«Որդու դին հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել». Ժիրայր Սեֆիլյան

«Որդու դին հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել». Ժիրայր Սեֆիլյան
«Որդու դին հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել». Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի և «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը իր ցավակցությունն է հայտնել մայիսի 15-ին բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին: 

 «Ֆեյսբուքի» իր անձնական էջում գրառում կատարելով Սեֆիլյանն անդրադարձել է տեղի ունեցածին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած միջադեպին զոհ գնացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներին ու մտերիմներին, իսկ նույն միջադեպի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած նրա ծառայակից ընկերոջը մաղթում եմ շուտափույթ կազդուրում:

Նշված միջադեպը ևս մի վկայություն է, որ բանակը և պետական մյուս կառույցները հիմնված են քրեական բարքերի վրա, վերածվել են երկրի ու ժողովրդի կեղեքման գործիքի և նրանց հիմնական նպատակը ոչ թե իրենց պաշտոնական գործառույթների կատարումն է, այլ վարչախմբի ու նրա օտար տերերի շահերի սպասարկումը:

Միևնույն ժամանակ՝ զոհված զինծառայողի ծնողի կողմից որպես համակարգի դեմ ընդվզման ծայրահեղ միջոց իր որդու դին Հանրապետության Հրապարակ բերելու քայլը վկայում է այն մասին, որ դանակը ոսկորին է հասել: Որդեկորույս ծնողի այս հուսահատ և, միևնույն ժամանակ, սթափեցնող քայլը մեզ ահազանգում է, որ ամեն օրը կոնկրետ մարդկանց կյանքի գին ունի, ուստի պետք է ազգովի կազմակերպվենք և օր առաջ երկրին ազատենք այս օկուպացիայից»:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության, մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել:

Կրակոցի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այսօր բազմաթիվ մարդիկ ուղեկցում էին բանակում սպանված զինվորի թաղման թափորին, որը չնայած խոչընդոտներին փորձում էր ճեղքել օղակը եւ հասնել Երեւան` ՀՀ կառավարության շենքի մոտ:

Երեք օր առաջ Նոյեմբերյանում սպանված Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին  նրա հարազատներն այսօր ի նշան բողոքի ուզում էին տանել ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները:

Սեւան-Երեւան մայրուղին, սակայն, ժամեր շարունակ փակվել էին ոստիկանության եւ ռազմական ոստիկանության տասնյակ մեքենաներով, բազմաթիվ ուժայիններով:

Սակայն, դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը և ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կարողացել են երկար բանակցությունների արդյունքում Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել  վերադառնալ գյուղ և որդու դին հողին հանձնել:

Ինչպես տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ստեփանյանի հայրը, ներողություն հայցելով հավաքված ժողովրդից, խնդրել է,  որ հասկանան իրեն, որ ինքն ստիպված է տեղի տալ հանուն իր որդու, բայց իրենք անպայման շարունակելու են պայքարել:

© Medialab.am