«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին, նրա հետ հանդիպել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս հանդիպումներից հետո տրվող հաղորդագրություններից պարզ դարձավ, որ ԹՐԻՓՓ+ ձեռնարկությունների հիմնադրամը (TRIPP+ Enterprise Fund) վերանվանվել է Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund): Ի՞նչ է ենթադրում անվան այս փոփոխությունը:
– Առաջին հայացքից այս անվանափոխությունը զուտ տեխնիկական բնույթ է կրում, բայց իրականում բավականին կարևոր տնտեսական, քաղաքական, անգամ ռազմավարական ենթատեքստ ունի:
Տրանսկասպյան տերմինը հստակորեն կապված է կոնկրետ Տրանսկասպյան միջանցքի հետ, այսինքն՝ Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղության հետ, սա էլ իր հերթին նշանակում է, որ հիմնադրամի աշխարհագրական ու ռազմավարական ֆոկուսն ու ամբողջ ծավալը ընդլայնվում են:
Այսինքն՝ եթե օրինակ ԹՐԻՓՓ+-ն ավելի տեխնոլոգիական, ներդրումային ընդհանուր ձևաչափում էր, ապա այս անունը արդեն կապվում է կոնկրետ գեոտնտեսական, ավելի գլոբալ տարածքի հետ:
Այսինքն՝ եթե մենք Միջին միջանցք ենք ասում ու ընկալում ենք Կենտրոնական Ասիայի երկրները, ԹՐԻՓՓ-ը դառնում է դրա մի փոքր մասնիկը, որը տալիս է կոնկրետ կովկասյան հատվածն ու, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հատվածը՝ ապահովելով Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապը:
Հատկանշական է, որ այս անվանափոխությունը տեղի ունեցավ ԹՐԻՓՓ+ հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովի նշանակումից հետո, հետևաբար կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել կառավարման ռազմավարության փոփոխություն: Այսինքն՝ նոր ղեկավարությունը փորձում է կա՛մ զուտ վերաբրենդավորել հիմնադրամը, իսկ դա հաճախ արվում է, երբ կազմակերպությունը ցանկանում է նոր ներդրողներ ներգրավել կամ նոր շուկաներ մտնել, կամ կապվել միջազգային նախագծերի հետ:
Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից այս Տրանսկասպյան անվանումը, ըստ իս, պատահական չէ, որովհետև կապված է Չինաստան-Եվրոպա միջանցքների այլընտրանքների հետ, Ռուսաստանի շրջանում տրանսպորտային ուղիների զարգացման հետ, Կենտրոնական Ասիայի երկրներն ակտիվացնելու հետ, ու այս համատեքստում ստացվում է, որ հիմնադրամի անվանափոխությունը կարող է նշանակել, որ ավելի մեծ ներգրավվածության միջազգային, լոգիստիկ ու ենթակառուցվածքային նախագծեր են ի մի բերվել, ու հիմա այդ կապիտալի հոսքի ուղղորդում պետք է տեղի ունենա այդ միջանցքներ, հետևաբար այստեղ բովանդակությունը, ստացվում է, չի փոխվում:
Այսինքն՝ վերանվանումը իրենից չի ենթադրում առաքելության փոփոխություն, ֆորմալ առաջնահերթությունը կարող է մնալ նույնը, բայց առաջնահերթությունները, նախագծերի ուղղությունները, գործընկերների շրջանակը էականորեն կարող են փոխվել:
Այս անվանափոխությունը պետք է դիտարկենք ոչ թե զուտ ռեբրենդինգ, այլ՝ որպես ռազմավարական վերադասավորում դեպի Տրանսկասպյան տարածաշրջան: Իսկ սա նշանակում է նոր տնտեսական նախագծերի ձևավորում, ներդրումների ուղղությունների փոփոխություն, ավելի մեծ ինտեգրում միջազգային միջանցքներին: Սա երկարաժամկետ գործընթացի ազդանշան է, որն արժի ուշադրության կենտրոնում պահել՝ այս փուլում մանավանդ:
– Հայաստանի համար այդ փոփոխությունն ի՞նչ է նշանակելու:
– Այդ հարցին պատասխանելու համար նախևառաջ պետք է հասկանալ Հայաստանի հնարավոր դերն այդ տրանսկասպյան շղթայում: Որովհետև հիմնական անցումը լինելու է Չինաստան, Կենտրոնական Ասիա, Կասպից ծով, Ադրբեջան, սովորաբար Վրաստան, Եվրոպա, այսինքն՝ խնդիրն այստեղ այն է, թե Հայաստանն այդ շղթայում անմիջապես ներգրավվա՞ծ է, թե՞ չէ:
Այստեղ կա երկու սցենար. առաջին՝ որ Հայաստանը փորձում է ինտեգրվել կամ Հայաստանին պարտադրում են ինտեգրվել, ապա դա կարող է լինել Փաշինյանի ասած Խաղաղության խաչմերուկ նախագծի միջոցով, երբ երկրի տարածքը դառնում է տարանցման այլընտրանք՝ լոգիստիկ միջանցք:
Երկրորդ սցենարի դեպքում՝ երբ Հայաստանին դուրս են թողնում, այսինքն՝ հիմնական հոսքերը գնում են Ադրբեջանով, Հայաստանը մնում է էլի շրջանցված, սա ռիսկային է: Դա նույնն է, ինչ Բաքու-Ջեյհան-Թբիլիսի գազատարի տարբերակը, որից Հայաստանը ժամանակին դուրս մնաց:
Բայց քանի որ Հայաստան են ժամանել այդ մասնագետները, սա նշանակում է, որ Հայաստանը դրան մաս է կազմելու, եթե այդ հիմնադրամը սկսի իսկապես աշխատել, ապա հասկանալի է, որ ավելի լուրջ գումարներ են այստեղ գալու՝ Տրանսկասպյան ուղղության մասով, հետևաբար սա նշանակում է, որ որոշակի դրական հնարավորություններ են ստեղծվելու, որովհետև ներդրումներ էլ են լինելու, նոր բիզնես նախագծեր, միջազգային գործընկերների ներգրավում է լինելու:
Բացասական ռիսկեր են լինելու, եթե Հայաստանը դուրս մնա, որովհետև ներդրումների կենտրոնացումը լինելու է հարևան երկրներում, տվյալ դեպքում՝ Վրաստանում, Ադրբեջանում: Մեզ մնում է հասկանալ՝ Հայաստանն այս խաղի մաս կազմո՞ւմ է, թե՞ դուրս է մնում: Գլխավոր ռիսկը դա է մնում, այսինքն՝ ինստիտուցիոնալ որոշումներն ընդունվում են Հայաստանի մասնակցությա՞մբ, թե՞ առանց: Սա հասկանալու համար մամուլը պետք է այնքան արծարծի այս թեման, այնքան հարցադրումներ անի, որ նրանք էլ անկեղծ գտնվեն ու չակերտներ բացեն այդ մասով:
– Պարո՛ն Կարապետյան, ստացվում է, որ այս անվանափոխությունը նշանակում է նաև դերակատարների թվի ավելացո՞ւմ, որովհետև նախապես խոսվում էր միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ցամաքային ճանապարհի մասին:
– Ադրբեջանի առաջնային նպատակը դա էր, բայց նրանք դեմ չեն, որ դրա արդյունքում նաև Կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջան եկող բեռները Ադրբեջանի տարածքով՝ որպես տարանցիկ գոտի, լոգիստիկ միջանցք տրամադրի, Հայաստանն էլ՝ իր հերթին, որ Նախիջևանով գնան, այսինքն՝ Ադրբեջանն այստեղ շահում է կրկնակի ու ավելի, որովհետև եթե իրենք նախ ապահովում են իրենց կապը Նախիջևանի հետ, ԹՐԻՓՓ-ի մասով Վաշինգտոնի որոշումը հողի վրա տեղի է ունենում, մի հատ էլ՝ Տրանսկասպյան այս միջանցքային տրամաբանության մեջ նա ևս մեկ անգամ շահում է, որովհետև Կենտրոնական Ասիայից Եվրոպա գնացող ամբողջ բեռները, լոգիստիկ միջանցքներն անցնելու են իր տարածքով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















