ հնչի, բայց սա ինչ-որ առումով նաև անգին հարց է կամ շատ ավելի մեծ արժեք ունի, քան 2.7 մլրդ դրամը։

– Ընդդիմադիրներն ասում են, որ այս հարցում իրավական գործընթաց չկա, ամբողջովին հակաիրավական գործընթաց է ծավալվում իշխանությունների կողմից։

– Ես պարզապես համաձայն չեմ այս գնահատականներին։ Մեր հակափաստարկները ներկայացված են։ Այստեղ մի սկզբունքային հարց կա, եթե հարցին կարճ պատասխանեմ, իմ դիրքորոշումը հետևյալն է. իրավունքը մի բան է, օրենքը՝ մեկ այլ բան։ 

Հաճախ մենք գիտենք, որ կան օրենքներ, որ այդ իրավունքները սահմանափակող են։ Մենք առաջին հերթին ունենք սահմանադիր իրավունք, որը ՀՀ ժողովուրդն է, ինքն է որոշում խաղի կանոնները։ Եվ բացի դրանից, ունենք նաև Սահմանադրությամբ ֆիքսված ԱԺ իրավունք՝ պատգամավորների 3/5-ով հանրաքվե նախաձեռնել, և այնտեղ ընթացակարգային բացթողումները երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն, եթե անգամ դրանք կան։

– Հանրաքվեին պետք է 630 հազար մարդ կողմ քվեարկի, որպեսզի այն կայանա, տեսականորեն հնարավո՞ր է, որ այդքան «այո» չգրանցվի։

– Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Ինձ համար շատ կարևոր է, որ լինի նորմալ քարոզարշավ, այնպիսի որակի, ինչպիսին ունեցել ենք 2018 թվականին Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Եվ ինչ-որ առումով ինձ համար կարևոր է, որ մենք հնարավորություն ենք ունենում գնալ և լրացուցիչ անգամ մեր քաղաքացիներին ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը և նաև լսել նրանց կարծիքն ու խնդրել նրանց աջակցությունը։

– Արդյոք իշխանությունն այս հանրաքվեով փորձում է նաև վստահությա՞ն հանրաքվե իրականացնել՝ ստուգելու իր վարկանիշը։

– Ես չեմ կարծում, որ սա վստահության հանրաքվե է այն պարզ պատճառով, որ շատ երկրներում շատ կոնկրետ հարցերով հանրաքվեն, որպես կանոն, ավելի պակաս հետաքրքրություն է առաջացնում, քան համապետական մակարդակի ընտրությունները։ Հետևաբար, ուղիղ կապ դնել այդ երկուսի միջև, կարծում եմ՝ իրատեսական չէ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ մարդիկ թե դրական, թե բացասական առումով դա փորձելու են կապել այդ հարցի հետ, եզրակացություններ անել։ Եվ ես նույնքան վստահ եմ, որ դա լինելու է առնվազն մասամբ ճշմարտությունը նենգափոխելու հաշվին։ Հետևաբար, ես որևէ կապ չեն տեսնում, որովհետև իրականությունը շատ ավելի բարդ ու հետաքրքիր է։ Եթե անգամ մենք 630 հազարի փոխարեն 1 մլն ձայն ստանանք, դա ուղիղ կապ չունի այդ հարցի հետ, այնտեղ այլ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել։

– Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանն ինչո՞վ է խոչընդոտում երկրում զարգացումները, ինչո՞վ է հրատապ ՍԴ նախագահի ու անդամների փոփոխության հարցը։ Կան տեսակետներ, որ այս կառույցի հետ կապված իրականում ոչ մի ճգնաժամ էլ չկա, իշխանություններն են արհեստական բարձրացնում ճգնաժամի հարցը։

– Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է, ճգնաժամը նախևառաջ կապված է վստահության դեֆիցիտի հետ։ Եվ դա չափվում է բազմաթիվ հանգամանքներով, ներառյալ հանրային կարծիքի հարցումները, քաղաքացիների արձագանքը տեղի ունեցող զարգացումներին։ 

Բայց ճգնաժամի մյուս ասպեկտը ոչ թե հանրային վստահությունն է, որն անգնահատելի ռեսուրս է ցանկացած պետության համար, այլ հանգամանք էլ կա։ 

Սահմանադրական դատարանի ձևավորման, անդամների լիազորությունների, ծավալի և ժամկետների իրավականության հարցն է դա։ Բացի դրանից, այստեղ այլ հարց էլ կա։ Սահմանադրական դատարանն անցած ամիսների ընթացքում որոշումներ է կայացրել, որոնք, իմ կարծիքով, նույն սահմանադրականության հետ կապված հարցեր են։ Իշխանության ճյուղերի միջև ոչ միայն անկախություն պետք է լինի, այլ նաև փոխադարձ զսպման ու հավասարակշռման մեխանիզմ պետք է լինի։ 

Սահմանադրական դատարանի պարագայում ո՞րն է այդ հավասարակշռումը։ Միակ խողովակը ԱԺ-ի կողմից կոնկրետ դատավորի հետ կապված գործի քննությունն էր։ Միայն Ազգային ժողովը չէր, որ խնդիր էր տեսնում, կոնկրետ գործ կար։ 

Եվ չորս կետով ԱԺ-ն առաջարկում էր քննել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։ Մարդիկ որոշեցին, որ չեն քննելու զուտ ընթացակարգային պատճառով։ 

Եթե այնտեղ անգամ ընթացակարգային բացթողում կար, այն կառույցը կամ մարդիկ, որոնք վստահ էին իրենց լեգիտիմության մեջ, այդպիսի պատրվակներով չպետք է խուսափեին նման կարևոր հարցի հանրայնացումից։ 

Դա կարող էր նպաստել իրենց իսկ հեղինակության բարձրացմանը։ Երկու դեպքով մենք ունենք օրինակ, երբ ՍԴ-ն խնդիրներ է ստեղծել։ Մյուս դեպքն այն էր, երբ նախորդ տարվա նոյեմբերին ՍԴ որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները նվազեցին՝ կապված դատավորների լիազորությունները կասեցնելու հետ։ 

«Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները հաճախ հարցնում են՝ կարո՞ղ եք ասել՝ քաղաքացու կյանքի ու բարեփոխումների վրա ինչպես է ազդում ՍԴ-ն, ինչպե՞ս է խոչընդոտում զարգացումը։ Իսկ ի՞նչ ավելի էական կապ կա, քան դատական իշխանության առողջացումը, որի հնարավորությունը նվազեցվեց ՍԴ այդ որոշմամբ։ Այսօր մեր քաղաքացիների տեսակետը դատական իշխանության նկատմամբ շատ պարզ է, մարդիկ ամեն օր ամենատարբեր հարցերով գնում են դատարան, իսկ այնտեղ խնդիր կա։