Այսօրվա դրությամբ ունենք 3621 հաստատված զոհ և 321 անհետ կորած․ Փաշինյան

ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում զոհերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց։

«Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված, ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ։ Եվ անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ։ Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մասունք կամ մարմին։ Եվ մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Մեր շատ հայրենակցիներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են։ Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին։ Եվ իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրատսակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե այս վիճակագրությունում շատ բան չփոխվի, և դժվար թե փոխվի, հայկական կողմի զոհերի թիվը կլինի 4000 պլյուս-միուս 50։