«Այսօր արդեն կարող ենք ասել, որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չառաջացրեց մեծ կոնսոլիդացիա». Նարինե Դիլբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը

– Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգությունը» խորհրդի նիստ է հրավիրել և դրա արդյունքներով հայտարարություն էր տարածել, որում կարծես չկար արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ՝ հաշվի առնելով այն, որ այսօր և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը այդ հարցի շուրջ փորձում են կոնսենսուս ձևավորել: Ի՞նչ եք ընդհանրապես մտածում արտահերթ ընտրությունների մասով:

– «Ժառանգությունը» մինչև խորհրդի նիստը բազմաթիվ անգամ հայտարարություններ է արել՝ նշելով, որ պատերազմից հետո գնալով խորացող գերճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը, անշուշտ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Բայց մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունը, Հայաստանի պետականության առջև ծառացած են գերկարևոր խնդիրներ, որոնց ուղղությամբ կատարվող աշխատանքները չափազանց կարևոր են: Եթե դուք ուշադրություն եք դարձրել, մենք պահանջել ենք ազգային համաձայնության արհեստավարժների միջանկյալ կառավարության ձևավորում: 

– Դա, կարծես, պահանջում է նաև հրապարակի ընդդիմությունը: 

– Ես կարծում եմ՝ դա ոչ միայն հրապարակում կանգնած քաղաքական ուժերն են պահանջում: Դա պահանջում են բոլոր ողջամիտ մարդիկ և բազմաթիվ քաղաքական ու հանրային դեմքեր: 

Ընդհանրապես, քաղաքագիտության մեջ և տրամաբանությամբ խնդիրները լուծվում են հերթականությամբ, ուստի արտահերթ ընտրությունները այս իրավիճակում «Ժառանգության» օրակարգում հիմնական խնդիր են, բայց հարցերը լիարժեք լուծելու համար անհրաժեշտ է միջանկյալ կառավարություն, որը կկատարի շատ կարևոր շտկումներ: 

Բացի այդ, մեր հայտարարության մեջ բանալի բառը «համաձայնություն» և «արհեստավարժ» բառերն են: Դուք գիտեք, որ շատ քաղաքական ուժեր պահանջում են նոր ընտրություններ, բայց չունեն վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը կանցկացնի անաչառ ընտրություններ:

Բոլոր այն հիմնավորումները, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ և արդար, այս պարագայում հարուցում են տարբեր տարակարծություններ: 

Մեր խնդիրը նաև այն է, որ այդ տարակարծությունները փարատվեն: Մենք ասում ենք՝ պետք է ձևավորել միջանկյալ արհեստավարժների կառավարություն, որը, կարծում եմ՝ կարճ ժամկետում կարող է կազմակերպել մեր պետության համար վճռորոշ այդ արտահերթ ընտրությունները:

– Ձեզ համար խնդիր չէ՞, որ միջանկյալ կառավարությունը ձևավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում:

– Բոլորի համար, այդ թվում՝ «Ժառանգության» համար իշխանափոխության ընդունելի արդյունավետ եղանակը իրավական և սահմանադրական ճանապարհն է, ինչը ենթադրում է արտահերթ ընտրությունների կայացում, բայց արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն:

Բացի այդ, կան պատերազմի հետևանքով առաջացած խիստ հրատապ խնդիրներ, բանակցային խնդիրներ, որոնք կարող է լուծել միջանկյալ արհեստավարժների կառավարությունը: 

– Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում այդպիսի կառավարության ձևավորումը, զուտ գործնական տեսանկյունից:

– Այսօր կառավարությունն ունի օրախնդիր, մեկ ժամ հապաղումը երկիրը կանգնեցնելու է լուրջ խնդիրների առջև:

– Լավ էսպես հարցնեմ՝ այսինքն՝ Փաշինյանը ընդդիմության հետ քննարկումների արդյունքում ձևավորելու է «ազգային համաձայնության միջանկյալ արհեստավարժների կառավարությո՞ւն»: Ո՞վ է դա անելու, ինչպե՞ս է դա արվելու:

– Այսինքն՝ ա. ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվի, որը հիմա իրականում խանգարում է շատ հարցերի լուծմանը:

բ. Վարչապետը կա՛մ ինքն է հրաժարական տալիս, կա՛մ իրեն հայտնում են անվստահություն:

գ. Խորհրդարանն ընտրում է միջանկյալ արհեստավարժների կառավարություն: Իսկ ի՞նչ է նշանակում դա. Այնտեղ պետք է ընդգրկված լինեն մարդիկ, որոնք ոչ թե իրենց պորտֆելները ստացել են գործառելու հինգ տարվա ժամանակահատվածում, այլ, ենթադրենք, չորս ամսվա համար, և նրանք չեն լինելու ինչ-որ կուսակցության ներկայացուցիչներ: 

Այդպիսի կառավարության անդամները լինելու են իրենց ոլորտում հայտնի արհեստավարժներ: 

Այսինքն՝ տեխնոկրատների կառավարություն, որը ժամանակավոր հատվածում կառավարման ծանր բեռը վերցնելու է իր ուսերին, մինչև ժողովրդի կամքով կձևավորվի Ազգային ժողով: 

Իբրև գործունեության սցենար դա հնարավոր է: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մենք մայիս-հունիսին չենք ունենա ընտրություններ: Բայց ամեն կուսակցություն ձևավորում է իր տեսլականը, և անվտանգության տեսանկյունից մենք համոզված ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրադրությունից դուրս գալու համար պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել: 

Այսպես հնարավոր չէ, պետք է ձևավորել հանդարտության բանական մթնոլորտ, որովհետև Հայաստանում, ավաղ, անհանդուրժողականության, ատելությամբ լցված մթնոլորտ է: Քանի որ գործող անձինք չեն հեռանում ու իրենց գործունեությամբ ավելի են սրում իրավիճակը, մենք ստանում ենք խիստ բևեռացված ու Հայաստանի պետական իշխանության վտանգված իրադրություն: 

Այդ իրադրությունը հանգուցալուծելու համար առաջարկվում է ձևավորել միջանկյալ կառավարություն: Հենց բառն էլ հուշում է, որ նրանք հավերժ պաշտոնավարման համար չեն գալու:

– Առաջին հայացքից, ըստ էության, պահանջում եք այն, ինչ պահանջում է «17+»-ը կամ «Հայրենիքի փրկության շարժումը»: Այդ դեպքում ինչո՞ւ «Ժառանգությունը» հեռացավ 17+»-ի շարքերից:

– Բայց իրենք միանգամից առաջարկեցին վարչապետ: Ամենայն հարգանքով առ Վազգեն Մանուկյանի անցյալը և ամբողջ գործունեությունը և հետևելով այսօր ծավալվող քաղաքական իրադարձություններին՝ կարող ենք ասել, որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չառաջացրեց մեծ կոնսոլիդացիա: 

Իսկ մենք առաջարկում ենք այնպիսի գործչի, որը կկարողանա ընդունելի լինել քաղաքական դաշտի մեծամասնության համար՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության, որովհետև ժամանակավոր կառավարության գործառույթը հենց դա է՝ ինքը լինելու է փոխզիջումային: 

Եթե դու միանգամից առաջարկում ես քո թեկնածուին, արդեն դնում ես նախապայման: «Ժառանգությունը» համոզված է, որ նման իրավիճակում ավելի ճիշտ է գնալ փոխզիջումների, բայց փոխզիջումների և՛ իշխանության, և՛ իշխանությունից դուրս գտնվող ուժերի կողմից: 

– Իսկ դուք ունե՞ք թեկնածուներ:

– Մենք հիմա որևէ թեկնածուի խնդիր չենք քննարկում: Երբ այդ սկզբունքը ընտրվի, միշտ էլ հնարավոր է ընտրել, գտնել արհեստավարժ մասնագետի, որը հայտնի արտաքին քաղաքականության ոլորտում, տնտեսության և այլ ոլորտների մեջ: Կեղծ է այդ հարցադրումը՝ եթե իքսը չէ, ապա՝ ո՞վ, եթե Նիկոլ Փաշինյանը չէ, ապա էլ ո՞վ, եթե Քոչարյանը չէ, ապա՝ ո՞վ և այդպես շարունակ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am