Պեսկովը կեղծում է պատմությունը․ Ռուսաստանը պատերազմներ հաճախ է նախաձեռնել․ FIP.am

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո համացանցում շրջանառվում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե իբր Ռուսաստանը երբեք չի հարձակվել որևէ երկրի վրա։ 

«Թույլ տվեք հիշեցնել, որ իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանը երբեք որևէ մեկի վրա չի հարձակվել։ Ռուսաստանը, որը բազմաթիվ պատերազմների միջով է անցել, Եվրոպայում վերջին երկիրն է, որը անգամ կցանկանա արտաբերել «պատերազմ» բառը»,- ասել էր Պեսկովը։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պատմության որոշ՝ հակառակն ապացուցող դրվագներ։ Ընդ որում, մենք չենք ուսումնասիրել ռուսական պետության ամբողջ պատմությունը՝ խորությամբ, այլ դիտարկել ենք վերջին երկու հարյուր տարիների որոշ դրվագներ։   

20-րդ դար․ Ֆինլանդիա

1939 թվականի նոյեմբերի 30-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից շատ չանցած, ԽՍՀՄ-ը ներխուժեց Ֆինլանդիա։ Սկսվեց խորհրդա-ֆիննական պատերազմը։

Պատերազմը տևեց շուրջ երեք ու կես ամիս և ավարտվեց Մոսկվայի հաշտության պայմանագրով՝ 1940 թվականի մարտի 13-ին։ Պատերազմի մեկնարկից հետո Ազգերի լիգան (այսօրվա ՄԱԿ-ի նախատիպը, որը գործել է 1920-1946 թթ․) մեղադրեց ԽՍՀՄ-ին ագրեսիայի համար և հեռացրեց կազմակերպությունից։

Խորհրդա-լիտվական պատերազմ

Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Խորհրդային Ռուսաստանը սկսեց ծավալվել դեպի արևմուտք։ Լիտվայի սահմաններին ռուսական զորքերը հասան 1918 թվականի դեկտեմբերի վերջին։ Առանց լուրջ դիմադրության վերջիններս գրավեցին մի շարք քաղաքներ: Խորհրդային առաջխաղացումը կասեցվեց միայն փետրվարին՝ լիտվացի և գերմանացի կամավորների կողմից։ Լիտվայի ժամանակավոր մայրաքաղաք Կաունասը ռուսներին գրավել չհաջողվեց։ 1920 թվականին սկսվեցին Լիտվայի և Խորհրդային Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները, որոնք ավարտվեցին Լիտվայի չեզոքության մասին համաձայնագրով, Ռուսաստանը թույլտվություն ստացավ զորքերը տեղափոխել Լիտվայի տարածքով և ճանաչեց երկրի անկախությունը։

19-րդ դար․ ռուս-թուրքական պատերազմ (1877-1878թթ․)

Նոր ժամանակներում և հատկապես 19-րդ դարի ընթացքում եվրոպական տերությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պարբերաբար պատերազմում էին միմյանց հետ՝ տարածքների կամ այլ ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ 

Այդպիսի պատերազմներից էր ռուս-թուրքական հերթական՝ 1877-78 թթ․ պատերազմը, որի նախապայմաններից էին Բալկանյան թերակղզու ուղղափառ ժողովուրդների անկախական ձգտումները, որոնց մեծապես աջակցում էր Ռուսաստանը։ Պատերազմական գործողությունները սկսեցին 1877 թ․ ապրիլի 12-ին, երբ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երկրորդը պատերազմ հայտարարեց Օսմանյան Կայսրությանը։ 

Մեր օրեր

Դմիտրի Պեսկովը խոսել է «Ռուսաստանի ամբողջ պատմության մասին», սակայն անգամ եթե համարենք, որ խոսքը ժամանակակից Ռուսաստանի Դաշնության մասին է, ապա 1991-ից հետո էլ ռուսաստանյան պետությունը նախահարձակ գործողությունների դիմելու առիթ ունեցել է՝ թեկուզ նույն Ուկրաինայի դեմ, երբ 2014-ին՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու վճռական փուլից հետո, սրեց իրավիճակը Ղրիմում և Ուկրաինայի արևելքում և փաստացի ռազմական գործողությունների ճնշման տակ ապահովեց Ղրիմի՝ նախ անջատումն Ուկրաինայից, ապա անեքսիան։ Այս գործողությունների արդյունքում ստեղծված իրողությունը չի ճանաչել ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (բացի Ռուսաստանից)։  

Արդեն 2022-ի փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ այդ երկրի «ապազգայնականացման» և «ապառազմականացման» նպատակով՝ հիմք ընդունելով, մասնավորապես, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետություններից» ստացված դիմումները։ 

Փաստերի ստուգման հարթակ