«Ռևանշիստական ուժերը հայ ժողովրդի շահերի հետ առնչություն չունեն. նրանց խնդիրը արտաքին ուժերին սպասարկելն է». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը

– Երեկվանից բողոքի, անհնազանդության ակցիաներ են սկսվել: Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները, ի՞նչի կհանգեցնեն այդ գործողությունները՝ հաշվի առնելով, որ ականատես ենք լինում նաև բախումների ցուցարարների և քաղաքացիների միջև:

– Իմ կարծիքով՝ քաղաքացիական անհնազանդության համար իրական պատճառ չկա: Քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիների խաղաղ պայքարն է կառավարության անօրինական, ապօրինի որոշումների դեմ: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած կապիտուլյացիայի մասին որոշումը անընդունելի է յուրաքանչյուր հայ մարդու համար, որովհետև մեր պետությունը պարտություն կրած կողմն է, և մեզ թելադրել են անարդար պայմաններ:

Մեր անհնազանդությունը պետք է արվի թշնամու դեմ, ոչ թե մեր երկրի ներսում իշխանության դեմ: Այսինքն՝ մարդկանց զգալի մասը պայմաններ չի տեսնում անհնազանդության համար:

Նման իրավիճակում եթե դու անհնազանդություն ես անում ու պահանջում կառավարության հեռացումը, դրանից չի փոխվում կապիտուլյացիայի իրողությունը, որն այսօր առկա: Քաղաքացիների մեծամասնությունը դա հասկանում է: 

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնության համար ակնհայտ է և միանշանակ է, որ ձախողված կառավարությունը պետք է հեռանա:

Արժանապատիվ հեռանալու եղանակը արտահերթ ընտրությունների օր նշանակելն է և մինչև այդ ընկած ժամանակը պայմաններ ստեղծելը ազատ, արդար, ազնիվ ընտրություններ անցկացնելու համար:

Սա է այն, ինչով կարող են այս անկայուն վիճակը կայունացնել: Երբ Նիկոլ Փաշինյանը կասի, թե ինչ պայմաններով է ինքը իշխանությունը հետ վերադարձնելու ժողովրդին, քանի որ ինքը պետք է ժողովրդին հնարավորություն տա նոր իշխանություն ձևավորելու, հանրության մեջ գոյություն ունեցող այս խուճապը և հոգեկան ծանր վիճակը կվերանան: 

Ինչ վերաբերում է ռևանշիստական ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և մյուսներին, բնական է, որ նրանց գործողությունները հայ ժողովրդի շահերի հետ առնչություն չունեն:

Նրանց խնդիրն է սպասարկել արտաքին ուժերին, մասնավորապես, Ռուսաստանի պատվերը և անկայուն իրավիճակ պահպանել:

Եթե ԲՀԿ-ն իսկապես ուզենար արտահերթ ընտրություններ, կարող էր մանդատները վայր դնել «Լուսավոր Հայաստանի» հետ միասին, և Հայաստանում, Սահմանադրության համաձայն, չէր լինի 101 պատգամավոր խորհրդարանում, հետևաբար, ինքնըստինքյան կլինեին արտահերթ ընտրություններ 35-45 օրվա ժամկետում:

Բայց նրանք դա չեն անում, նրանք գնում են ապակայունացման ճանապարհով, որի մեջ կա դիտավորություն:

Մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ թշնամին մեզ հաղթի, իրենց ողջ կյանքի ընթացքում ծառայեցին դրան, այսօր փորձում են իրենց ներկայացնել մեր երկրում որպես հայրենասեր, սկզբունքային և ինչ-որ արժանապատվության համար կռիվ տանող անձեր ու գործիչներ: 

Մենք տեսնում ենք, որ նաև Սերժ Սարգսյանը ներկայացվող մեղադրանքներից մաքրվելու անհաջող փորձ արեց, երբ հրապարակվեց Լուկաշենկոյի հետ մոնտաժված բանավեճի ձայնագրության մի հատվածը:

Դա ընդամենը բացահայտեց, որ փաստորեն արցախյան կարգավորման հարցում եղել են նաև փողային առաջարկներ Ադրբեջանի կողմից, որն ընդամենը ամրապնդեց մեր կասկածները, որ ապրիլյան այդ պայմանավորված պատերազմի ժամանակ նաև կարող էր անձնական շահագրգռություն ունենալ Հայաստանի վերնախավը՝ հանձինս Սերժ Սարգսյանի, Լելե Թեփեն և Թալիշի բարձունքները հանձնելու գործում:

Մենք տեսանք, թե դա ինչ նշանակություն ունեցավ այս պատերազմում: Այդ բոլոր նշված տեղերում Ադրբեջանի զինված ուժերը հաջողեցին և իրենք կարողացան մեր պաշտպանական շրջանները կոտրել և՛ Մատաղիսում, և՛ Ջաբրայիլում:

Այսինքն՝ այդ ուժերի և Սերժ Սարգսյանի նպատակը ես չէի կապի հայ ժողովրդի նպատակի հետ: Այսօր Հայաստանում ոչ ոք չի ուզում, որ քրեական ռեժիմը վերադառնա, որ հարկային տեռորը վերսկսվի: 

– Այսինքն՝ այդ ուժերը հանրային աջակցություն հաստատ չե՞ն ունենա:

– Ես դրա համար օբյեկտիվ պայմաններ չեմ տեսնում: Քաղաքացիական անհնազանդությունը քաղտեխնոլոգիայով հրահրվող իրավիճակ չէ: Դա պետք է ունենա իր օբյեկտիվ պայմանները:

Վերևները չպետք է կարողանան այլևս կառավարել այնպես, ինչպես կառավարում էին, հանրության մեծամասնությունը չպետք է կարողանա ապրել այնպես, ինչպես ապրում էր:

Բազմաթիվ գործոններ պետք է համընկնեն, որպեսզի քաղաքացիական անհնազանդության համար ստեղծվեն պայմաններ: Այսօր այդ պայմանները չկան: Ռևանշիստական ուժերը ընդամենը փորձ են անում շահարկել մեր պարտությունը, շահարկել դավաճանության թեման՝ այդ պարտության հետ կապված և դրա հիման վրա փորձել ինչ-որ բողոքի շարժումը վերածել իշխանափոխության համար ավելի լայն բողոքի ակցիաների, բայց այս իրավիճակում դա կարծես թե քաղաքացիների կողմից ավելի ակտիվ աջակցություն չի ստանում: Համենայնդեպս, այդ գործողությունները այդ տպավորությունը չթողեցին:

– Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու կոչերով են հանդես եկել հոգևոր առաջնորդներ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն: Նախկինում մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, բայց երբևէ չի եղել, որ կաթողիկոսները նման հայտարարություններով հանդես գան: 

– Դա բացահայտում է, որ այդ հոգևոր առաջնորդները քաղաքական կապվածություններ ունեն: Այսինքն՝ մի հոգևոր առաջնորդը կապ ունի ՀՅԴ-ի, մյուսը՝ ՀՀԿ-ի հետ:

Նրանցից ամեն մեկը կատարեց իր քաղաքական թիմից ստացած առաջադրանքը: Սա, իմ կարծիքով, ավելի բացասաբար կազդի եկեղեցու իմիջի վրա, որովհետև մենք տեսել ենք, որ եկեղեցին երբեք չի բողոքել Հայաստանում կոռուպցիայի, խաղաղ ցույցերի նկատմամբ ուժի գործադրման դեմ, ժողովրդավարության դեմ բազմաթիվ հանցագործությունների համար, երբեք ժողովրդի կողքին չի կանգնել ոչ մի դրվագում, երբ պետության ներսում դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում: 

Այո՛, յուրաքանչյուրիս ուզածն է, որ օր առաջ ձախողված կառավարությունը հեռանա, բայց ոչ մեկը չի ուզում տեսնել ռևանշիստների վերադարձը, և ոչ ոք չի ուզում տեսնել Հայաստանում այն վիճակը, որ տիրում էր մինչև 2018-ի ապրիլը:

Եթե եկեղեցու վերնախավն ուզում է, որ այդ վիճակները վերադառնան, դա շատ վատ է: Դա նշանակում է, որ հոգևոր վերնախավը կոռուպցիայի կառավարման մեջ իր համար հետաքրքրություն ունի, իսկ դա եկեղեցուն պատիվ չի բերի:

Մարդիկ այդ հարցերը տալիս են, ասում են՝ դուք երբևիցե քաղաքացիական դիրքորոշում չեք ունեցել, հիմա ո՞նց եղավ, որ հանդես եք գալիս նման հայտարարություններով: 

Իհարկե, այս իրավիճակը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը կամք ու համարձակություն ունենար հայտարարելու, որ իր կառավարությունը հեռանում է, նշեր ժամկետներ և նշեր կոնկրետ գործողությունները, թե ինչ է անելու, որ երկրում անցկացվեն ազատ, արդար, ազնիվ ընտրություններ:

Պարզ է, որ ընտրական հանձնաժողովները պետք է փոխվեն, պարզ է, որ Տիգրան Մուկուչյանը չի կարող ազատ, արդար ընտրությունների իրականացնող լինել Հայաստանում:

Պարզ է, որ գլխավոր դատախազը պետք է հեռանա: Այսինքն՝ բավականին գործեր կան, որ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը, եթե իսկապես հավատարիմ են իրենց կարգախոսներին, որ ծառայում են ժողովրդին, պետք է կատարեն իրենց հեռանալուց առաջ, և ազատ արդար ընտրություններով ժողովուրդը հնարավորություն ունենա ընտրել նոր կառավարություն: 

Մանե Հարությունյան

MediaLab.am