Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Մնացականյանը խոսել է Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Օգոստոսի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ:

Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձել են Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը և Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերին:

Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Լիբանանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին՝ իրեն պատուհասած ճգնաժամի հաղթահարման և օրհասական իրադրությունից պատվով դուրս գալու գործում։