Վարդան Օսկանյանի ելույթը ԱԺ-ում. «Իմ աչքը կուշտ է»

Վարդան Օսկանյանի ելույթը ԱԺ-ում. «Իմ աչքը կուշտ է»
Վարդան Օսկանյանի ելույթը ԱԺ-ում. «Իմ աչքը կուշտ է»
Հեղինակ MediaLab

Ներկայացնում ենք ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթը Ազգային ժողովում` դատախազի պատգամավորական անձեռնմխելիությունը զրկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուց հետո:
«Ես ուզում եմ ձեր առջև դրված փաթեթին անդրադառանալ և դատախազի կողմից բարձրացված երկու հարցերին պատասխան տալ: Եթե նկատեցիք, կարմիր թելի նման երկու հարց է անցնում՝ ինչո՞ւ Հանթսմանի փողերը Օսկանյանն իր մոտ է պահել և անմիջապես չի փոխանցել, և երկրորդ՝ արդյո՞ք ես չարաշահել եմ այդ գումարները, իմ անձնական նպատակներով եմ օգտագործել: Դատախազը նույնպես նշեց, որ հիմնադրամը երկու տեսակի գումար է ստացել: Մեկը՝ անմիջապես, մյուսը՝ իմ միջոցով: Հարց չի՞ ծագում ձեզ մոտ․ եթե Հանթսմանները ուզում էին, որ ամբողջ գումարը Սիվիլիթասին գնար, կար այդ պրակտիկան, միանգամից այնտեղ կգնար: Սա Հանթսմանների նպատակն է եղել, որ մի մասը գնա Սիվիլիթասին, մնացած մասը՝ 1,427 միլիոն դոլարը, մնա Օսկանյանի տրամադրության տակ:
Ինչո՞ւ Օսկանյանի մոտ: Այդ մասին հստակ ասվում է Հանթսմանի վերահաստատման նամակում. հիմնադրամի խորհրդի նախագահ Օսկանյանի միջոցով իր հայեցողությամբ, առանց ժամկետների: Ընդ որում՝ այս մասին տեղյակ են եղել խորհրդի ինչպես հին, այնպես էլ նոր անդամները: Նրանք ասում են, որ գիտեն, որ Օսկանյանի մոտ է, այս պահին ստորագրությունները Սիվիլիթասում են: Բացի այդ՝ նրանք ասում են, որ տեղյակ են, թե այսքանը փոխանցվել է, այսքանը մնում է Օսկանյանի հաշվին: Այնպես որ՝ և՛ հիմնադրամի հայտարարությունը, և՛ Հանթսմանի վերահաստաման նամակը «ինչու Օսկանյանի մոտ» հարցը պետք է դուրս հանի: Երկրորդ, եթե ես չարաշահել եմ այդ գումարները: Այսպես, ես բանկից վերցրել եմ տեղեկանք, ըստ որի՝ Հանթսմանի գումարը փոխանցելուց մեկ օր առաջ նույն «ՎՏԲ» բանկում ես և տիկինս՝ Նանի Օսկանյանը, ունեցել ենք 410 հազ. դոլար, 8.3.11-ին Նյու Յորքի JP Morgan բանկից մեր անձնական ընտանեկան միջոցներից փոխանցվել է 40 հազ. դոլար, 9.13.11-ին նույն բանկից փոխանցվել է 9962 դոլար, իսկ 9.30.11-ին 316 972 դոլար է փոխանցվել: Դա եղել է իմ անձնական գումարը, և եթե այդ երեքը գումարեք, ստացվում է մոտ 370 հազ. դոլար, դա էլ գումարեք նախնական 410 հազ. դոլարին, ստացվում է՝ այդ բանկում մենք ունեցել ենք 780 հազ. դոլար:

Ես ինչպե՞ս կարող եմ այդ գումարները ծախսած լինել: Այստեղ են նաև «Պարադիգմա» ընկերության տեղեկանքները, որտեղ դուք կտեսնեք, թե Սիվիլիթասի գործունեության կարիքները ինչպիսի օրինաչափություն ունեն: Այնտեղ հստակ երևում է միջինը 25-30 հազ․, այնուհետ ավելացել է՝ ամսական 40-50 հազ. ծախս է ունեցել: Եթե դուրս է գալիս՝ ինչու ինձ մոտ, և կամ ես չարաշահել եմ այդ գումարները, և այդ կասկածները հանվում են, մնացած մեղադրանքները՝ փոխառություն, թե նվիրատվություն, դրանք ինչ-որ քրեորեն պատժելի խնդիրներ պետք է լինեն, և արդեն արդարադատության նախարարության խնդիրը կլինի: Ասում են՝ այդ նվիրատվությունները Օսկանյանի անունով են արվել։ Եվ ի՞նչ, կարծում եք՝ ես դա արել եմ, որ Սիվիլիթասը մի օր իմ արձանը կանգնեցնի՞ որպես բարերարի, նվիրատուի: Գիտեք՝ չենք էլ մտածել այդ մասին: Եթե մարդը գող չէ, ավազակ չէ, իր օրվա գործունեության մեջ մի տեղ է գնում, իր ամեն մի քայլ չի մտածում թաքցնել: Հիշում եմ՝ աղջիկները, եղել է՝ զանգել են բանկից, հարցրել՝ փոխանցումը ի՞նչ գրենք, ես ասել եմ՝ չգիտեմ, նայե՛ք, մի բան գրե՛ք: Մի քանի հատը փոխառություն են գրել, հետո հաշվապահները ասացին՝ ավելի ճիշտ կլինի նվիրատվություն գրվի, դրանից հետո, եթե նկատում եք, ամբողջությամբ նվիրատվություն է: Երկու փոխառություն է եղել: Սա ինչ որ քրեական գո՞րծ է: Հանթսմանը իմ առաջ ոչ մի խնդիր չի դրել՝ այդ գումարը ինչպես օգտագործել: Ես կարող էի անգամ ավանդ չդնել, կարող էի անգամ ինչ-որ բաժնետոմսեր առնել, բայց ես որոշել եմ խորհրդի հետ խորհրդակցելուց հետո ավանդ դնել, և այդ բոլորը բերել է 129 հազ. դոլար՝ հօգուտ հիմնադրամի:

Պարո՛ն դատախազ, Դուք ասում եք՝ ես այդ գումարները ծախսել եմ իմ անձնական նպատակների համար, ես Ձեզ հակառակը կասեմ: Երբ առաջին 1,2 մլն-ը մենք ավանդ էինք դրել մեկ տարով, 227 հազ. դոլարը ես ազատ էի թողել, քանի որ գիտեի, որ Սիվիլիթասին դա անհրաժեշտ է լինելու: Հենց այդ օրերին մենք ընդլայնվում էինք. մենք Հյուսիսային պողոտա 1 հասցեում 9-րդ հարկում էինք, ընդլայնվեցինք նաև 8-րդ հարկում: Ինտերնետ հեռուստատեսություն էինք սկսում, թերթ էինք սկսում, նոր ծրագրեր էինք անում: Սիվիլիթասը իսկապես փողի կարիք ուներ: 227 հազ. դոլարը ես ազատ եմ թողել, որպեսզի ավանդը չխզենք և գումար չկորցնենք: Կարող եք [Սիվիլիթասի հաշվապահությունը վարող] «Պարադիգմա» ընկերության վճարումներից շատ հստակ տեսնել, որ տարվա վերջին Սիվիլիթասի կարիքները եղել են 227 հազ-ից ավել՝ 90 հազ. դոլարով: Որպեսզի ես այդ ավանդը չկոտրեմ, և գումար չկորցնենք այդ 90 հազ-ը, ես տվել եմ իմ անձնական հաշիվներից: Այստեղ շատ հստակ երևում է, քանի որ ազատ փողը եղել է 227 հազ-ը, իսկ ըստ «Պարադիգմա»-ի տեղեկանքի, մինչև ավանդի օրվա ավարտը ես փոխանցել եմ 227 պլյուս 90 հազ.: Դա եղել է իմ անձնական հաշվից: Ուստի այստեղ որևէ կասկած չի կարող լինել այս փողերի շահարկման, այլ նպատակների օգտագործման: Առավել ևս՝ դուք հիմա նշեցիք, որ Օսկանյանի հաշվեհամարի վրա հիմա կա, արդեն սովորել եմ, որ ես ասեմ՝ 807 հազ. դոլար է, տոկոսներ այնտեղ չեն ավելացել: Բայց ուզում եմ ձեզ ասել. խորհրդակցելով խորհրդի անդամների հետ շաբաթ օրը, հակառակ Հանթսմանի հստակ ցուցումներին, որ ես այդ գումարները կարող եմ պահել՝ ինչքան ուզեմ, մենք որոշում կայացրինք մնացած գումարները փոխանցել Սիվիլիթասի հաշվին: Շաբաթ օրը երեկոյան ժամը 5-ին այդ փոխանցումը կատարվել է, և այս պահի դրությամբ ես Սիվիլիթասին ո՛չ տալիք ունեմ, ո՛չ Սիվիլիթասից առնելիք ունեմ: Եթե դուք հաշվեք դրված գումարը՝ պլյուս փոխանցվածները, հավասար է մայր գումար՝ պլյուս տոկոսներ՝ կոպեկը կոպեկին:

Պարո՛ն դատախազ, փողը կա, բողոքը չկա, այլ հակառա՛կի պնդումը կա: Հանթսմանը ասում է, որ հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել: Սիվիլիթասի խորհուրդն ասում է՝ մենք խնդիր չունենք, էդպես էլ պետք է լիներ. փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ ասեմ ես: Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ փոքր բաժակի մեջ, փոթորիկ է մատնոցի մեջ: Իսկապես ես նստած լսում եմ, մտածում եմ՝ մենք մեր երկրի խնդիրները թողած, այս հարցերո՞վ պիտի զբաղվենք, սրա՞նք են մեր խնդիրները: Տասը տարվա արտգործնախարարին բերում եք այստեղ այսպիսի հարցադրումներ ե՞ք անում:

Հարգելի խորհրդարան,

Մենք կարծես վերադարձել ենք 1937 թվական և գործում ենք ստալինյան սկզբունքով` «մարդ լինի, հոդված կգտնենք»: Այս պարագայում՝ գտել են մարդ, հոդված, բայց չեն գտել փաստը:

Քանի որ այսօր խոսքը փողերի լվացման և յուրացման մասին է, ես մի փոքր կպատմեմ իմ ընտանիքի մասին, որպեսզի առավել պարզ լինի, որ ներկայացված մեղադրանքները չեն կարող որևէ կապ ունենալ իմ անցած ճանապարհի հետ:

Ինչպես գիտեք, ես ծնվել ու մեծացել եմ Հալեպում, 73 թվականին եկել եմ Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու: Իմ պապերն ու ծնողները Մարաշից արտաքսվել են Սիրիա և բնակություն հաստատել Հալեպում: Օսկանյանները չորս սերունդ զբաղվել ու զբաղվում են ոսկերչությամբ և ադամանդագործությամբ՝ սկսած Մարաշից՝ մինչև Հալեպ, հետագայում բիզնեսները ճյուղավորելով Բելգիայում և Միացյալ Նահանգներում: Այս երկու ոլորտներում Օսկանյանները միշտ եղել են առաջատար դիրքերում և, բնականաբար, տասնամյակների ընթացքում մեր մեծ ընտանիքը որոշակի նյութական միջոցներ է կուտակել:

Ահավասիկ, այդ միջոցների առկայությունն էր նաև, որ ինձ թույլ տվեց 1991թ. Միացյալ Նահանգներում թողնել իմ տունն ու գործը և կնոջս ու փոքր երեխաներիս հետ մշտապես տեղափոխվել հայրենիք: Այդ օրվանից Հայաստանում իմ հիմնական ապրուստն ապահովել են իմ ընտանեկան միջոցները:

Հայաստան գալուս առաջին օրվանից մինչև այսօր ես չեմ ունեցել և չեմ ցանկացել ունենալ որևէ բիզնես: Իմ աչքը կուշտ է:

2008թ., երբ թողեցի նախարարի պաշտոնը, մեծ հույս ունեի Հայաստանի ապագայի նկատմամբ և դեռ ունեմ, և մեր ընտանիքից ինձ չափաբաժին հասած միջոցները սկսեցի տեղափոխել Հայաստան:

Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ ներքուստ չեք կասկածում, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում է՝ ուղղված ոչ միայն իմ, այլև ԲՀԿ-ի դեմ, կուսակցության, որը կարող է իրական և ազնիվ այլընտրանք լինել այսօրվա ձախողված իշխանությանը:

Երբ որևէ իշխանություն քաղաքական մրցակցություն չի հանդուրժում, վատ է: Բայց երբ քաղաքական մրցակցություն չի հանդուրժում երկրի ներքին, արտաքին և տնտեսական ոլորտներում խոշոր ձախողումներ արձանագրած իշխանությունը, դա ոչ թե վատ է, այլ կարող է ճակատագրական լինել երկրի համար:

Այսօր, երբ իշխանությունները նույնիսկ պարտք բերելու վստահություն չեն կարողանում վաստակել միջազգային դոնորներից, նրանք ընկել են իմ հանդեպ ցուցաբերած վստահության շնորհիվ Հայաստան եկող նվիրատվությունների հետևից:

Ես Հայաստանից փող չեմ տարել: Ես այս երկիր պարտք ու վարկեր չեմ բերել: Ես ատկատներից չեմ օգտվել: Ես Հայաստան անշահախնդիր դրամական օգնություն եմ բերել ու շարունակում եմ բերել: Ու խոսքը միայն Հանթսմանի նվիրատվության մասին չէ… Բազմաթիվ անուններ կարող եմ նշել, բազմաթիվ մեծ ու փոքր նվիրատուներ, ներդրողներ, գրանտներ:

Հուսամ՝ որևէ մեկին չի թվում, որ հեշտ է վաստակել այնպիսի վստահություն ու հեղինակություն, որ մարդիկ առանց վարանելու պատրաստակամություն հայտնեն քո խնդրանքով աջակցել երկրին կամ քեզ հետ կապված որևէ այլ գործունեության:

Չեմ վարանի պնդել, որ դա երկար տարիների իմ անշահախնդիր աշխատանքի շնորհիվ ձևավորված վարկի ու հեղինակության արդյունքն է: Վստահություն շահում են ազնվության ու ուղղամտության համար: Վստահություն վաստակում են խոստումները կատարելով ու նախկինում ցուցաբերված վստահությունը չչարաշահելով:

Իմ առաջ որևէ նվիրատու նախապայման չի դրել: Նվիրատվություն անողի մոտ կասկած անգամ չի եղել և չէր կարող լինել, որ այդ փողը ծախսվելու է ըստ նպատակի և առավելագույն արդյունավետությամբ:

Այս հանգամանքը ուզում եմ հատկապես շեշտել այսօր, երբ Հայաստանի իշխանությունները այստեղից-այնտեղից վարկ են խնդրում և ստանում են միայն վարկի խոստում, այն էլ՝ ամենախիստ նախապայմաններով:

Ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին պարբերաբար ցուցաբերվող վստահությունը և շարունակվող նվիրատվությունները դրա վառ ապացույցն են: Վստահություն վայելելու համար անհրաժեշտ են բաց հարաբերություններ և ազնիվ գործընկերություն:

Բայց այս իշխանությունները ընդունակ չեն նման հարաբերությունների՝ ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքական ասպարեզում:

Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական հեռանկարները սեփական անվստահելիությամբ և ապաշնորհությամբ մեծագույն վտանգի տակ դրած այս իշխանությունները առավել ծանր տանում են քննադատությունը իրենց հասցեին:

Նրանք ծանր չեն տանում ահագնացող արտագաղթը, նրանք ծանր չեն տանում օրեցօր աղքատացող հայաստանցու հուսահատությունը, նրանք ծանր չեն տանում տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում Հայաստանի օրեցօր թուլացող դիրքերը:

Միակ բանը, որ նրանք ծանր են տանում, այս ամենի մասին քաղաքական մրցակիցների քննադատությունն է: Խնդիրները լուծելու անկարողությունը իշխանությունը փոխարինում է այդ խնդիրների մասին բարձրաձայն խոսացող ընդդիմախոսներին լռեցնելու փորձով:

Այսօր մենք չենք քննարկում միայն Վարդան Օսկանյանի խնդիրը: Այսօր մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին, մրցակցությունից հանելու փորձի խնդիրը:

Հայաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների: Եվ այս գործը ԲՀԿ-ի վրա այդ ընտրություններից առաջ հնարավորինս կոշտ ճնշում բանեցնելու փորձ է:

Այս իշխանությունները քաղաքական ընդդիմախոսների հետ խոսում են պատանդի լեզվով: Նրանք ընդունակ չեն քաղաքական մրցակցության, նույնիսկ ուժեղի` քաղաքական մեծամասնություն ունեցողի դիրքից:

Հայաստանի ապագան այսօր կախված է երկրում ազատ մրցակցության հնարավորությունից, բայց այդ մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունը:

Սա արդեն ո՛չ իմ, ո՛չ ձեր խնդիրն է: Հայաստանը կանգնած է շատ վտանգավոր եզրագծի վրա՝ թե՛ ներքին, թե՛ տնտեսական և թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում:

Եթե երկիրն այս իրավիճակին հասցրած իշխանությունը չունի համարժեք հակակշիռ, երկրի խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլև կխորանան: Խորացնելու տեղ այլևս չկա:

Հայաստանը նման բռնապետություն լինելու ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ աշխարհաքաղաքական ռեսուրս չունի: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածներից և ոչ ոք նման պետության մասին չի երազում:

Եթե տնտեսական ու քաղաքական նման իրավիճակում գտնվող երկրի ներսում հաստատվում է իշխանության լիակատար մոնոպոլիա, եթե հաջողվում է նման բռի մեթոդներով ճնշել ցանկացած հակազդեցություն երկրի ներսում, օրեցօր թուլացող Հայաստանի հանդեպ հնարավոր կդառնա ցանկացած ոտնձգություն:
Սա ոչ միայն իմ կամ ԲՀԿ-ի խնդիրն է: Սա երկրում անվիճելի ձախողումներ արձանագրած իշխանություններին հակակշռելու բոլորիս հնարավորության խնդիրն է: Դա Հայաստանի առանց այդ էլ արդեն վտանգված ապագայի խնդիրն է»:

© Medialab.am