Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը, որով 2027 թվականի հունվարի 1-ից կբարձրանան քաղաքապետի, նրա տեղակալների և մի շարք այլ պաշտոնյաների աշխատավարձերը։
Նախագիծն ընդունվել է ավագանու նիստում՝ չզեկուցվող հարցերի շրջանակում։
«Այս փուլում սահմանվում են աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։ Նման փոփոխություններ են իրականացվում ամբողջ պետական համակարգում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, և Երևանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից»,- հայտարարել է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Ըստ ընդունված նախագծի՝ Երևանի քաղաքապետի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կբարձրանա մինչև 2 միլիոն 80 հազար դրամ։
Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1 միլիոն 20 հազար դրամից կհասնի 1 միլիոն 913 հազարի, իսկ մյուս տեղակալներինը՝ 952 հազարից 1 միլիոն 830 հազար դրամի։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը 850 հազարից կբարձրանա մինչև 1 միլիոն 248 հազար դրամ, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազար դրամի։



















