Տիգրան Ավինյանի աշխատավարձը կարող է դառնալ 2 մլն 80 հազար դրամ, տեղակալներինը՝ մինչև 1 մլն 913 հազար դրամ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամսական աշխատավարձը կարող է բարձրանալ 760 հազար դրամով՝ ներկայիս 1 մլն 320 հազար դրամից հասնելով 2 մլն 80 հազար դրամի։ Քաղաքապետի տեղակալների աշխատավարձերը ևս նախատեսվում է զգալիորեն բարձրացնել՝ որոշ դեպքերում ավելի քան 90 տոկոսով։

Այս փոփոխությունները նախատեսված են Երևանի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագծով⁠։

Ներկայացված հաշվարկների համաձայն՝ աշխատավարձերի փոփոխությունները կարող են լինել հետևյալը.

  • Քաղաքապետ՝ 1 մլն 320 հազարից՝ 2 մլն 80 հազար դրամ։ Աճը՝ 760 հազար դրամ կամ 57,6%։
  • Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1 մլն 20 հազարից՝ 1 մլն 913 հազար 600 դրամ։ Աճը՝ 893 հազար 600 դրամ կամ 87,6%։
  • Քաղաքապետի տեղակալներ՝ 952 հազարից՝ 1 մլն 830 հազար 400 դրամ։ Աճը՝ 878 հազար 400 դրամ կամ 92,3%։
  • Վարչական շրջանների ղեկավարներ՝ 850 հազարից՝ 1 մլն 248 հազար դրամ։ Աճը՝ 398 հազար դրամ կամ 46,8%։
  • Քաղաքապետի խորհրդականներ՝ 629 հազարից՝ 915 հազար 200 դրամ։ Աճը՝ 286 հազար 200 դրամ կամ 45,5%։

Նախագծով առաջարկվում է փոխել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համակարգը՝ այն համապատասխանեցնելով պետական պաշտոնյաների վարձատրության հաշվարկման մեխանիզմին։

«Ըստ մեխանիզմի, հաստիքի պաշտոնային ամսական դրույքաչափը հաշվարկվելու է բազային աշխատավարձի և այդ հաստիքին համապատասխան գործակցի արտադրյալով»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հավելվածով քաղաքապետի համար սահմանվում է 25, առաջին տեղակալի համար՝ 23, մյուս տեղակալների համար՝ 22, իսկ վարչական շրջանների ղեկավարների համար՝ 15 գործակից։

Միաժամանակ, աշխատավարձերի վերջնական չափերը դեռ հաստատված չեն։ Նախագծում նշվում է, որ «բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա Երևան քաղաքի բյուջեի մասին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ»։

Այսպիսով, աշխատավարձերի ներկայացված գումարները հաշվարկային են և կախված կլինեն 2027 թվականի բյուջեով հաստատվող բազային աշխատավարձի չափից։

Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն քաղաքապետին ու նրա տեղակալներին, այլև քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համայնքային ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց։

Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։