Փաշինյանը հասարակությանը նախապատրաստում է ապագա զիջումների՝ տերմինների գռեհիկ ու անտեղի շահագործմամբ. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի մեսիջները որո՞նք էին:

– Բովանդակային նորություն ինձ համար չկար, վերջին օրերին ինչի մասին ես արձանագրել եմ, այդ գնահատականներս մնում են ուժի մեջ: Նա հասարակությանը փորձում է ադապտացնել, ընդ որում՝ տերմինների գռեհիկ ու անտեղի շահագործմամբ, հնարավոր զիջումներին, որ սպասվում են ապագայում: 

Ասուլիսի հենց սկզբից պարզ էր, որ նա կոմունիկացիաների ապաշրջափակման մասին խոսելիս չէր օգտագործում չորս հայտնի բաղադրիչներից մեկը՝ փոխադարձության սկզբունքը, հետո, երբ ճշտող հարցերին ի պատասխան խոսեց, շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանում այդ ռեժիմը չի գործելու: 

Հետո, ընդհանրապես՝ ի՞նչ կապ ուներ նրա բերած բիզնես նախագծերն այն աշխարհաքաղաքական նախագծի հետ, որին ինքը հակված է ըստ ամենայնի, որովհետև Սյունիքի մարզով անցնող այդ ճանապարհի ռեժիմի պարամետրերը միայն տնտեսական նախագիծ ներկայացնելը, կներեք, կամ մարդը պետք է առհասարակ քաղաքականությունից, դիվանագիտությունից բոբիկ լինի, կա՛մ միտումնավոր հասարակությանը մանիպուլացնելու նպատակով անի, Նիկոլ Փաշինյանի պարագայում երկուսն էլ կարող են մեկտեղվել: 

Այդ նախագիծը ակնհայտորեն փոխում է տարածաշրջանում ուժային բալանսը ու ակնհայտորեն զիջում արվում է միայն ՀՀ-ի կողմից: Երրորդ՝ իր խոսքից ես չհասկացա, որ մյուս կոմունիկացիաներն ապաշրջափակվելու են: Այդ արտապատվիրակումը, որքան հասկացա, լիազորությունների լուրջ օտարում է ինչ-որ կազմակերպության, բայց Հայաստանն այդ ամենով հանդերձ դարձյալ մնալու է շրջափակված, որովհետև պարզ է, որ եթե Ադրբեջանում համարժեք անվտանգային երաշխիքներ չեն ստեղծվելու, որևէ մեկը չի օգտվելու այդ ճանապարհներից: 

Հիմնականը սա է, և ես ճիշտ էի իմ այն պնդման մեջ, որ մենք մոտենում ենք երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ավարտական արարին, որովհետև ի հեճուկս Արարատ Միրզոյանի, որը Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասում էր, թե մենք ԵՄ-ին անդամակցելու օրակարգ չունենք, այսօր Նիկոլ Փաշինյանն արել է ճիշտ հակառակ պնդումը: Այսօր նա առաջին անգամ շատ բաց տեքստով խոսեց ՀԱՊԿ-ից դուրս գալու շատ մեծ հավանականության մասին: Թե ինչպիսի հետևանքներ կունենա այդ փոփոխությունը, կախված է մի շարք հանգամանքներից, համենայնդեպս, այս ասուլիսը հասարակությանը ինչ-որ բանի վարժեցնելու նպատակ ուներ: 

– Ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը հա՞րթ է ընթանալու, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

– Որևէ մեկը պատրաստ չէ մեզ անվտանգության երաշխիքներ տալու, նախ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը բացահայտեց, որ դա ոչ այնքան Վաշինգտոնի պլանն է եղել, որքան որ դա հուշել են իրենց Անկարայից: Այսինքն՝ Վաշինգտոնն այդ պլանի իրականացմանը համաձայնել է, որովհետև դրանով լուծում է ստրատեգիական խնդիր՝ Հարավային Կովկասում, գուցե նաև Կենտրոնական Ասիայում թուլացնելու է Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը: 

Մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարությունն ասում է, որ այդ նախագծի մասին ասելիք չունի, սա նշանակում է, որ ԱՄՆ-ն պետական մակարդակով այս գործընթացում չի ուզում առերևույթ պատասխանատվություն ստանձնել, ինչը նշանակում է, որ այդ ներկայության դիմաց ԱՄՆ-ն մեզ որևէ անվտանգության երաշխիքներ չի տալու, ավելի շատ հուշելով, որ մենք լեզու գտնենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Հետևաբար, եթե դու զրկվում ես թեկուզ անկատար անվտանգային համակարգում լինելու կարգավիճակից, ապա շատ ավելի անպաշտպան ես դառնալու ու կատարելու ես Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պայմաններն ու չգիտես՝ ինչի դիմաց: 

Իսկ ընթացքը կախված է Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումից, որովհետև սա իրենց համար շատ զգայուն հարց է, ու ցանկացած ստանդարտ իրավիճակում նրանք շատ ուժեղ հակազդեցություն ցույց կտային, հիմա էլ չեմ բացառում դա՝ ի դեպ:

Կանխատեսումներ չեմ ուզում անել, բայց գլոբալ գնահատական կտամ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքը մեզ համար լինելու է ընտրությունը վատի ու սարսափելիի միջև: Վատը հենց ռուսական ուժեղ հակազդեցությունն է, ինչի հետևանքով մենք գուբերնիայի վերածվելու հեռանկար ունենք, իսկ սարսափելին Հայաստանի վիլայեթացման վտանգն է: Ու սա ամենևին չարագուշակություն չէ, սրա համար շատ խորագետ կամ դիվանագիտական բարձր գիտելիքներ ունենալ պետք չէ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am