Ֆիլիպ Ռիքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», – Թվիթերում այս նշանակման մասին գրել է Բլինքենը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ:

Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը:

Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», – նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտը նշում է, որ Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ: